«Ադրբեջանն այժմ ունի լուրջ ֆինանսատնտեսական խնդիրներ, սակայն «Սոկարը» հետաքրքրություն է ցուցաբերում այս բաժնեմասերի վերաբերյալ: Եթե այս իրավիճակում Բաքուն ձեռք բերի «Վրաստանի նավթի և գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերը, ապա միակ նպատակը լինելու է Հայաստանի վրա ճնշման նոր քաղաքական գործիքի տիրապետելը», - կարծում է Էներգետիկայի հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ հավելելով, որ ֆորս մաժորի դեպքում Հայաստանը կրող է օգտագործել իրանական գազը, որն ի զորու է ամբողջությամբ ապահովել երկրի ներքին պահանջարկը:
«Իրանական գազի տարբերակը հետաքրքիր է և ֆորսմաժորային իրավիճակներում այն լիովին կարող է ապահովել երկիրը գազով: Սակայն այն չի կարող երկարատեւ հեռանակարում «Գազպրոմին» այլընտրանք լինել, քանի որ իրանական գազի գինն ավելի բարձր է», - ասաց Արմեն Մանվելյանը: Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 26-ին «Մեդիա կենտրոն»-ում Արմեն Մանվելյանի, Վրաստանի Զարգացման ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գիա Խուխաշվիլիի (տեսազանգի միջոցով) եւ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի մասնակցությամբ անցկացրեց քննարկում՝ «Վրաստանի «Նավթի և գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի վաճառքից բխող ռիսկերը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար» թեմայով:
Միջոցառման նպատակն էր Հայաստանի և Վրաստանի էներգետիկ և քաղաքական հարցերով փորձագետների մասնակցությամբ քննարկել Վրաստանի կառավարության «Նավթի և գազի կորպորացիա»-ի 25 տոկոս բաժնետոմսերի աճուրդի մտադրության մասին:
Նման գործարքը, ինչպես նշում են որոշ փորձագետներ, կարող է իր անմիջական ազդեցությունը ունենալ Հայաստանի էներգետիկ անվտանգության վրա: Հայաստանի համար սա էներգետիկ անվտանգության տեսանկյունից բավականին զգայուն հարց է, քանի որ վրացական հենց այդ ընկերությունն է հանդիսանում ՌԴ-ից Հայաստան ձգվող «Հյուսիս-Հարավ» գազատարի վրացական հատվածի օպերատորը:
«Նավթի և գազի միջազգային կորպորացիայի» կազմի մեջ է մտնում «Գրուզնեֆտը», վրացական միջազգային նավթային ընկերությունը և վրացական միջազգային գազային կորպորացիան։ Պետությանն է պատկանում «Նավթի և գազի միջազգային կորպորացիայի» 100%-ը։
«Մենք զրուցել ենք մի քանի ներդրումային բանկերի հետ բորսայում «Վրաստանի երկաթուղիներ»-ի և «Նավթի և գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի 25 տոկոսը տեղաբաշխելու հարցի շուրջ: Եթե լինեն համապատասխան շուկայական պայմաններ, մենք կկայացնենք այդ որոշումը։ Այս հարցը պետք է շատ զգույշ և ճիշտ լուծել»,- նշել էր այս հարցի վերաբեյլալ Վրաստանի վարչապետը:
Վրաստանում, սակայն կարծում են, որ առանձնապես կարիք չկա այս հարցով անհանգստանալ, քանի որ ամեն դեպքում Ռուսաստանից Հայաստան ձգվող խողողովակաշարը վրացական իշխանությունների վերահսկողության տակ է գտնվելու: Բացի այդ, ինչպես նշում է Գիա Խուխաշվիլին մեծ է հավանականությունը, որ այդ բաժնետոմսերը կարող է գնել «Գազպրոմը» կամ իրանական կողմը: «Եթե անգամ «Սոկարը» գնի այդ բաժնետոմսերը, միևնույն է, խողովակաշարը լինելու է Վրաստանի վերահսկողության ներքո, և հարցը քաղաքական կամ այլ շահադիտական տեսանկյունից չի կարող օգտագործել», - ասաց քննարկմանը տեսազանգի միջոցով միացած բանախոսը՝ հավելելով, որ Վրաստանը հստակ դիվիդենտներ է ստանում իր տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի արտահանումից, եւ չի ցանկանա դրանցից զրկվել:
Քննարկման մյուս մասնակից Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը նկատեց, որ ինչպես այս, այնպես էլ Վրաստանի տարածքով դեպի ՀՀ գազի տարանցման գնի շուրջ Վրաստան-Ռուսաստան բանակցություններում, Հայաստանը երրորդ կողմ է: «Ուստի Հայաստանն այս գործընթացների վրա ուղղակի ազդեցություն չունի: Պետք չէ մոռանալ նաև, որ Վրաստանն ունի պայմանավորվածություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ առ այն, որպեսզի վերածվի այդ երկրների համար գազային միջանցքի և փոխարենը նրանցից ստանա էլեկտրաէներգիա անհրաժեշտության դեպքում», - նշեց նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ «Վրաստանի նավթի և գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի հնարավոր վաճառքին, ապա Մելիքյանի կարծիքով «անհանգստանալու որևէ պատճառ չկա»։ «Ուղղակի պետք է հասկանալ, որ Վրաստանի կառավարության ծրագրերում է ոչ թե հիմնական գազատարի վաճառք, այլ միայն «Նավթի և գազի կորպորացիայի» 25%-ի վաճառքը, որը կառավարում է հիմնական գազատարը», - ասաց Վրաստանի հարցերով փորձագետը՝ հավելելով, որ ֆինանսա-տնտեսական խնդիրներ ունեցող Վրաստանի համար այս գործարքը նաեւ հնարավորություն կտա գազատարը վերանորոգող ընկերության համար ներդրումներ ներգրավել, ոչ ավելին։
Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր
Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին: