Տուրիզմը Հայաստանում զարգանում է, սակայն խնդիրները չեն պակասում
27.09.2016
12:00
Թեպետ Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգանում է, իսկ այս տարվա վեց ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների քանակն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,4%-ով աճել է, այնուամենայնիվ այս սեկտորում առկա խնդիրները շարունակում են իրենց զգացնել տալ: Դրանք են պետական քաղաքականության ֆինանսավորման սղությունը, ենթակառուցվածքների ոչ բարվոք վիճակը, կադրերի պակասը եւ զբոսաշրջիկի համար Հայաստանի հասանելիության հետ կապված խնդիրները:

«Վերջին վեց ամսվա տվյալներով ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է ավելի քան 501 հազար, ինչը 2,4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ներքին զբոսաշրջությունը նույնպես աճ է արձանագրել՝ վեց ամսվա տվյալներով 20,8 տոկոս աճ ունենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ», - ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ շարունակվում են աշխատանքները միջազգային համագործակցության զարգացման ասպարեզում, իսկ ներքին զբոսաշրջային կյանքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ավանդական տոնակատարություններ եւ փառատոներ։

«Մեդիա կենտրոնում» սեպտեմբերի 27-ին Մեխակ Ապրեսյանի ու «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում. խնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով։ 

Հայաստանում հոկտեմբերի 1-4 անցկացվելու է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների տարեկան համաժողովը՝ 38-րդ նստաշրջանը։ Սա Ապրեսյանը համարում է կարևոր ձեռքբերում և միջազգային արդյունավետ համագործակցության օրինակ։ «Աֆիլացված անդամները լիիրավ անդամներից տարբերվում են նրանով, որ լիիրավ անդամները պետություններն են ի դեմս զբոսաշրջության ոլորտում իրենց պետական կառավարման լիազոր մարմինների, իսկ աֆիլացված անդամները ներկայացնում են մասնավոր հատվածը՝ տարբեր գործարարներ, բիզնես միավորներ, լրատվամիջոցներ, կրթական հաստատություններ, և այլ նմանատիպ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք որոշել են իրենց տարեկան համաժողովը անցկացնել  Հայաստանում», - բացատրում է նա։

Հայաստանում զբոսաշրջության զարգացման մասին պետական պաշտոնյաների հավաստիացումները տարածաշրջանային կտրվածքով բավականին մտահոգիչ վիճակագրական պատկերի մաս են կազմում: 2014թ.-ի պաշտոնական տվյալներով Վրաստան է այցելել 2,3 մլն զբոսաշրջիկ, 2,2 մլն զբոսաշրջիկ՝ Ադրբեջան, եւ միայն 1,2 մլն զբոսաշրջիկ՝ Հայաստան:  

Հայաստանը, կարծում է «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, կարիք ունի շատ ավելի լայն PR-ի արտասահմանում: Նման աշխատանք, պատմում է բանախոսը, բավականին ակտիվ իրականացում է հարեւան Վրաստանը եւ մեծ գումարներ ծախսում այդ ուղղությամբ: «Վրաստանում տուրիզմի զարգացման համար պետական բյուջեից հատկացվում է շուրջ 12 մլն դոլար, իսկ Հայաստանում՝ 400 հազար դոլար», - նշում է Մանուկյանն ու հավելում, որ տրամադրվող բյուջեի շրջանակներում Հայաստանում համեմատության մեջ բավականին աշխատանքներ են տարվում: «Հայաստանն այս առումով նմանվում է ձերքի տակ ոչինչ չունեցող տանտիկնոջ, որը փորձում է շատ գեղեցիկ սեղան գցել», - համեմատեց բանախոսը:

Արդյունավետ PR-ի իրականացման հարցում Նունե Մանուկյանը կարեւորում է պետության դերը: «Մենք իսկապես շատ լավ PR-ի կարիք ունենք, որովհետև կողքի հարևանների մարտահրավերները շատ ուժեղ են։ Դրա համար պետությունը պետք է շատ լուրջ վերաբերվի և պահանջելուց առաջ գումարներ տրամադրի։ Դրանք ցուցահանդեսներն են, փառատոները, տուրիստական ենթակառուցվածքների վրա ծախսվող միջոցները, ինչպես նաեւ երկրի ավիացիոն հասանելիության բարձրացմանն ուղղված քայլերը», - ասաց նա: 

Նա կարեւորեց պետական աջակցությունը հատկապես այն փառատոների կազմակերպման հարցում, որոնք ուղղված են համայնքների եւ գյուղական տուրիզմի զարգացմանը: «Հայաստանի պոտենցիալն էկոտուրիզմն է, գյուղական տուրիզմն է», - հավելում է նա։  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր 

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»
19.03.2019
12:00
Մարտի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան: Ասուլիսի թեման էր` «Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»:
«Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում-2019» հետազոտության ներկայացում
15.03.2019
12:00
Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում- 2019» հետազոտության արդյունքների ներկայացում:
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ