Հոկտեբերի 2-ի ընտրությունները չեն կարող համարվել ազատ և արդար. դիտորդներ
03.10.2016
12:00
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզի 373 համայնքում անցկացված ընտրություններն ընթացել են ընտրախախտումներով լի. այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին նման գնահատական հնչեցրեցին դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչները:

Ասուլիսին մասնակցում էին«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի անդամ Տիգրան Եգորյանը,   «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ Արմեն Գրիգորյանը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ինչպես հայտնի է հոկտեմբերի 2-ին հանրապետության մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում առաջին անգամ անցկացվում էին ավագանու ընտրություններ:

Ըստ պաշտոնապես հրապարակված տվյալների՝ Գյումրիում «Բալասանյան դաշինքը» ստացել է քվեների 34.64 %-ը, ԲՀԿ-ն՝ 20.70, Հայկական վերածնունդը՝ 10.62, իսկ ԳԱԼԱ կուսակցությունը՝ 10.49 % ձայն: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 6% անցողիկ շեմը.  Ալյանս՝ 1.78 %, ՔՊ՝ 1.49 %, ՀՅԴ՝ 5.36 %, ՀԱԿ՝1.09 %, Համախմբում՝ 5.77 %, Գործարար՝ 1.32 %, Գյումրեցու ոգի՝ 5.74 %: Գյումրիում ավագանու թվով 33 մանդատը բաշխվում է հետեւյալ կերպ՝ Բալասանյան դաշինք՝ 15, ԲՀԿ՝ 9, ՀՎԿ՝ 5, ԳԱԼԱ՝ 4 մանդատ:

Վանաձոր քաղաքում ավագանու կազմում ընդգրկված կուսակցություններից ՀՀԿ-ն ունենալու է 13 ավագանու անդամ, երկրորդ տեղում հայտնված ԼՀ կուսակցությունը 10 մանդատ, ՕԵԿ-ը՝ 5, ԲՀԿ-ն՝ 3 և ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

Արմեն Գրիգորյանն ասում է, որ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնությունը  230 դիտորդ է ունեցել 18 համայնքում:

«Մենք  ծածկել ենք 18 համայնքի բոլոր ընտրատեղամասերը: Կրկին եղել են ընտրախախտումներ, որոնք համակարգային խնդիրներ են: Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին և նաև անցած տարի սահմանադրական փոփոխությունների  հանարաքվեին հանդիպել ենք նույն խնդրին, երբ ընտրողը ընտրատեղամաս է գալիս և իր անվան դիմաց տեսնում է արդեն ստորագրված է, այսինքն ընտրած է: Այդպիսի 18 ընտրախախտում է արձանագրվել, իսկ սեպտեմբերի 18-ին գրանցվել էր 22 այդպիսի ընտրախախտում: Ընտրացուցակների փակ լինելը շարունակում է մնալ համակարգային լուրջ խնդիր և ընտրակեղծարարության այս գործիքը ամենատարածվածն է»,-ասում է Գրիգորյանը:

Նա նշում է, որ հոկտեմբերի 2-ի ընտրություններին 190 ընտրախախտում են արձանագրել: Գրիգորյանը նշում է, որ ընտրախախտումների մեծ մասը զեկուցվել են ընտրական գործընթացի ժամանակ, մինչև երեկոյան ժամը 20:00-ը:

Տիգրան Եգորյանն ասում է, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին գրանցվել են  բոլոր հայտնի խախտումների տեսակները. այլ անձանց փոխարեն քվեարկությունները, ցուցակների անճշտությունները և այլն:

«Հայտնվել են մահացած անձանց անունները ցուցակներում,  համատարած եղել են դիտորդների իրավունքների խախտումներ հանձնաժողովների անդամների և նախագահաների կողմից, բազմաթիվ հաղորդագրություններ կան ուղղորդումների մասին, քվեարկության նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, քվեաթերթիկները տեղամասից դուրս հանելու մասին: Արձանագրվել են դեպքեր կնիքների՝ շուտ ցնդելու մասին, օգտագործվել են 30 կամ 40 րոպե հետո ցնդող կնիքներ, կամ անձեռոցիկով մաքրվող կնիքներ»,-ասաց Եգորյանը:

Նա հավելեց, որ պետք է անցկացվի օպերատիվ քննություն, փաստերի պարզում, այնուհետեև գնահատում հասկանալու համար այս կամ այն խատման ազդեցությունը որևէ  համայնքում ընտրության արդյունքների վրա:

«Սա լուրջ անշահախնդիր աշխատանք է ենթադրում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական անգամ ցույց է տալիս, որ ունակ չէ  ապացուցելու, պատրաստ չէ ապահովելու ընտրելու իրավունքը, ազատ արդար ընտրությունների մասնակցելու իրավունքը»,-նշեց Եգորյանը:

Արթուր Սաքունցը այս ընտրությունները նույնպես չի համարում ազատ: Նա ընդգծում է, որ ընտրողը ազատորեն չի կարողացել իր կամքը, իր տեսակետը ներկայացնել:

«Ճնշող գործոններից են եղել ընտրատեղամասերի հարակից տարածքներում առկա  մթնոլորտը և վերահսկողությունը: Ակնհայտորեն ուղղորդման և բերման ենթարկելու պրակտիկան շարունակվում է: Տարածքը նայողները, թաղային հեղինակությունները անպատիժ գործում էին, սա է որոշիչը, թե ընտրատեղմասում ինչ մթնոլորտ է: Իսկ երբ հանձնաժողվոի նախագահին ասում են այս մարդիկ կուտակումներ են առաջացրել ընտրատեղամասի մուտքի մոտ, ասում է ես չեմ հասցնում ընտրատեղամասում կարգավորել, ուր մնաց դրսում: Ընտրատեղամասից դուրս այդ ամեն ինչը  մեծ ճնշման տակ է պահում ընտրողին այդ թվում ոստիկանության ակնհայտ անգործության պարագայում»,-նշում է Սաքունցը:

Նա հավելում է,  որ նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտում է եղել ընտրատեղամասերի ներսում: Սաքունցի խոսքով ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովները, բացառությամբ մեկ կամ երկու  հանձնաժողովների, համառություն և կամք չեն դրսևորում, որպեսզի ընտրական պրոցեսը համապատասխանի Ընտրական օրենսգրքին:

«ԿԸՀ-ի կողմից պարզաբանում էր տրված, որ ժամը 20:00-ից հետո էլ կարող է դիտորդը կամ լրագրողը մտնի ընտրատեղամաս, բայց տեղամասային հանձնաժողովը չի կատարում ԿԸՀ-ի որոշումը, մեր դիտորդը մի ժամ ուշ է մտել ընտրատեղամաս: Բացարաձակապես ոչ մի Ընտրական օրենսգիրք չի աշխատելու Հայաստանում, եթե ընտրախախտումներ կատարողները մնալու են անպատիժ: Ամենակատարյալ Ընտրական օրենսգրքի դեպքում էլ, եթե քաղաքական խուժանը, թաղային հեղինակությունը քաղաքական ղեկավարության ներքո է գործելու  ու մնա անպատիժ, ապա ոչ մի բան չի աշխատելու,  ես վստահեցնում եմ՝ հաշվի առնելով  Վանաձորի և Գյումրիի օրինակը»,-հավելեց Սաքունցը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ