Հայաստանում աճել է ընտանիքներում ֆիզիկական բռնության դեպքերը. մասնագետներ
25.11.2016
11:00
Այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընտանեկան բռնության կանխարգելման խնդիրներով զբաղվող ՀԿ-ները թեժ գծով ստացել են 1574 զանգ, որից 1272-ը եղել են ընտանեկան բռնության զանգեր: Առաջնային բնույթ են կրել 490-ը, այսինքն, երբ կինն առաջին անգամ է բարձրաձայնել խնդիրներ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 25-ին՝ կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրը, տեղի ունեցած քննարկմանը հայտարարեց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Եղիազարյանը:

Բացի Մարինե Եղիազարյանից «2016-ին ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում. ի՞նչ փուլում է Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծը» թեմայով քննարկմանը մասնակցում էին Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հոգեբան Սիրանուշ Դավթյանը, Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գևորգյանը և  «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանը: Նրանք ներկայացրեցին 2016-ին ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում:

ՀԿ-ների թեժ գիծ ստացված զանգերից, նշում է Մարինե Եղիազարյանը, 224-ը եղել են հոգեբանական բնույթի բռնության վերաբեյալ, 259-ը ֆիզիկական բռնության, իսկ յոթը՝ սեռական բնույթի: «Այսինքն՝ հոգեբանական բռնության զանգերը՝ 48% է, ֆիզիկական բռնությանը՝ 50%, իսկ սեռական բնույթի զանգերը 2%», - ասաց նա:

Նախորդ տարվա համեմատ, ըստ բանախոսի, իրենց տվյալներով աճել են ֆիզիկական բռնության դեպքերը: Պատկերն այլ է ՀՀ մարզերում: «Մենք նաև ունենք յոթ մարզերում ճգնաժամային կենտրոններ, որտեղ եղել են 2125 զանգ, որից 1816-ը եղել են ընտանեկան բռնության զանգեր, այնտեղ ևս ֆիզիկական բռնությունն աճել է: 2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնության զոհ են դարձել 35 կին», - հայտնեց Մարինե Եղիազարյանը և հավելեց, որ գնալով կանայք ավելի շատ են հայտնում բռնության դեպքերի մասին, քանի որ բարձրացել է կանանց իրավական գիտակցությունը:

Միայն այս տարի, նշեց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Լիդա Մինասյանը, 7 սպանության դեպք է գրանցվել: Այս ցուցանիշի մեջ մտնում են նաեւ նախկին ամուսնու, փեսայի կողմից կատարած սպանությունները:

«Երեկ իմացանք եւս մեկ դեպք կնոջ սպանության: Սրանք արդյունք են հասարակության անտարբերության եւ այն ինստիտուտների անտարբերության, որոնք պատշաճ չեն գործում: Մասնավորապես, խոսքը ոստիկանության մասին է», - ասաց Լիդա ՄԻնասյանը՝ միեւնույն ժամանակ որպես կանխարգելիչ մեխանիզմ կարեւորելով Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունումը Հայաստանում, ինչը բխում է նաեւ երկրի մջազգային պարտավորություներից: 

Արդարադատության նախարարությունից թեպետ «Մեդիա կենտրոնին» տեղեկացրել էին, որ օրենքի նախագիծը մշակման փուլում է, սակայն քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին այս պատասխանը չի բավարարում: «Խնդիրն այն է, որ ժամանակին մենք արդեն իսկ մշակել եւ ներկայացրել են օրենքի նախագիծ: Մենք ունենք կուտակած փորձ այս ոլորտում, սակայն Արդարադատության նախարարությունից տարբեր պատրվակներով չեն ցանականում օրենքի մշակման գործընացում ընդգրկել ոլորտի խնդիրներով մշտապես զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներին», - նշեց Լիդա Մինասյանը: 

Մյուս կողմից բավականին խնդրահարույց է ընտանեկան բռնության դեմ պայքարում իրավապահների գործելաոճը: «Կանայք, երբ բազմիցս ենթարկվել են բռնության, խոշտանգումների, դիմել են ոստիկանություն, ոստիկանությունը կամ ասել է՝ խնդիրը ինքներդ լուծեք, կամ ամոթանք է տվել, որն ավելի վատ է: Մեր պետությունն իր պարտականությունը չի կատարում՝ կանանց պաշտպանելու ընտանեկան բռնություններից», - ասաց նա:

«Երբ կինը տանը տարիներ շարունակ բռնության է ենթարկվում՝ մենթալիտետից, հասարակական կարծիքից ելնելով ոչ մի քայլ չի ձեռնարկում, երբ որոշում է գնալ ոստիկանություն, ոստիկանությունը պարտավոր է ելք, գործիք տալու: Ունենք դեպք, երբ ոստիկանը կնոջը ասել է՝ թույն խմի, մեռի», - հավելեց Մարինե Եղիազարյանը: Ըստ նրա, պետք չէ կնոջը զրկել ելքից: Մարինե Եղիազարյանը պատմեց, որ ոստիկանների ներկայությամբ ամուսինը հարձակվել է կնոջ վրա, ոտքերով հարվածել. «Նման դեպքերն անթույլատրելի են»:

Ընտանեկան բռնության դեպքերով հիմնականում, ըստ Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գևորգյանի, զբաղվում են ՀԿ-ները և պետական որևէ աջակցություն բռնության ենթարկված կնոջը գոյություն չունի, թեև կա սոցիալական աջակցման մասին օրենքը: «Թեպետ ոստիկանությունը բավականին վերապատրաստված է և գիտելիք, ընկալում ունի, բայց պետական մակարդակով բարձր պաշտոնյաների մոտ կա կարծրատիպային մտածողություն», - ասաց նա: Նրա խոսքով, 2015 թվականին ոստիկանության պաշտոնական տվյալներով ընտանեկան բռնության 784 ահազանգ է եղել:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ