Ռուսական փողերի լվացում Հայաստանում. նոր բացահայտումներ
10.10.2016
13:00
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը և ռուս գործարարները Հայաստանում փողերի լվացման մի մեծ գործընթաց են իրականացրել, որը վրիպել է իրավապահ մարմինների ուշադրությունից. այս մասին հոկտեմբերի 10-ին Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեցին և մանրամասներ ներկայացրեցին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը:

Մարինա Պողոսյանը ասում է, որ իրենց կազմակերպություն էր դիմել ռուս գործարար Ալեքսեյ Կորիպանովը՝ ասելով, որ տարիներ ի վեր՝ 2005 թվականից, ինքը եւ իր գործընկերները գործունեություն են ծավալել Հայաստանում՝ բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով, որի արդյունքում նախկին դատախազ Օսիպովի որդին՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանը, տիրացել է իրենց 5 միլիոն դոլար ներդրումներին:

«Փորձեցինք օգնել ռուս գործարարներին՝ ի սկզբանե մտածելով, որ ներդրողները դարձել են խարդախության եւ խաբեության զոհ: 2015 թվականի սեպտեմբերի 15-ին մեր հաղորդման հիման վրա, ինչպես նաեւ իրենց դիմումի հիման վրա հարուցվեց քրեական գործ խարդախության փաստի առթիվ, որն առ այսօր քննվում է»,- ասաց նա և հավելեց, որ քննչական մարմինները առ այսօր որեւէ գործողություն դեռ չեն կատարել:

Սակայն ինչպես հետագայում պարզում է Վելես կազմակերպությունը 2005 թվականի հուլիսի 22-ին Ալեքսեյ Կարիպանովը եւ նախկին դատախազ Օսիպովի կինը՝ Լյուբով Փիլոյանը հիմնում են «Անսուր ինվեստ» կազմակերպությունը, որպեսզի զբաղվեն շինարարական աշխատանքներով:

«2006-2007 թվականներին հողակտորներ են գնում, որպեսզի շինարարական աշխատանքներ կատարվեն տվյալ հողակտորներում, եւ այստեղ էլ սկսվում են շատ հետաքրքիր գործարքներ: 2006 թվականի մարտից մինչեւ 2006 թվականի նոյեմբերի վերջը, այսինքն՝ 5 ամսվա մեջ, Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել մոտավորապես 1 միլիոն 620 հազար դոլար, որից 1 միլիոն 345 դոլարը փոխանցումով, 275 հազարը՝ կանխիկ: Եթե ռուս գործարարները նպատակ ունեին հողակտորներ գնել, որոնց վրա շինարարություն պետք է անեին, ապա կար գրանցված «Անսուր ինվեստ» կազմակերպությունը, եւ եթե օտարերկրյա ներդրողներին չի կարելի ձեռք բերել հողեր, քանի որ դա հակասում է մեր Սահմանադրությանը եւ հողային օրենսգրքին, վերջիններս կարող էին այդ հողակտորները ձեռք բերել կազմակերպության միջոցով»,-ընդգծեց Պողոսյանը:

Նա նշում է, որ իրենց մոտ կասկած է առաջացել, քանի որ բոլոր գործարքները միջնորդավորված են կատարվել: Մարինա Պողոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ փոխանցման նպատակը նշված է եղել համակարգչային պարագաներ գնելը, չնայած փոխանցումը կատարած անձը՝ Դմիտրի Կոտովը, մինչ այսօր պնդում է, որ փոխանցել է հողակտորներ գնելու նպատակով:

«Գումարը կանխիկացվում է եւ փոխանցվում է Լյուբով Փիլոյանին, վերջինս իր որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ սկսում է գնել հողակտորներ: Հողակտորները ձեռք են բերվել շատ ավելի էժան, քան վաճառվել են ռուս գործարարներին: Արդյունքում՝ բոլոր հողակտորները Վիկտոր Տեր-Հովսեփյանի սեփականությունն են դարձել»,-ասում է Պողոսյանը:

Բացի այդ նյութերի նախապատրաստման փուլում իրավապաշտպանի նկատմամբ հետապնդումներ են սկսվել, մասնավորապես՝ վերջինիս նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ինչ-որ բնակարանի խարդախությամբ վաճառքի համար:

«Ռուս 3 գործարարները՝ Ալեքսեյ Կորիպանովը, Դմիտրի Կոտովը եւ Դմիտրի Աֆոնինը, տուժողներ են ճանաչվել խարդախության փաստի առթիվ, բայց քանի որ քննչական մարմինները անգործություն են ցուցաբերել, մենք խորանալով հասկացել ենք, որ բացի խարդախությունից, այստեղ կան նաեւ այլ հանցագործությունների հատկանիշներ պարունակող գործարքներ՝ հողերի օտարում օտարերկրյա քաղաքացիներին, փողեր լվացում»,- ասաց նա: 
Արթուր Սաքունցը նշում է, որ հարյուրավոր թղթեր կան, որոնք ապացուցում են, որ նշված գործում ներգրավված է նախկին դատախազ Սուրեն Օսիպովի ընտանիքը:

«ԱԱԾ-ն բոլոր բանկերում ունի ներկայացուցիչներ: Դուք գիտեք, թե որքան դժվար է մեծ գումարներ կանխիկացնելը: Բայց այս մարդիկ հազարավոր դոլարներ են կանխիկացրել եւ հատկանշական է՝ ռուս-ադրբեջանական՝ VTB բանկի միջոցով, և դա ԱԱԾ աշխատակիցները չե՞ն տեսել: Մենք ունենք նաև Կենտրոնական բանկ ու դրան կից ֆինանսական դիտարկումների կենտրոն, որը փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարով պետք է զբաղվի: Որտե՞ղ են եղել դրանք այս գործարքների ժամանակ: Նաև Հարկային մարմինն է թերի գործել, կադաստրը, որովհետև այդ հողերը պատահական հողեր չեն՝ Կասկադի տարածքի հողերն են: Դրանք , փաստորեն, օտարերկրյա քաղաքացիների են օտարվել, ինչը հակասում է մեր Սահմանադրությանը, իսկ կադաստրը լռել է»,- նշեց Սաքունցը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ