«Իրավիճակը հայ-ադրբեջանական սահամանին. հակամարտության սրման հնարավորությունները»
30.12.2016
12:00
Դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի զինուժի իրականացրած դիվերսիան ցույց է տալիս, որ պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է: Այս մասին «Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 30-ին «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. հակամարտության սրման հնարավորությունները» թեմայով քննարկմանը հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Դեկտեմբերի 29-ի գիշերը Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հարձակման արդյունքում զոհվեց երեք հայ զինվորական, իսկ ադրբեջանական կողմը, համաձայն ՀՀ ՊՆ տվյալների տվեց մինչեւ 7 զոհ։ Այնուհետեւ, ըստ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, հայկական կողմի պատասխան պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը տվել է եւս չորս զոհ:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը մի քանի գործոնների համադրությամբ կարելի է բացատրել: «Նախ Հայաստանը խայտառակ պարտություն կրեց ՀԱՊԿ-ում, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնում չնշանակվեց ՀՀ թեկնածուն: Պարզվում է Ադրբեջանի ազդեցությունն ավելի ուժեղ է ՀԱՊԿ-ում, թեպետ Բաքուն չի հանդիսանում այդ կառույցի անդամ: Ադրբեջանն իր դաշնակիցների՝ մասնավորապես Բելառուսի միջոցով ապացուցեց, որ կարող է անել այն, ինչ ուզում է եւ այսօր արդեն նրա ոտնձգությունը Հայաստանի դեմ է ուղղված: Սա ցուցադրական ակտ էր, որ ՀԱՊկ-ը չի պաշտպանի Հայաստանին անգամ, եթե ՀՀ-ի վրա տեղի ունենա հարձակում», - ասաց բանախոսը:

Այս համատեքստում Գրիգորյանն անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, որում վերջինս կատարվածը որակել էր սադրանք անդամ պետության տարածում եւ առաջին անգամ գործածել  «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» տերմինը, ասելով, որ այդ հայտարարությամբ պետք չէ բավարարվել: «Չեմ կարծում, որ պետք է բավարարվենք, քանի որ դա ՀԱՊԿ-ի հայտարարությունը չէ, կարեւոր է, որ այդ հայտարարության տակ ստորագրեն բոլոր անդամ պետությունների ղեկավարները: Համոզված չենք, որ Բորդյուժայի հայտարարությունը բոլոր անդամ երկրների կարծիքն է», - ասաց նա։

Քննարկմանը մասնակից լրագրող Թաթուլ Հակոբյանի կարծիքով ՀԱՊԿ-ի պասիվ դիրքորոշումը չէ, որ դրդում է Ադրբեջանին հարձակումներ գործել Հայաստանի սահմանի երկայնքով: «Ուղղակի պատերազմը չի ավարտվել եւ կշարունակվի, քանի դեռ չի կնքվել պայմանագիր: Պետք է հիշել, որ Հայաստանի սահմանին ոտնձգություն Ադրբեջանն արել է դեռեւս կոլեկտիվ անվտանգության պայմանագրի ուժի մեջ եղած ժամանակ էլ, երբ գրավել է Արծվաշենը», - նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում ՀԱՊԿ-ը շատ են կարեւորում, մինչդեռ պարզ չէ, թե ինչու են Երեւանին «տարել այդ կառույց»:

Ստեղծված իրավիճակում, նրա կարծիքով, Հայաստանի համար ամենաճիշտ որոշումը կլինի ուժեղացնել սահմանային վերահսկողությունը եւ փորձել զարկ տալ դիվանագիտությանը: «Շատ ենք խոսում, իհարկե, բայց իսկապես կարեւոր է, որ Հայաստանը նախաձեռնող լինի: Հայաստանը պետք է նոր նախաձեռնությամբ հանդես գա եւ պետք չէ ձեռքերը ծալած նստի», - նշեց բանախոսը:

Քննարկման մյուս մասնակից մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ դեկտեմբերի 29-ի միջադեպից հետո Ադրբեջանում այնպես, ինչպես ապրիլյան պատերազմի առաջին օրը, մոտ յոթ ժամ լռություն էր: «Տեղեկատվությունը տարածվում էր հայկական մամուլով: Այնուհետեւ սկսվեց խառնաշփոթ, ու տարածվեցին իրարամերժ տեղեկություններ առ այն, որ եղել է հայկական կողմից ռմբակոծություն: Շրջանառվեց եւս մի տարբերակ, համաձայն որի հայկական դիվերսիոն խումբը մտել է գյուղ եւ նույնիսկ մի հոգու կարողացել է տանել իր հետ եւ այլն», - նշեց Մարտիրոսյանը:

Նա անդրադարձավ հայկական մամուլում ՀԱՊԿ-ի վերաբերյալ տարածվող քննադատություններին՝ նշելով, որ Հայաստանում ՀԱՊԿ-ից պահանջում են գործողություններ, սակայն հստակեցված պահանջներ չկան: «Հետեւելով մամուլին՝ կարելի է ասել, որ հանրությունը չհստակեցված պահանջներ ունի ՀԱՊԿ-ից: Արդյոք ուզո՞ւմ ենք, որ ՀԱՊԿ-ի զորքը գա այստեղ կանգնի, թե ՀԱՊԿ-ը ռմբակոծի Բաքուն», - հարցադրում հնչեցրեց նա: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ