Ի՞նչ փուլում է «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը. խտրականության դրսևորումները Հայաստանում
16.11.2016
12:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկում՝ «Ի՞նչ փուլում է Խտրականության դեմ օրենքի նախագիծը. խտրականության դրսևորումները Հայաստանում» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համակարգող, իրավաբան Անահիտ Չիլինգարյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի համակարգող, իրավապաշտպան Անահիտ ՍիմոնյանըԲաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Քաղաքացիական հասարակության ծրագրի համակարգող Հայկ Աբրահամյանը և «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը:

«Խտրականության դեմ պայքարի համար միայն օրենքի ընդունումը բավարար չէ, քանի որ օրենքը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է: Շատ կարևոր է հասկանալը, որ օրենք ընդունելը միակ գործառույթը չէ, այն միակ հնարավոր աշխատանքի տեսակը չէ, որի ուղղությամբ իմաստ կա աշխատելու, քանի որ խտրականությունը ոչ միայն պետությամբ է պայմանավորված, այլ ամեն տեսակի սուբյեկտներով»,-ասում է Իզաբելլա Սարգսյանը:

Օրենքը մշակվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից և հանձնվել է Արդարադատության նախարարությանը 2016-ի մայիսին: Հանդիպումներ եղել են ոչ միայն Արդարադատության նախարարության հետ, այլև շահագրգիռ կողմերի հետ:

«Այստեղ կան տարբեր շահերի բախումներ: Խնդրահարույց կետերից մեկն այն է, որ այս օրենքի մեջ կարող է հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի մասին ինչ-որ կետ լինել: Ինչու՞ է խնդրահարույց, որովհետև չի կարելի խտրականությունն արգելող օրենքի մեջ դնել խտրական եզր: Պետությունը պետք է ունենա բոլորին հավասար իրավունքներ տվող մի փաստաթուղթ»,-հավելեց Սարգսյանը:

Նարե Հովհաննիսյանն ասում է, որ օրենքի խնդրահարույց արդյունքներից մեկը կլինի այն, որ հասարակությունը կունենա այն թյուր կարծիքը, որ այս օրենքը ընդունվում է, որպեսզի նույնասեռական մարդիկ ունենան գերիշխող դիրք հասարակության մեջ:

«Մարդիկ քննադատաբար են խոսում այս օրենքի մասին ու ասում են, որ այս օրենքն ընդունելուց հետո Հայաստանում կշատանա նույնասեռականությունը:  Սակայն պետք է հասկանալ, որ այս օրենքն ընդունվելու է, որպեսզի նույնասեռական անձինք ունենան հավասար իրավունքներ ու հնարավորություններ և կարողանան օգտվել Իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնցից օգտվում են հասարակության մնացած անձինք: Այս օրենքը ստեղծվում է ոչ թե ինչ-որ մի խմբին գերիշխող դիրք տալու համար, այլ հասարակության մեջ հավասարություն ստեղծելու նպատակով»,-հավելում է Հովհաննիսյանը: 

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համակարգող, իրավաբան Անահիտ Չիլինգարյանն ասում է, որՍահմանադրության մեջ կա օրենք, որով խտրականությունն արգելվում է որևէ հիմքով, ընդ որում հիմքերի ցանկը բաց է, բայց որևէ օրենսդրական կարգավորում չկա:

«Օրենսդրությամբ չկա սահմանված, թե ինչ է խտրականությունը և որոնք են դրա տեսակները, ինչը լուրջ խոչընդոտներ է առաջացնում իրավաբանների, փաստաբանների համար քաղաքացիների իրավունքները դատարանում պաշտպանելու հարցում: Իհարկե, կա կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասարության մասին օրենք, որով նաև արգելվում է խտրականությունը, բայց պետք է նշել, որ այս օրենքը ներկա պահին գրեթե չգործող օրենք է և պրակտիկայում այն չի կիրառվում: Իսկ խտրականության դեպքի ապացուցման համար անհրաժեշտ են միջոցներ, և կա ապացուցման համար որոշակի շեմ, որն ընդունված է եվրոպական և միջազգային ատյանների կողմից: Մեզ մոտ այդ ապացուցման շեմը շատ բարձր է: Անձի համար չափազանց դժվար է լինելու ապացուցելը, որ իր նկատմամբ խտրականություն է կիրառվել, որովհետև ապացուցման ամբողջ բեռն ընկնում է անձի վրա: Իսկ եվրոպական չափանիշների համաձայն՝ ապացուցման բեռը չի ընկնում անձի վրա, ընդհակառակը, նա պետք է ցույց տա, որ տեղի է ունեցել խտրականության նման դեպք, իսկ մյուս՝ ենթադրյալ խտրականություն կիրառող կողմը պարտավոր է ապացուցել, որ չի կիրառել խտրականություն, և նրա գործողությունները չեն բխել խտրականությունից»,-ասում է Չիլինգարյանը: 

Անահիտ Սիմոնյանը կարծիք հայտնեց, որՀայաստանում խտրականության բոլոր ձևերն էլ տարածված են:

«Հարցն այն է, թե ինչքանով են անձինք կամ խմբեր գիտակցում, որ սա խտրականության դրսևորում է: Դա գալիս է իրազեկվածության ցածր մակարդակից և նաև նրանից, թե ինչպես է պետությունը կատարում իր պարտականությունները իրազեկման բարձրացման և նմանատիպ ոլորտներում: Յուրաքանչյուրիս նկատմամբ տարածված է խտրականությունը և պետք է հասկանալ, որ շատերի համար դա վերածվում է բազմակի հիմքերով խտրականության: Կանանց նկատմամբ խտրականությունը շատ խորքային վերաբերմունքային և համակարգային առումով առկա իրողություն է Հայաստանում: Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքն առ այսօր ոչ մի պրակտիկ կիրառման չի ենթարկվել, որը ևս գալիս է մեխանիզմների բացակայությունից: Խտրականության ակնառու ապացույցներից մեկն ընտանեկան բռնությունն է, որը հսկայական խնդիր է Հայաստանում: Սեռով պայմանավորված հղիության կասեցման խնդրով Հայաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո: Պետք է հասկանալ, որ խտրականությունը վերաբերմունքից մինչև նորմ , նորմից մինչև գործողություն ընկած շատ խորքային ու համապարփակ երևույթ է»,-ընդգծում է Սիմոնյանը:

Նա հավելում է, որ օրենքը պարտադիր է և շատ կարևոր, սակայն օրենքը չի կարող լինել միակ բավարարող երաշխիքը: 

Հայկ Աբրահամյանն ասում է , որ օրենքի առաջնային նշանակությունը լինելու է այն, որ օրենքը տալու խտրականության սահմանումը:

«Իրավական դաշտի առաջնային բացն այն է, որ մենք արգելում ենք խտրականությունը Սահմանադրությամբ, բայց չենք նշում, թե ինչ է խտրականությունը: Հետագա քաղաքականությունը պետք է լինի այն, որ օրենքը տա խտրականության սահմանումը, որն առաջին հերթին ցույց կտա պետության պատրաստակամությունը և այն, որ պետությունն ընդունում է նման խնդրի գոյությունը: Պետության քաղաքական կամքի առկայության լավագույն ցուցանիշը կարող է լինել այն, որ օրենքում հիմքերը թվարկելիս նշվի սեռական կողմնորոշումը: Տեխնիկապես խնդիր չկա այդ փաստը նշել կամ չնշելու, քանի որ օրենքը տալիս է ձևակերպում: Սակայն եթե այդ փաստը նշվի, այն ցույց կտա պետության պատրաստակամությունը,որ այն պայքարելու է խտրականության ցանկացած տիպի դրսևորման դեմ և պաշտպանելու է ցանկացած խոցելի խմբի: Պետք է ֆիքսել, որ օրենքը ոչ մի խմբի  հավելյալ իրավունք չի սահմանում: Օրենքը տալու է մեխանիզմներ՝ չգործող իրավական նորմը արդյունավետ կիրառելու համար»,-հավելեց Աբրահամյանը:

Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ