Կառավարության ծրագիրը եւ տնտեսական մարտահրավերները. դեկլատատիվ դրույթնե՞ր, թե՞ կոնկրետ քայլեր. քննարկում
25.10.2016
12:00
Հայաստանի կառավարության ծրագրիը, վերջերս ընդունված հարկային օրենսգիրքը, ընդհանուր վարչարարությունն ու տնտեսության իրական պահանջները չեն համապատասխանում իրար: Տնտեսությունը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ, հստակ քայլեր, կառավարությունն այն որոշակիորեն ամրագում է իր ծրագրում, սակայն կադրային փոփոխություններն ու պլանային հարկային քաղաքականությունն այդ խնդրի լուծմանը չեն նպաստում: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հոկտեմբերի 25-ին կայացած քննարկմանը հայտարարեց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

Հայաստանում, նշում է տնտեսագետը, կառավարման համակարգի ընդհանուր մոտիվացիան այլ է, տնտեսության պահանջներն՝ այլ: «Մեր կառավարման համակարգում դրանք իրար չեն համապատասխանում: Կա վստահության մեծ պակաս ու պլանային հարկահավաքության սկզբունքն է կիրառվում, որից պետք է հրաժարվել», - հայտարարեց փորձագետը՝ հավելելով, որ Հայաստանի տնտեսական ու հարկային քաղաքականությունների մեջ հակասություններ կա: «Նոր հարկային օրենսգրքին ընդունվեց, որտեղ դրված է որքան հնարավոր է այս պայմաններում հարկ հավաքելու ու բյուջեն կատարելու սկզբունքը: Կարծում եմ, որ եթե հարկային օրենսգիրքն այսօրվա ուղերձներով եւ այսօրվա կառավարության ծրագրին համահունչ մշակվեր, ապա այն այլ կլիներ, որովհետև ես տեսնում եմ հակասություններ ուղերձների մեջ», - ասաց նա:

«Մեդիա կենտրոոնում» Աշոտ Խուրշուդյանի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» ղեկավար Հակոբ Ավագյանի եւ տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի մասնակցությամբ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Կառավարության ծրագիրը եւ ՀՀ տնտեսության մարտահրավերները. դեկլատատիվ դրույթնե՞ր, թե՞ կոնկրետ քայլեր» թեմայով քննարկում: 

Հակոբ Ավագյանն իր խոսքում կարեւորեց հատկապես ինստիտուտների հիմնումը, որպեսզի հստակ աշխատեն նույն կոռուպցիայի մակարդակի նվազմանն ուղղված մեխանիզմները: Նա այս կերպ անդրադարձավ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի վերջերս մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցին, որտեղ նա հայտարարել էր, թե այսուհետ ցանկացած ոք կարող է անխոչընդոտ ապրանք ներկրել Հայաստան: Խոչընդոտներ հարուցելու դեպքում նա հորդորել էր անձամբ զանգել իրեն: «Չեմ ուզում տեսնել վարչապետ, որը բիզնես-օմբուդսմենի դերակատարում է ստանձնում: Վերջապես պետք է կարողանանք ստեղծել ինստիտուտ որպես այդպիսին, այլ ոչ թե ունենանք անձնավորված վարչապետ, որն ավելի հասանելի է հեռախոսին», - ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» ղեկավար Հակոբ Ավագյանը:

Կառավարության ծրագրում, նշում է բանախոսը, ընդգրկված է կետ առ այն, որ 2017 թ.-ին կառավարությունը կփորձի վերլուծություն անել եւ 2018-ին ներդնել, այնպիսի մեխանիզմներ, որոնք կաջակցեն փոքր ու միջին բիզնեսին: «Սա խոսում է այն մասին, որ այդպես էլ չենք կարողացել ապահովել հանձնում-ընդունումը նախորդ կառավարությանը: Այդ վերլուծություններն արդեն իսկ արվել են, դրանք կան, ուղղակի պետք է կիրառել: Մասնավորապես այդ հարցի շուրջ Եվրոպական բանկի փորձագետների բազմաթիվ վերլուծություններ կան», - հիշեցրեց Հակոբ Ավագյանը:

Կառավարության փոփոխությունից հետո նա ակնկալում է նոր ծրագրով կադրային փոփոխություններ հատկապես մաքսային ոլորտում: «Համակարգում աշխատող մաքսավորը սովոր էր այն կանոններով աշխատելուն եւ չի կարող ապրել ցածր աշխատավարձով», - ասաց նա:

Կառավարության ծրագիրը դրական լույսի ներքո գնահատեց քննարկման մյուս մասնակից Թաթուլ Մանասերյանը: Սկզբից նա անդրադարձավ ծրագրի մշակման գործընթացին եւ դրական գնահատեց այն, որ փաստաթղթի մշակման եւ ներկայացման փուլում նոր մշակույթ է ձեւավորվել, քանի որ քաղաքացիական հասարակության մասնագիտացված շերտին մասնակից են դարձնում ինչպես մշակմանը, այնպես էլ որոշումների կայացմանը: Թեպետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը գործելու է մինչեւ 2017 թ.-ի առաջին կեսին սպասվող խորհրդարանական ընտրությունները, իսկ դրանց մնացել է 6 ամիս, նա վստահություն հայտնեց, որ այդ ժամկետում հնարավոր է ծրագիրը կյանքի կոչել:

Նա դրական համարեց նաեւ այն, որ կառավարության ծրագրում առաջին անգամ խոսվեց տնտեսության «դիագնոստիկայի մասին» եւ կատարվեցին ծախսերի խնայողություններ: «Եթե հստակ դիագնոստիկա չի արվում, եթե հաշվառում տեղի չի ունենում, ցանկացած ծրագիր առոչինչ է: Մյուս կողմից խնդիրներից լրջագույնը պորտաբույծների բանակից հրաժարվելն է: Դա վերաբերում է և կադրերին, և այն մարդկանց, ովքեր ցմահ դիտորդ են: Նրանք միայն կարող են քննադատել ու ոչինչ չանել», - ասաց Մանասերյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ