Հայաստան-Վրաստան տարածաշրջանային տնտեսական խնդիրներն ու հեռանկարները
22.12.2016
13:00
Անցնող տարին տնտեսական զարգացման տեսանկյունից Հայաստանի եւ Վրաստանի համար լի էր մարտահրավերներով: Եթե Հայաստանում անցած 11 ամիսների ընթացքում արձանագրվել է միայն 0,6 տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ ներդրումները չեն անցել 100 մլն դոլարը, ապա Վրաստանը բախվել է սեփական արժույթի՝ լարիի արժեզրկման հետեւանքներին:

«Անցած 11 անսվա կտարվածքով ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 0,6%-ի, ինչից պարզ է դառնում, որ տարվա 2016 թ-ի արդյունքում պետական բյուջեում ներդրված 2,3% տնտեսական աճի ցուցանիշն անհնար կլինի արձանագրել: Մյուս կողմից շեշտակի կրճատվել են ներդրումները՝ հաշվետու ժամանակի ընթացքում կազմելով 92 մլն դոլար, ինչը չնչին ցուցանիշ է Հայաստանի համար», - հայտարարեց Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 22-ին, «Մեդիա կենտրոն»-ում Ատոմ Մարգարյանի, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի,  Վրաստան, Policy and Management Consulting Group հետազոտությունների տնօրեն Մայա Գրիգոլիայի (տեսազանգի միջոցով) եւ Վրաստան, Policy and Management Consulting Group-ի տնտեսության ոլորտի հետազոտող Շուշանիկ Սաֆարյանի (տեսազանգի միջոցով) մասնակցությամբ, անցկացվեց քննարկում՝ «Տարածաշրջանային տնտեսական խնդիրներն ու հեռանկարները» թեմայով:

Հայաստանի համար 2016 թ-ն Ատոմ Մարգարյանը որակեց, որպես բաց թողնված հնարավորությունների տարի: «Տարին անբարենպաստ էր տնտեսական ներդրումների առումով: Տեղի է ունեցել 1,4 տոկոս գնանկումը, ինչը խոսուն ցուցանիշ է մակրոտնտեսական պահանջարկի անկման մասին: Իսկ գնանկման պատճառն արտաքին տրանսֆերտներն են, հատկապես Ռուսաստանից: Մոտ 1.3 մլրդ դոլարի արտաքին մասնավոր տրանսֆերտներ են մուտք գործել Հայաստան, ինչը զիջում է անցած տարվա ցուցանիշներին, իսկ դա նշանակում են այլ հավասար պայմաններում ներդրումների պակաս: Անկում է ապրել հատկապես շինարարության ոլորտը, բնակչության գնողունակությունը, աճել է աղքատության մակարդակը: Ուստի այս տեսանկյունից տարին ռիսկային էր մակրոտնտեսական առումով», - ասաց բանախոսը: 

Տնտեսագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը մակրոտնտեսական ցուցանիշների ֆոնին անդրադարձավ նախ ՀՀ ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացներին: Նրա որակմամբ այս տարի ռեկորդային էր Կենտրոնական բանկի տոկոսադրույքի քաղաքականությունը: Անցնող տարում ԿԲ-ը մի քանի անգամ վերանայեց վերաֆինանսավոման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6,25%, սակայն սա չի օգնել ՀՀ-ում սպառման ծավալների աճին: 

«ԿԲ-ն շուրջ 20%-ով բարձրացրեց լոմբարդային տոկոսները՝ սահմանելով այն 8.20% է: Այժմ մենք մոտեցել ենք այն շեմին, որ բանկային համակարգը կարող է ինքնուրույն խնդիրներ լուծել: Տրանսֆերտների անկման հետևանքով պահանջարկը նվազեց, դեռ մի բան էլ սպառողական վարկերից բխած սպառումն էլ նվազեց: Դա նույնպես նպաստել է նրան, որ մարդկանց սպառումը նվազի, ու ունենք գնանկում», - ասաց Խուրշուդյանը՝ հավելելով, որ միայն մեկ ցուցանիշի բարելավում է արձանագրվել: «Սպառման նվազումը հանգեցրել է ներմուծման ծավալների անկման, ինչը նշնակում է, որ մենք ռիսկային գոտուց դուրս ենք, եւ ՀՀ-ում դրամի վրա ճնշումներ չեն սպասվում», - նշեց տնտեսագետը՝ բերելով Վրաստանի օրինակը, որտեղ ներմուծումը չի նվազել եւ արժութային շուկայում լարվածություն է նկատվում: 

Աշոտ Խուրուդյանի հետ համաձայնեց տեսազանգի միջոցով Թբիլիսիից քննարկմանը միացած Policy and Management Consulting Group հետազոտությունների տնօրեն Մայա Գրիգոլիան: Նրա փաստեց, որ այժմ լարիի նկատմամբ արտարժույթի փոխարժեքը մնում է բարձր: «2015-ից ի վեր գրանցվել է համարյա 50 տոկոս սղաճ: Վերջին տասն օրերի ընթացքում գնալով նվազել է լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ`2,8 լարի մեկ դոլարի համար, ինչը ցածր ցուցանիշ է», - ասաց նա՝ տեղեկացնելով, որ Վրաստանի շուկայում բավականին մեծ դեր է խաղում արտարժույթը: 

«Մեր ֆինանսական շուկայի 60% և վարկավորման մեծ մասը կատարվում է դոլարով, ինչը խնդիր է մեզ համար: Վրաստանում ներմուծումների ցուցանիշն աճում է, և մենք կախվածություն ունենք դրանից: Դա լուրջ խնդիր է: 2016-ին Վրաստանում տնտեսական աճը մոտ 3% է, այս պահին` 2,3 տոկոս, ինչն այնքան էլ ցանկալի ցուցանիշ չէ մեզ համար: Քանի դեռ ներմուծման մակարդակը չի կրճատվում, իսկ տնտեսությունը դինամիկ զարգացման տեմպեր չի դերսեւորում, լարիի վրա ճնշումը կարող է պահպանվել», - ասաց նա:

Նույն ճակատագրին, ըստ Ատոմ Մարգարյանի, Հայաստանը կարող է արժանանալ ապագայում, եթե դրական իմաստով չփոխվեն տնտեսական զարգացման ցուցանիշները: «Հայաստանը ներգրավել է բավականին մեծ ծավալով արտաքին պարտք, որի մարման պիկը լինելու է 2020 թ-ը (շուրջ 500 մլն դոլար): Սա նշանակում է, որ այդքան դոլար պետք է ներքին շուկայից վերցվի՝ պարտքի սպասարկման համար, ինչն իր հերթինն նշանակում է լարվածություն եւ դրամի հնարավոր արժեզրկման ռիսկ», - ասաց նա: 

Տնտեսության ոլորտի հետազոտող, Policy and Management Consulting Group-ի ներկայացուցիչ Շուշանիկ Սաֆարյանն անդրադարձավ Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության հարցերին՝ ելնելով երկու երկրների տարբեր ինտեգրացիոն համակարգերում գտնվելու փաստից: Նրա խոսքով, երկու պետությունների տնտեսական համագործակցության հարցում խոչընդոտող է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

«Հայաստանում բավականին զգայուն փոփոխություններ են տեղի ունենում: ԵԱՏՄ ինտեգրումից հետո ՀՀ-ում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան օրենսդրական փոփոխություններ, որոնք կարող են իրականում խոչընդոտ ստեղծել Վրաստանում հայկական ընկերությունների և բիզնեսի ձևավորման եւ զարգացման համար», - ասաց նա՝ կոչ անելով երկու երկրների կառավարություններին մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ