«Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի խնդրահարույց դրույթները
01.11.2016
12:00
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի սահմանում բավարար չափով պատասխանատվություն կուսակցությունների համար. այս մասին նոյեմբերի 1-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին քաղաքագետ Ստեփան Դանիելյանը և Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

««Կուսակցությունների» մասին օրենքի նկատմամբ չկա այդ նույն աշխուժությունը, ինչ որ կար «Ընտրական օրենսգրքում» կատարվող փոփոխությունների ժամանակ, մինչդեռ «Կուսակցությունների մասին» օրենքն ավելի կարևոր է, քան «Ընտրական օրենսգիրքը»: Մտածում ենք՝ ինչպես է ընտրական գործընթացը տեղի ունենում, բայց չենք մտածում, թե ում ենք ընտրելու»,-ասաց Ստեփան Դանիելյանը:

Նա բերեց այլ երկրների օրինակը՝ մատնանշելով որ այլ երկրներում լուրջ չափանիշներ կան, թե ովքեր կարող են լինել կուսակցականներ, ովքեր ոչ:

«Շատ երկրների Սահմանադրության մեջ գրված է, որ կուսակցությունները պետք է լինեն բաց ու թափանցիկ, ապահովեն ժողովրդավարություն: Իսկ Հայաստանում կան կուսակցություններ, որոնց համագումարներն անցնում են փակ, կան կուսակցություններ, որտեղ երդվում են զենքի վրա, այսինքն` եթե այդ կուսակցությանը դավաճանես, կարող են ընդհուպ սպանել: Կամ կան կուսակցություններ, որտեղ անդամը դուրս գալու իրավունք չունի, այլ նրան միայն կարող են հեռացնել: Այս և մի քանի այլ երևույթներ հաշվի առնելով` պետք է ֆիքսել` եթե օրենքում փոփոխություններ չարվեն, նոր ընտրությունների գնալն ուղղակի անիմաստ է»,- ասաց Դանիելյանը:
Նա ընդգծեց, որ հայաստանյան կուսակցական կյանքում որոշումները կայացնում է մեկ հոգի` Սերժ Սարգսյանը, որն այսօր ոչ միայն ՀՀԿ-ի, այլև շատ այլ ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներն է կազմում:

«Օրինակ` Ռուսաստանում կուսակցությունների լուծարման հարցը շատ խիստ է դրված. եթե քաղաքական ուժն օրենքով սահմանված ժամկետներում որևէ ընտրության չի մասնակցում, ենթակա է լուծարման: Հայաստանում թեև նման դրույթ կա, սակայն մեծ մասամբ չի գործում: Մեր պարագայում կարելի էր գրել, որ այն կուսակցությունները, որոնք ընտրակաշառքներ և ընտրակեղծիքներ են թույլ տալիս, պետք է աներկբա կերպով լուծարվեն: Կամ, ասենք, հաշվի առնվեն դատվածությունները, իսկ մեր խորհրդարանի կեսը նախկինում դատվածություն ունի: Այս է պատճառը, որ Հայաստանում կուսակցությունների մասին օրենքն առավել լիբերալ է, քան եվրոպական ցանկացած երկրում: Պատահական չէ, որ խորդարանում մարդիկ են, ովքեր կարող են ձայներ գնել, ինչպես խորհրդային տարիներին վաուչերներ էին գնվում»,-նշեց Դանիելյանը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը ասում է, որ եթե ՀՀ-ում գոյություն չունեն ազատ ընտրություններ, կուսակցությունների գոյությունն անհասկանալի է:

«Կուսակցական կյանքը կապված է ազատ ընտրությունների հետ։ Եթե ազատ ընտրություններ չկան, ուրեմն դրանց գոյությունը կասկածելի է։ Եթե այս երկրում բոլոր կուսակցություններն ընդունում են, որ գոյություն չունեն ազատ ընտրություններ, ապա այդ կուսակցությունների գործառույթները որո՞նք են: Նույն օրը պետք է լուծարվեն: Բայց սնկի պես ամեն տարի կուսակցություններն ավելանում են: 70-90 կնիք գոյություն ունի, հիմնականում դրանք մարդ-կուսակցություններ են, և 20 տարի կարող է այդ անձն իրեն ներկայացնել որպես կուսակցության ղեկավար: Ինչո՞ւ է այս ամենը տասնամյակներով գործում: Թող մի լավ մարդ գտնվի գա ու երկիրը ղեկավարի»,-ասաց Սարգսյանը:

Նա ասում է, որ օրենքի նախագծում որևէ պահանջ չկա, թե ինչ ուղղվածություն և ինչ շերտեր է ներկայացնում այդ կուսակցությունը:

«Կրոնական ուղղվածության հետ կապված դրույթն էլ է հանվել: Կարծում եմ՝ պարզ է, թե ինչու է հանվել: Բայց ինչո՞ւ են այդպես մարդիկ ստանում սահմանադրական իրավունք ընտրվելու և զբաղեցնելու պաշտոններ պետական կառավարման համակարգում, կառավարելու այս երկիրը: ՀՀԿ-ի պես կուսակցությունն իրավունք չունի գոյություն ունենալու: Եթե հանրությունը կարողանա նրան ու մյուս կուսակցություններին օրենք պարտադրել, նրանք ուղղակի իրենց տները գնան: Նորաստեղծ կուսակցություններն էլ իրենց առաջ խնդիր չեն դնում ձևավորել ներկուսակցության ժողովրդավարություն: Նա հիշեցրեց, որ արդեն 1992-ից սկսած ՀՀ-ում կուսակցությունները բարձրացրել են իշխանափոխության հարցը: 25 տարի է անցել, բայց նորաստեղծ կուսակցությունները նույնն են ասում: Գաղափարական մի թեմա է ստեղծվել, որից դուրս ցանկացած զրույց անընդունելի բան է դարձել: Հարցնում ես՝ ո՞րն է քո ծրագիրը, ասում են՝ ուրեմն Դուք Բաղրամյան 26-ից եք: Տեսեք՝ուր ենք հասել»,-ասաց Սարգսյանը:

Նա համեմատության համար նշեց, որ եթե եվրոպական երկրներում կան սահմանափակումներ կուսակցության անդամների հետ կապված, համաձայն որոնց՝ պետք է անձն ունենա անբասիր կենսագրություն, իսկ մեր երկրում նման բան չկա. կուսակցությունների անդամների մի մասը դատապարտված են տարբեր քրեական հոդվածներով:

«Պատահական չէ, որ այս օրենքն էլ ավելի լիբերալ է, քանի որ խնդիր է դրված ունենալ կուսակցականներ, որոնք ոչ թե անբասիր են, այլ կառավարելի, ունենալ կուսակցություններ, որոնց հետ ավելի հեշտ լինի կատարել մանիպուլյացիաներ: Այս օրենքով կարելի է բանդա ստեղծել, լիբերալիզմն ուրիշ արժեք է»,-հավելեց Սարգսյանը:

Նրա համոզմամբ հարցերի հարցն այն է, թե ինչու են Հայաստանում կեղծվում ընտրությունները: Բայց պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ ոչ մի Ընտրական օրենսգիրք ի զորու չէ խոչընդոտել այդ գործընթացը:

«Ընտրությունների կեղծում պետք է թույլ չտան մարդիկ, բայց ոչ թե 25, այլ 125 տարում էլ չենք հասնի դրան, եթե չլինի հասարակական գիտակցությունը»,- հավելեց քաղաքագետը:

Նա հավելեց, որ գոյություն ունեն կուսակցություններ, որոնք բացահայտ կերպով խաբում են ժողովրդին` իրենց անհրաժեշտ դիվիդենտներ շահելու համար: Իսկ քրեական պատասխանատվության դրանցից ոչ մեկի առաջնորդը չի ենթարկվում:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
Գործող խորհրդարանը չի ներկայացնում հանրության կամարտահայտությունը
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տարբերականներն ու մեխանիզմենրը» թեմայով հանրային քննարկամն ընթացքում բանախոսները խոսեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության ու գործող խորհրդարանը ցրելու տարբերակաների մասին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ