«Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. իրավապաշտպանների գնահատականը»
18.01.2017
11:00
Այսօր Մեդիա կենտրոնում իրավապաշտպանների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի դատական գործի վերաբերյալ, ով հունվարի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ  Գևորգ Սաֆարյանը մեղադրվում էր 2015-ի դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով մասնակցում էր Մեդիա կենտրոնի քննարկմանը, ասաց, որ նախաքննությունը բավականին խախտումներով է ընթացել: Նախաքննության ընթացքում հարցաքննվել էին մոտավորապես 13 ոստիկան և հավաքի 13-15 մասնակից:

«Քննիչը երբ ուղարկեց դատարան, ինքը դատակոչեց միայն ոստիկան վկաներին: 14-15 վկաներին, ովքեր անմիջական մասնակից էին եղել և որոնց նկատմամբ բռնություն էր գործադրվել, իրենք չէին դատակոչվել: Այստեղից երևաց, որ քննչական մարմինը արդեն հակված է, որպեսզի գործը իր ցանկացած ուղղությամբ տանի: Դատաքննությունը նշանակվեց մի դատավորի, որը փորձված է այսպիսի գործեր վարելու մեջ և մեզ համար արդեն պարզ էր, որ պաշտպանական կողմի համար ոչ նպատահարմար ձևով է ընթանալու դատաքննությունը: Դատաքննության ընթացքում դատարանը անհասկանալի ձևով,  առանց որևէ պատճառի մերժեց պաշտպանական կողմի 7 վկաների հարցաքննությունը»,-ասաց Հայրապետյանը:

Փաստաբանը որակեց դատավարության ամբողջ ընթացքը «ծիծաղելի և անհասկանալի ներկայացում»:

«Մեր կարծիքով դա ներկայացում էր, դատարանը պատվեր կատարեց: Տեսանյութի վերարտադրությունը արձանագրության տեսքով շատ կոպիտ խախտումներով ներկայացվեց դատարան, դատարանն էլ դա՝ ի գիտություն ընդունեց: Ես մտածում էի, որ դատարանը չի գնա ակնհայտ անհեթեթ դատական ակտ կայացնելուն, որովհետև տեսանկարահանված է, այսինքն, որ մի բան տեսանկարահանված է, 100 մարդ նայի այդ դրվագները, հնարավոր չի ասել, որ այդտեղ Գևորգ Սաֆարյանը կարող էր հարվածել, բայց դատարանը գնաց այդ ուղղությամբ: Համենայն դեպս պետք է սպառենք ներպետական ատյանները, որպեսզի գնանք Եվրոպական դատարան»,-հավելեց Հայրապետյանը:

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վարդան Հարությունյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որԳևորգ Սաֆարյանը պայծառ երիտասարդ է, մարդ, որը որ մտահոգ է մեր հասարակության կամ մեր երկրի ապագայով, և երիտասարդ ակտիվիստ է:

«Իշխանությունները նրա և նրա նմանների նկատմամբ կայացնում են ոչ թե դատավճիռներ, այլ վենդետա են իրականացնում, պատժում են մարդուն, որը համակարծիք չէ իրենց հետ: Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, որը Կաֆկան կարող էր նկարագրել իր «Դատավարության» մեջ կամ որևէ մեկը այդ աբսուրդի ժանրում կարող էր նկարագրել: Բայց այդ աբսուրդը մեր կյանքն է, մեր իրականությունն է, մենք ստիպված ենք այդտեղ ապրել, և մեր ամենալուսավոր երիտասարդները ստիպված են լինել բանտերում»,-ասաց Հարությունյանը:

Քննարկման մյուս բանախոս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց, որ սա այն եզակի գործերից է, որտեղ առավել ցայտուն երևում է ամբողջ ցինզիմը և ցինիկ վերաբերմունքը հայ հասարակության նկատմամբ:

«Դա դատավճիռ է՝ ընդդեմ խոսքի ազատության, կարծիքի ազատության: Սաֆարյանը այն ազնվագույն երիտասարդներից է, որի վերջին 4-5 տարվա կենսագրությունը վկայում է, որ ինքը բացարձակապես որևէ  առնչություն չպետք է ունենար իրավապահ համակարգի հետ իր գործողություններով, իր ապրելակերպով, բայց մշտապես իր կարծիքի համար հետապնդվել է: Հիշենք իր նկատմամբ բռնությունը 2013-ի տարվերջին, այնուհետև «100- ամյակն առանց ռեժիմի» շարժման իրադարձությունների ժամանակ, երբ  էլի նրան ձերբակալաեցին: Այս դատավճիռը ուղղված է ոչ միայն  Գևորգ Սաֆարյանի, այլ Գևորգ Սաֆարյան հավաքական կերպարի դեմ: Սա համարում եմ հատուկ թիրախավորված պատժիչ գործողություն Գևորգ Սաֆարյան անձի և այդ վարքագիծը, մտածելակերպը, մոտեցումը ունեցող մարդկանց նկատմամբ»,-ասաց Սաքունցը:

Նա վրդովմունք հայտնեց, որ այս ամենի շուրջ իրենց քննադատությունները չեն հնչեցնում ընդդիմադիր քաղաքական ուժերը:

«Առնվազն այն ուժերը, որոնք քննադատում են իշխանություններին, ներկայանում են որպես այլընտրանք, այս պահին ամենացինիկ գործողության դեմ անհաղորդ են, չեն քննադատում այս երևույթը: Իշխանության անպատժելիությունը պայմանավորած է այդ անպատժելիության նկատմամբ հանդուրժողականությամբ»,-ընդգծեց Սաքունցը:

Քննարկման մյուս բանախոս, «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանի համոզմամբ ոստիկանների գործողություններում կա հանցակազմ, և ըստ նրա, Գևորգ Սաֆարյանը չէր կարող ենթարկվել հետապնդման, այլ հակառակը՝ պետք է վերցվեր պաշտպանության իրավապահ մարմինների կողմից, պետք է պաշտպանվեր նրա արտահայտվելու ազատության իրավունքը:

«Գևորգ Սաֆարյանը խտրականության զոհ է: Նա հետապնդվել է, հալածվել է իր հայացքների համար: Հայաստանում, այս պարագայում, բացակայում է իրավական պաշտպանության միջոցը: Պետք է հենց հիմա գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ասելով, որ չկա իրավական պաշտպանության միջոց, բացառվում է, որ հնարավոր լինի ներպետական ատյաններում վերականգնել Գևորգ Սաֆարյանի իրավունքները»,-ընդգծեց Զեյնալյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը ասաց, որ Հայաստանում շատ են եղել քաղբանտարկյալներ, որոնք ազատման ժամանակ դարձել են շատ ավելի լավ իրավաբաններ, քան նրանց մեղադրող դատախազը:

«Երեկ դրա հերթական ապացույցն էր, կեցցե՛  Գևորգը: Այս դատավարությամբ հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում դատաիրավակա համակարգի ձևական մարմիններ են գործում: Իրականում սա մի մարմին է, որոշումը մի տեղ կատարվում է և նրանք իբր թե անկախ մարմիններ են Հատուկ քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, Դատախազությունը, դատարանները, իրականում սրանք ձևական տարանջատումներ են: Երեկ ինչ-որ դատախազը ներկայացնում էր, ոնց որ ոստիկանությունը խոսեր: Որևէ  տարբերություն չկա, էլ չեմ ասում դատավորի մասին»,-ասաց Իշխանյանը:

Նա որակեց Գևորգ Սաֆարյանին դասական խղճի բանտարկյալ. «Այսինքն մարդ, ով ոչինչ չի արել ու հանկարծ հայտնվում է ճաղերի ետևում և դատարանը որոշում է երկու տարի տալ»:

«Ավելացնեմ միայն Վարդան Հարությունյանի ասածին, որ եթե այն ժամանակ ապացույցների թագուհին ինքնախոստովանություն  էր և հիմա ապացույցների թագուհին ոստիկանության ցուցմունքն է, ես կասեի, որ  հիմա ապացույցների թագուհին իշխանության կամքն է և այդ կամքով դատավարություններ են ընթանում: Սա մեր պետության հերթական խայտառակությունն էր»,-հավելեց Իշխանյանը:

Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակիհետկապվելուհամարգրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ