«Մարդու իրավունքների վիճակը քրեակատարողական հիմնարկներում. 2016-ի ամփոփում»
20.01.2017
13:00
Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Մարդու իրավունքների վիճակը քրեակատարողական հիմնարկներում. 2016-ի ամփոփում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դիտորդ, իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դիտորդ Արա Ղարագյոզյանը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի պետ Արսեն Մնացականյանը և ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը:

Քննարկման սկզբում Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց, որ 2016-ի ընթացքում դիտորդական խումբը ունեցել է մոտ 100 այցելություն: Ահազանգերի մոտ 37%-ը բուժսպասարկման հետ կապված խնդիրներին է վերաբերել,  8%-ը հիվանդ դատապարտյալներին, որոնք չեն տեղափոխվել հիվանդանոց, 7%-ը քրեական գործերի ընթացքին, իսկ շուրջ 6%-ը հացադուլ հայտարարողների մոտ խցային պայմանների և վաղաժամկետ ազատման խնդիրներին:

«Որպես ավանդական խնդիրներ մեր քրեակատարողական հիմնարկների հետ կապված պետք է նշեմ, որ նախկին տարիների հետ կապված շատ մեծ փոփոխություններ չեն եղել: Մնում են էլի հիերարխիկ հարաբերությունները միջանձնային հարաբերություններում և չգրված քրեական օրենքների գերիշխումը քրեակատարողական հիմնարկներում դեռ արդիական է: Գերբնակեցման հետ կապված այս տարի կարելի է նշել, որ հիմնականում Նուբարաշենում է, որ գերբնակեցումը դեռևս առկա է և այս պահին նույնպես այդ խնդիրը կա: Իսկ վաղաժամկետ ազատման հետ կապված շատ մեծ խնդիրներ կան»,-ասում է Ռևազյանը:

Նա նշում է, որ վերջին տարիների ընթացքը ցուցյ է տվել, որ ընդամենը դիմում ներկայացրած անձանց 5%-ն է վաղաժամկետ ազատ արձակվել:

«Այստեղ նաև անկախ հանձնաժողովի՝ իրեն վաղուց սպառած լինելու հարցն է դրված, հստակ չափանիշներ չկան մշակված, թե ինչ կարգով անձը պետք է հասկանա ինչ ճանապարհով պետք է գնա, որ վերջնական արդյունքում ազատվի կամ չազատվի: Դրական կարող եմ ասել, որ 2016-ին հայեցակարգ ընդունվեց բուժսպասարկման վերաբերյալ, որով նախատեսում է ընդհանրապես բուժսպասարկման համակարգը փոխել, նման փոփոխությունները ես որպես կանոն հեղափոխական մոտեցում եմ անվանում: Չնայած դա ընդամենը հայեցակարգ է, ընդունվելու դեպքում, եթե այն ճիշտ կիրառվի, ապա շատ մեծ դրական ազդեցություն կունենա ՔԿՀ-երի վրա: Կուզեի ամենամեծ խնդրի մասին խոսել, որն արձանագրվել է 2016-ին, որը ես կարծում եմ մի քանի քայլ հետ է գցում ամբողջ փոփոխությունները: Այն, որ 2016-ին դիտորդական խմբի աշխատանքները սկսեցին խոչընդոտվել, նախկինում երբեք չի եղել խոչընդոտ, որ կալանավորված անձի մոտ դիտորդական խումբը չկարողանար մտնել, բայց այս տարի համատարած կարծես բոլոր ՔԿՀ-ը սկսեցին այդ խոչընդոտները դնել այն գործերում, որտեղ կար քննիչի կողմից դրված արգելանք տեսակցությունների վրա: Խմբի արգելումները, որ սկսեցին քաղաքական հնչեղություն ունեցող գործերին, այդտեղից պարզ էր, որ հատուկ հրահանգ է տրված, որ խմբին չթողնեն այդ անձանց մոտ»,-ասաց Ռևազյանը:

Քննարկման մասնակից Հայկ Քոչինյանն ասաց,որ բուժսպասարկման կազմակերպման խնդիրներն այլևս արդիական չեն, քանի որ հունվարի 19-ին ՀՀ Կառավարությունը ընդունեց բուժսպասարկման և բժշկական հաստատությունների ենթակառուցվածքների ինստիտուցիոնալ բարելավման հայեցակարգը, որը իր մեջ ներառում է ինչպես բոլոր քրեակատարողական հիմնարկների բուժմասերի և բուժսպասարկման տեխնիկական և մասնագետների որակավորման բարձացում, հատուկ լիցենզավորում, այնպես էլ դատապարտյալների հիվանդանոց-քրեակատարողական հիմնարկի հետագա ճակատագրի վերաբերյալ հայեցակարգով ներկայացված մոտեցումները, որոնք Արդարադատության նախարարի կողմից երկու ուղղությունով նախանշվեցին. մեկը ընդհանրապես դատապարտյալների հիվանդանոց-քրեակատարողական հիմնարկը փակելու և ծառայությունները քաղաքացիական հիվանդանոցում մատուցելու և մյուսը՝ ընդամենը վերազինելու, որոշակի խումբ հիվանդությունների համար հիվանդանոցը դրա համար սպասարկող դարձնելու համար:

«Սրանք վերջնական մոտեցումներ չեն, բայց կարևոր է արձանագրել, որ հայեցակարգը ընդունվեց կառավարության կողմից և կհանդիսանա լուրջ խթան հետագա բարեփոխումների համար: Կուզեմ շեշտել, որ 12 քրեակատարողական հիմնարկում 2016-ին ամբուլատոր ընդունելության են դիմել 87.000 անգամ, 1200 դեպքով անձինք տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց, ինչը 500-ով ավելի է, քանի 2015-ին: Մոտ 1200 անգամ իրականացվել է ստացիոնար բուժում, միջամտություն, ինչը 300-ով ավելի է, քան 2015-ին»,-ասաց Քոչինյանը:

Անդրադառնալով՝ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին՝ Քոչինյանը ընդգծեց, որ այս հարցը նույնպես ժամանակավրեպ է. «Որովհետև կա հայեցակարգ մշակված, օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, որը արմատապես փոխելու է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուցիոնալ համակարգը և նախատեսում է միջգերատեսչական հանձնաժողովի նոր կազմ, նախատեսում է լիազորությունների շրջանակի սահմանափակում, նախատեսելու է Արդարադատության հրամանով իրավական չափոփոշիչների ամբողջականություն, որը հնարավորություն կտա իրավական որոշակիություն ապահովել անազատության մեջ պահվող անձանց համար, կանխանշելու նրանց վարքագիծը պայմանական վաղաժամկետ ազատվելու համար»:

Հակադարձելով Ռևազյանի դիտարկմանը գերբեռնվածության հետ կապված՝ Քոչինայնը պնդեց, որ համալիր աշխատանքների արդյունքում այսօր չկա նաև գերբեռնվածության խնդիր:

«Իսկ դիտորդական աշխատանքների խոչընդոտելը, ընդհանրապես, նման կերպ ներկայացնելը ևս և՛ ժամանակավրեպ է, և՛ տեղին չէ: Քրեակատարողական ծառայությունը բազմաթիվ անգամ հանդես է եկել պարզաբանումներով, այդ պարզաբանումներով հանդես է եկել նաև Արդարադատության նախարարությունը, ներկայացվել են այն օրենսդրական հիմքերը, որի պատճառով քրեակատարողական ծառայությունը իրավունք չունի թույլատրելու դիտորդներին տեսակցելու այն անձանց հետ, որոնց տեսակցությունն արգելված է վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: Դիտորդական խումբը իր գործունեության կարգով ունի հստակ ամրագրված իրավական հնարավորություն՝ բողոքարկելու վարչական մարմնի ակտերը և հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ օրենսդրական բացը լրացնելու համար»,-հավելեց Քոչինյանը:

Քննարկման մյուս բանախոս Արա Ղարագյոզյանը նշեց, որ Նուբարաշեն ՔԿՀ կատարած իր այցելությունների ժամանակ անձամբ է տեսել գերբեռնվածության խնդիրը:

«Մի խցում 12 անձ կար և այնտեղ 8 մահճակալ էր դրված: Կալանավորված անձինք մեզ ասացին, որ իրենք հերթով են քնում, եղել են դեպքեր, որ անձինք սեղանի վրա են նույնիսկ քնել: Դա արձանագրված է անգամ մեր խմբի զեկույցում: Դիտորդական խմբի բարձրացրած առաջին խնդրահարույց հարցը մնում է Նուբարաշեն ՔԿՀ-ի առաջին հարկի խցային պայմանները: Մենք 2016-ի դեկտեմբերի վերջին արձանագրեցինք 3-րդ խցի հետ կապված խնդիր, որտեղ խոցելի խմբի ներկայացուցիչներ էին մնում, 9 անձ, որոնց համար 7 մահճակալ էր դրված: Խցում միջատները պատերի վրայից անցել էին սննդամթերքի մեջ և այդ սենյակը այքնան փոքր էր, խոնավ, առանց օդափոխության, որ բոլորովին անմարդկային պայմաններ էին: Մենք բարձրացրել ենք հարցը և Նուբարաշեն ՔԿՀ-ն մեզ խոստացել է, որ աշխատանքներ է տանում այդ առաջին հարկի բոլոր խցերը փակելու համար, սակայն  որևէ  փոփոխություն չենք նկատել»,-ասաց Ղարագյոզյանը:

Նա ընդգծեց, որ ՔԿՀ-ներում հիմնական խոցելի խմբերը թմրանյութ օգտագործողներն են ու նույնասեռականները, որոնք առանձնացված են:

«Նրանք ամենավատ աշխատանքն են անում, և հիմնականում խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքը դրսևրովում է նրանով, որ թե՛ ՔԿՀ աշխատակիցները, թե՛ կալանավորված անձինք ոչ թե օրենքով են ղեկավարվում, այլ չգրված օրենքներով: Ամենավատ աշխատանքները, օրինակ՝ զուգարանների մաքրումը կատարվում է խոցելի խմբերի կողմից, որոնք նվաստացուցիչ ու դաժան վերաբերմունքի են արժանանում, այդ իսկ պատճառով նրանք թե՛ ՔԿՀ աշխատակիցների, թե՛ կալանվորված անձանց կողմից չեն ընդունվում: Նրանց խցային պայմանները առավել վատ պայմաններ են, նրանք են հենց հիմնականում գտնվում այդ առաջին հարկում»,-նշեց Քոչինյանը: 

Հայկ Քոչինյանը արձագանքելով Ղարագյոզյանի բարձրացրած հարցերին՝ պատասխանեց, որ ներկայումս Նուբարաշեն ՔԿՀ-ի առաջին հարկում այլևս չկա որևէ խուց, որտեղ պահվում են դատապարտյալներ:

«Քրեակատարողական ծառայությունը միշտ բաց է եղել քննարկելու կառուցողական առաջարկներ, մենք չենք թաքցրել մեր խնդիրները, մենք միշտ բաց ենք եղել համատեղ քննարկելու և լուծումներ գտնելու»,-հավելեց Քոչինյանը:

Քննարկման մասնակից Արսեն Մնացականյանը անդրադարձավ խոցելի խմբերին վերաբերող խնդիրներին և պարզաբանեց, որ ՔԿՀ-ներում կան տեխնիկատնտեսական աշխատանքներ, որոնց դատապարտյալները ներգրավվում են իրենց ցանկությամբ ու դրա համար իրենք վարձատրվում են:

«Որևիցե մի դատապարտյալ բռնությամբ, ստիպված կամ իր կամքին դեմ երբեք աշխատանքի չի ներգրավվում: Ինչ վերաբերում է նման խավի մարդկանց տեսակցություններ չտրամադրելուն, նման դեպք եթե դուք ունեք, գիտեք, խնդրում եմ կոնկրետ նշեք»,-ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով Քրեակատարողական վարչությունում և ՔԿՀ-ներում իրականացված ծառայողական քննություններին՝ Մնացականյանը ասաց, որ 2016-ին վարչության կողմից իրականացվել է 44 ծառայողական քննություն, որի արդյունքում 43 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի:

«Մենք ունեցել ենք և աշխատանքից հեռացում, և պաշտոնի իջեցում, և խիստ նկատողություններ: 187 ծառայողական քննություն իրականացվել է ՔԿՀ-ներում, 96  ուսումնասիրություն իրականացվել է վարչության կողմից և էլի դրա արդյունքում որոշ ծառայողներ տույժի են ենթարկվել: Եթե կա խախտում, նպատակն է  պարզել ծնող պատճառները, պայմանները և հետագայում դրանից զերծ մնալու համար նախադրյալներ ստեղծել: Իսկ եթե կհայտնաբերվի դեպք, որ իրոք ծառայողները իրենց պարտականություների մեջ թերացել են, համապատասխան գնահատական են ստանում»,-հավելեց Մնացականյանը:

Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակիհետկապվելուհամարգրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ