Իշխանություններն ընտրություններին փորձելու են լռեցնել դիտորդներին. իրավապաշտպաններ
20.10.2016
12:00
Ազգային ժողովում հոկտեմբերի 20-ին Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում կատարված փոփոխությունների ընդունումը, որտեղ մասնավորապես տեղ է գտել «սուտ մատնության մասին» դրույթը, քաղաքական նպատակներ է հետապնդում եւ ուղղված է ընտրությունների ժամանակ դիտորդների ու լրատվամիջոցների ազատ գործունեության դեմ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հոկտեմբերի 20-ին կայացած քննարկմանը հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Խորհրդարանական ուժերի իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունները (բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության) եկել են կոմպրոմիսի ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հարապարակման շուրջ: Այնուամենայնիվ կառավարությունն օրենսդրական փոփոխությունների փաթեթում եւս մեկ դրույթ է ավելացրել, համաձայն որի ուրիշի փոխարեն քվեարկության վերաբերյալ հայտարարություն տվող քաղաքացին կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե այն չհամապատասխանի իրականությանը: Միեւնույն ժամանակ ըստ փոփոխությունների, ընտրողների ցուցակների հրապարակումից հետո քաղաքացին կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքի մասին հայտարարություն է տալիս և ընտրական հանձնաժողովը 48 ժամվա ընթացքում ընտրակեղծարարությունը հերքող ապացույցներ չի ներկայացնում, ապա այդ հայտարարությունը հավաստիության կանխավարկածով համարվում է ճիշտ:

Մյուս կողմից, եթե դիմումատուի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը եւ դիտավորյալ են տրամադրվել սուտ տվյալներ, նախատեսվում է 2 տարի ազատազրկում, իսկ եթե քաղաքացին անզգուշությամբ է սուտ հայտարարություն ներկայացրել, նախատեսվում է դրամական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 800-ապատիկի չափով:

Ըստ Իշխանյանի, համաձայնելով հարապարակել քվեարկած քաղաքացիների ցուցակները՝ իշխանություններն այնպիսի օրենսդրական մեխանիզմ են ստեղծել, որպեսզի մարդիկ ուղղակի չբողոքեն: «Սրանով իշխանություններն ակնկալում են, որ հաջորդ ընտրություններում բողոքները շատ ավելի քիչ կլինեն, որովհետև մարդիկ չեն բողոքի՝ վախենալով հետագայում քրեական պատասխանատվությունից։ Անհասկանալի է, այս կե՞րպ են ցանկանում իշխանությունները բարձրացնել ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը», - հարցադրում կատարեց Իշխանյանը՝ հավելելով, որ եթե «սուտ մատնության» դրույքով գործ հարուցեն, ապա այն դիտարկելու են որպես քաղաքական հետապնդում: «Դրանով մեր բերաններն են փակելու, որպեսզի մենք չխոսենք խախտումների մասին»,- ասաց իրավապաշտպանը՝ գնահատելով այն որպես քողարկված ահաբեկում է հատկապես դիտորդական խմբերի նկատմամբ։

Միեւնույն ժամանակ օրենսդրական փոփոխություններով, ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումից բացի, առաջարկվում է Հայաստանի բոլոր 2 հազար ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ, ուղիղ հեռարձակել քվեարկության ամբողջ գործընթացը ու հաշվարկը: 

Քննարկման մասնակից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ իշխանական եւ ոչ  իշխանական ուժերն օրենսդրական փոփոխությունների շուրջ համաձայնությունն ամբողջությամբ ուղղված է դիտորդների դեմ: «Ես այստեղ տեսնում եմ միտում, որ այս օրենսդրական փոփոխությունների ամբողջ տրամադրությունն ուղղված է դիտորդական առաքելության նկատմամբ ճնշումների մեծացմանը՝ սահմանափակման միջոցով», - ասաց նա՝ հավելելով, որ լինում են դեպքեր, երբ քաղաքացին պարզում է, որ իր փոխարեն քվեարկել են, սակայն քննության արդյունքում հայտնի է դառնում, որ անձը պարզապես շփոթվել է եւ բողոքը հետ են վերցնում: «Եթե քաղաքացին բողոքը հետ է վերցնում ես՝ հաղորդում տված անձս, այդ դեպքում սուտ մատնության համար ենթարկվում եմ ենթադրենք քրեական պատասխանատվության», - ասաց նա:

Միեւնույն ժամանակ իրավապաշտպանները չբացառեցին, որ այս օրենսդրական փոփոխությունների շուրջ իշխանական ու ոչ իշխանական ուժերի համաձայնության հետեւում քաղաքական առեւտուրն է թաքնված: «Ամբողջ բազարը գնում է ապագա Ազգային ժողովում տեղեր փախցնելու շուրջը: Այդ համատեքստում եմ ես տեսնում նաև այս օրենքի ընդունումը: Եթե Ազգային ժողովում լիներ քառասուն տոկոսանոց սկզբունքային ընդդիմություն, ոչ միայն այս հոդվածը չէր ընդունվի, այլև իշխանությունը չէր էլ համարձակվի այս հոդվածը բերել՝ թեկուզ ունենար մեծամասնություն», - հայտարարեց Ավետիք Իշխանյանը:

Երկու բանախոսներն էլ, ում ղեկավարած կազմակերպություններն ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնում, հայտարարեցին, որ եթե անգամ այս օրենսդրական դրույթը չվերացվի, կշարունակեն ահազանգեր ներկայացնել ընտրակեղծիքների վերաբերյալ։

Ավելի վաղ այս դրույթի դեմ հայտարարությամբ էին հանդես եկել իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպությունները:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ