Անդրադառնալով կառավարության փոփոխություններին և նորանշանակ վարչապետին՝ Ավետիք Իշխանյանն ասաց, որ Կարեն Կարապետյանը բավականին համակրելի մարդ է թվում:
«Բայց Հայաստանում ընդհանրապես իրավիճակը փոխելու համար պետք է ինչ-որ նպատակ ունեցող էնտուզիաստների թիմ, նվիրյալների թիմ, որոնք կգնան ինքազոհողությունների անգամ: Արդյո՞ք Կարեն Կարապետյանը այդ անձնավորությունն է, արդյո՞ք նա այդ տեսլականը ունի: Մենք գոնե պետք է լսած լինեինք նրա մտահոգությունների ու տեսլականի մասին, թե ինչպես կարող են իրավիճակը փոխել: Միգուցե նա լավ տեխնոլոգ է, բայց դա բավարար չէ այդ թռիչքը ունենալու համար: Արդյոք Կարեն Կարապետյանը ազա՞տ է իր որոշումների կայացման մեջ, արդյոք նրան տրվա՞ծ է այդ քարտ բլանշը, արդյոք նա ունի՞ իր այդ համախոհները և արդյոք նա այդ համախոհներով կառուցեց այդ թիմը: Կամ արդյոք նա ունի հենարան Ազգային ժողովում, որ ձգտում ունի ինչ որ բան փոխելու: Սրանք հարցեր են, որոնք բաց են մնում»,-ասաց Իշխանյանը:
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն ասում է, որ Հայաստանի տնտեսության առջև կանգնած բոլոր խնդիրները ունեն քաղաքական պատճառներ. շրջափակում, մենաշնորհներ, կոռուպցիա և այլն:
«Քաղաքական խնդիրները կարող է լուծել միայն քաղաքական թիմը: Նոր կառավարությունում տեխնոկրատներ, լավ մենջերներներ են, բայց քաղաքական թիմ չէ, իսկ ոչ քաղաքական թիմը չի կարող լուծել քաղաքական խնդիրներ: Կարեն Կարապետյանը լավ շոումեն է, բայց դրանից տնտեսությունը ավել չի զարգանա: Եթե խնդիրները քաղաքական են, հետևաբար քաղաքական թիմը պետք է փոխվի, իսկ նրանք իրենց շոուներով հասարակությանը շեղում են»,-ասում է Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում տնտեսական վիճակը կբարելավի միայն այն դեպքում, երբ հասարակությունը կհասկանա, որ պետք են քաղաքական փոփոխություններ, իսկ այս կառավարությունը «հասարակությանը հույսեր է տալիս և երկարաձգում է այդ գործընթացը»:
«Մենք այս պրոցեսը ուշացնում ենք նոր կառավարության շոուների պատճառով: Սա քաղաքական թիմ չէ, սա տարբեր շահեր ունեցող մարդկանց խմբավորում է: Կարեն Կարապտեյանը Հովիկ Աբրահմայնաի համեմատ ավելի լավ է պատրաստված, ավելի գիտակ մարդ է, ավել բարեկիրթ ու լավ կվարի նիստերը, բայց եթե երկրի քաղաքական ուղղվածությունը մնում է նույնը , հակադրվում ենք Արևմուտքին, ապա ոչինչ չի փոխվի: Կարեն Կարապետյանի նշանակումը Արևմուտքի կողմից լավ չընդունվեց և ընկալվեց, որպես Ռուսաստանի կողմից ճնշում, վերահսկողություն Հայաստանի վրա: Կարեն Կարապետյանը ընկալվեց որպես Ռուսաստանի կողմից բերված մարդ, որ Հայաստանում վիճակը վերցնի իր ձեռքը»,-ընդգծեց Բաղդասարյանը:
Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ նոր կառավարության ձևավորման սկզբունքը նման է բաց բաժնետիրական ընկերության ղեկավար մարմնի տնօրենների խորհրդի ձևավորման սկզբունքին և ով մեծ բաժնետոմսեր ունի, նա էլ նշանակում է:
«Հայաստանի բաժնետոմսերի մեծ մասն ունի Ռուսաստանը, նա էլ նշանակում է տնօրենների խորհրդի նախագահին՝ վարչապետին և արտգործանախարարին, որովհետև Ռուսատանը թույլ չէր տալու արտաքին քաղաքականությունն ինքնուրույն լինի: Դրա համար նա ներկայացրեց իր տնօրենին, իսկ վարչապետն էլ տնտեսական բլոկի նախարարներին նշանակեց: Այսինքն սա գնաց ռուսական բաժնետոմսերի նշանակմամբ: Արևմուտքը նույնպես բաժնետոմսեր ստացավ՝ պաշտպանության նախարարի թեկնածուին, ով Արևմուտքի համար ավելի ցանկալի թեկնածու է: ԱՄՆ-ում կրթություն ունի, որոշակի շփումներ ունի»,-ասաց Բադալյանը:
Նա ընդգծեց, որ բացի արտաքինից, կան նաև ներքին խոշոր բաժնետերեր. «Նախկին վարչապետը կարողացավ իր մարդկանց նշանակել Արփինե Հովհաննիսյանին, Դավիթ Հարությունյանին: Նախկին ԲՀԿ առաջնորդը մեկ թեկնածուի նշանակեց, նաև Հրանուշ Հակոբյանը հանրապետական կուսակցությունից մնաց: Ով ինչ բաժնետոմսերի քանակ ուներ, այդպես էլ նշանակեց: Սկզբունքը ընդհանուր այդպիսին էր»:
ԱրաՊապյանն էլ անդրադառնալով Էդուարդ Նալբանդյանի նշանակմանը, ընդգծեց, որ դա տեղի է ունեցել արտաքին ճնշման հետևանքով, քանի որ նա սպասարկում է ուղղակիորեն Ռուսաստանի շահերը:
«Այստեղի ց էլ ՊՆ նախարաի փոփոխությունը եղավ և Վիգեն Սարգսյանը նշանակվեց: ԱԳՆ-ն թիվ մեկ քաղաքական նախարարությունն է, նա է նախագահին առաջարկում տարբերակներ, ինքն է խորհուրդներ տալիս: Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, արդեն ՊՆ-ն իր վրա էր վերցրել որոշակի դիվանագիտական առաքելություն ԱԳՆ-ի պասիվության պարագայում և որոշակի գործունեություն է ծավալում ոչ միայն զինվորական կցորդների, այլև տարբեր դեսպանների հրավիրելու առումով: Վիգեն Սարգսյանի նշանակումը Պաշտպանության նախարարությունում կմեծացնի նաև այդ դիվանագիտական բաղադրիչը»,-հավելեց Պապյանը:
Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր
Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին: