5-օրյա քայլարշավ Գեղարքունիքում՝ ընդդեմ ընտանեկան բռնության
26.09.2016
11:00
Սեպտեմբերին Կանանց ռեսուրսային կենտրոնը անցկացրել է 5-օրյա քայլարշավ Գեղարքունի մարզում՝ ընդդեմ ընտանեկան բռնության:

Քայլարշավի նպատակի և տարված աշխատանքների մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեցին Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի մարզային ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցիական աշխատող Աննա Հովհաննիսյանը:

Քայլարշավը իրականացվել է սեպտեմբերի 19-23-ը: Տաթևիկ Աղաբեկյանն ասում է, որ նպատակը գյուղական համայնքներում կանանց նկատմամբ  բռնության մասին խոսելն է:

«Սա մեր երրորդ մարզային քայլարշավն էր: Առաջինը մենք իրականացրել ենք 2012-ին՝ Շիրակից դեպի Երևան քայլարշավ կազմակերպելով: Շիրակ, Արագածոտն մարզեր,  այնուհետև Երևան:  2014-ին մենք իրականացրեցինք Արմավիրի մարզում քայլարշավ և այս տարի արդեն Գեղարքունիքում: Որոշվել էր անցնել Գանձակ գյուղից և հասնել Գավառ, Մարտունի, Վարդենիկ գյուղ և Վարդենիս»,-ասաց Աղաբեկյանը:

5-օրյա քայլարշավի ընթացքում կենտրոնի անդամները զրուցել են տեղի մարզի բնակչության հետ, հանդիպումներ են ունեցել նաև դպրոցների ուսուցիչների, ծնողների, և երեխաների հետ, նաև բուժկետերում բուժաշխատողների և գյուղապետարանների աշխատողների հետ:

«Գեղարքունիքի մարզի բոլոր գյուղերում նույն իրավիճակն էր ու նույն վերաբերմունքը: Ցանկացած տեղ սկսում էինք հարցը. կա՞ այստեղ բռնություն, թե՞ ոչ: Բոլորը նշում էին, որ չկա, բայց երբ  հարցնում էինք ընտանիքներում չկա՞ ծեծ, ֆիզիկական ուժի կիրառում, ասում էին, որ բոլորի ընտանիքների առօրյայի մասն է կազմում ծեծը: Իսկ տղամարդիկ շատ հումորով էին վերաբերվում ամեն տեղ, ոչ մի տղամարդ չի ասել, հա դա լուրջ խնդիր է, բոլորը ասում էին, որ առանց դրա չի լինի»,-նշում է Աղաբեկյանը:

Անահիտ Սիմոնյանն ասում է, որ դպրոցների բակերում աշակերտների շրջանում քննարկումներ կազմակերպելիս,  ակնհայտ էր դառնում նաև անչափահասների մոտ առկա կարծրատիպային մոտեցումը:

«Սկզբից որ խոսում էինք բռնության մասին, ասում են չէ, դա վատ է, չպետք է լինի, բայց երբ խոսում ես ընտանիքի ներսում առկա բռնության մասին, արդեն ասում էին, որ  կարող է լինել: Մի 12 տարեկան տղա ասաց անգամ, որ բռնությունը վատ է, բայց հետո նշեց, որ եթե կինը մի բան շիտակ չի անում, ապա ամուսինը կարող է ծեծել կնոջը:Սա հսկայական խնդիր է, եթե այս մտածելակերպով ձևավարվում ու հասարակություն են մտնում այս երեխաները»,-ընդգծեց Սիմոնյանը:

Նա հավելում է, որ գյուղապետերաններում նույնպես նույն պատկերն էր. «Տղամարդու կողմից խնդրի գիտակցումը չկա,  անլուրջ են վերաբերում ու չեն ընկալում, որ խնդրի մի մասը իրենք ու մի բան պետք է անեն խնդրի լուծման համար: Այդ ընկալումը չկա»:

Աննա Հովհաննիսյանն էլ ընդգծում է , որ գյուղերում ու քաղաքներում տղամարդկանց 90 տոկոսը գտնվում էր արտագնա աշխատանքի մեջ դեպի Ռուսաստանի Դաշնություն:

«Չնայած դրան՝ ընտանիքի ներսում շարունակվում էր նրանց վերահսկող վարքը, այսինքն թեև տղամարդը ներկա չէր ֆիզիկապես, բայց սկայպի միջոցով կարողանում էր վերահսկել թե ինչ է կինը հագնում, ուր է գնում, ինչ է անում: Եվ քանի որ տղամարդը չէր կարողանում միջամտել ֆիզիկապես, այդ դերը ստանձնում էին սկեսուրներն  ու սկեսրայրները»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ շատ երիատասարդ աղջիկներ պարզապես փակված են տանը՝ հնարավորություն չունենալով կրթություն ստանալու և հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ:

«Միակ  հեռանկարը 19-20 տարեկան աղջկա համար շարունակում էր մնալ ամուսնությունը և ամուսնու կողմից նրա ճակատագրի տնօրինումը: Բացի այդ ընտանիքներում ամբողջ հոգսը ընկած էր կնոջ ուսերին,  հողի աշխատանքը տան կանայք են ստանձնում, տան կենցաղը ամբողջությամբ նրանց վրա է ընկնում»,-նշեց Հովհաննիսյանը:

Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչները մատնանշեցին նաև, որ Գեղարքունիքի մարզում կանայք ունեն առողջական լուրջ խնդիրներ, մասնավորապես սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված:

«Վաղ տարիքում վերարտադրողական օրգանները հեռացված էին, կանայք տառապում էին սեռավարակներով, որոնք փոխանցվել են խոպանից վերադարձած ամուսինների միջոցով: Առողջապահական համակարգում գաղտնիության լուրջ խնդիր կար,  բոլոր կանանց կյանքը հանրային էր, բուժաշխատողները մեզ անվանական ներկայացնում էին , թե որ կնոջ մոտ ինչ խնդիր կար: Ու դա հանրային էր նաև հարևանների համար, բուժհաստատության  ներկայացուցիչը կարող է պատմել բոլորին, թե որ կնոջ մոտ ինչ սեռավարակ կար ու ինչ առողջական խնդիր»,-հավելում է Հովհաննիսյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ