Մթերված խաղողի գումարները արդեն 1 տարի է, չեն վճարել խաղողագործներին. ոլորտում առկա խնդիրները
09.09.2016
12:00
Խաղողագործների և մթերող ձեռնարկությունների միջև պետք է լինի փոխշահավետ, օրենքով սահմանված պայմանագրային պարտավորություն:

Այս մասին սեպտեմբերի 9-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտնեց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:

«Մթերող ձեռնարկությունները չեն կնքում պայմանագրեր: Առաջին բացը, որ մենք ունենք այս ոլորտում և գերխնդիրը սա է: Խաղողագործը չգիտի՝ ում հետ պիտի իր առևտուրը կազմակերպի, ով պետք է իր խաղողը գնի, ինչ պայմաններում եւ ինչ գնով: Այս ոլորտի խնդիրների սկզբնաղբյուրը այստեղից է գալիս: 2016 թվականի խաղողի բերքահավաքի սեզոնից առաջ մենք ունենք այդ չլուծված փաստը»,-նշեց Սարգսյանը:

Քննարկմանը նաև մասնակցում էին ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Արմավիրի մարզի Նոր Ամասիա համայնքի խաղողագործ Սոխակ Հովհաննիսյանը, ում մթերված խաղողի գումարը դեռ չեն վճարել և Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Քննարկմանը հրավեր էր ուղարկվել նաև խաղող մթերող կազմակերպությունների (Պռոշյանի կոնյակի գործարան, Վեդի Ալկո ՓԲԸ, Շահումյան-Վին գինու, կոնյակի գործարան) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն սակայն նրանք հրաժարվել էին մասնակցել քննարկմանը:

«Այս տարվա մարտի 1-ից հայտարարվում է, որ ամեն ամսվա մեկին խաղողագործները կկարողանան ստանալ 2015-ին մթերված խաղողի գումարները, բայց այսօր սեպտեմբերի 9-ն է, փաստենք՝ այս խոստումները կյանքի չկոչվեցին: Մեր հաշվարկներով ունենք 1,5 միլիարդից մի փոքր ավելի չվճարված գումար 2015-ի մթերված խաղողի դիմաց»,-ասում է Սարգսյանը:

Սարգսյանը նաև կարևորում է վերամշակողների համար հավասար մրցակցային դաշտի ստեղծումը և պետական աջակցության տրամադրումը:   

Ռոբերտ Մակարյանը, անդրադառնալով հնչեցրած հարցադրումներին, նախ նշում է իրավիճակի ստեղծման հանգամանքները. «Հիմնական խնդիրը ռուսական ռուբլու արժեզրկումն էր և գնողունակության անկումը, որ մեր վերամշակողները, գինեգործական արտադրանքը չկարողացան այն ծավալներով վաճառել, որպեսզի ունենան շրջանառու միջոցներ մթերման գործընթացը 2015թ.-ին կազմակերպելու համար»:

Մակարյանը հավելում է, որ մինչև 2015-ը խաղողի իրացման գլոբալ խնդիր չի եղել հանրապետությունում, որովհետև շուկան որոշում էր պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունը:

«Խնդիրը ժամականավոր է: Ամբողջ աշխարհում գյուղմթերի գնանկում է տեղի ունենում, մենք պետք է հասկանանք նաև այս խնդիրները»,-նշեց փոխնախարարը:

Անդրադառնալով չկնքվող պայմանագրերի հարցին՝ Մակարյանը նշում է, որ 2011-ից անընդհատ աշխատում են վերամշակողների հետ, որպեսզի գյուղացիական տնտեսությունների հետ կնքեն պայմանագրեր և մինչև 2015-ը պայմանագրերը շուրջ 2,5 անգամ աճել էին և հիմնական մասը խաղողի մասով էր:

Փոխնախարարն, այնուամենյանիվ, ընդգծում է, որ պետությունը չի կարող պարտադրել վերամշակողին կամ գյուղացուն պայմանագիր կնքել:

Լրագրողի դիտարկմանը, որ, այդուհանդերձ, նախարարությունը մենեջմենթ կազմակերպողն է, քաղաքականություն մշակողը, Մակարյանը նշում է. «Գյուղ մթերք արտադրողը և վերամշակողը տնտեսվարող սյուբեկտներ են, պետությունը և նախարարությունը շուկայական հարաբերությունների վրա որևիցե լծակ չունեն ազդելու»:

Ավագ Հարությունյանը այս հարցի առթիվ առաջարկում է գյուղացիներին միավորվել, ստեղծել արհմիություններ, պայմանավորվել, որպեսզի իրավաբանը ներկայացնի գյուղացիների շահերը դատարան, և փողերը ստանան՝ գործարար աշխարհի նորմերով:

2016 թ. մթերման հետ կապված աշխատանքներին անդրադառնալով՝ Մակարյանը նշում է, որ առաջիկայում կհրապարակեն, թե որ գործարանը երբ է սկսելու գործընթացը, որպեսզի գյուղատնտեսական տնտեսությունները կարողանան կողմնորոշվել և հասկանալ, որ գործարանին հանձնեն մթերքը, եթե պայմանագրեր չունեն, երբ է սկսվելու մթերման գործընթացը, որպեսզի անցած տարվա նման խնդիրներ չառաջանան:

«Մենք աշխատելու ենք վերամշակողների հետ, նաև հորդորում ենք, որ գյուղացիական տնտեսությունները, երբ իրենց արտադրած ապրանքը հանձնում են, պայմանավորվեն, ստորագրեն պայմանագրեր և գրաֆիկ, որ ստանալու են x ժամանակ հետո իրենց գումարը»,-ընդգծեց Մակարյանը:

Անդրադառնալով պետական աջակցության հարցին՝ Մակարյանը նշում է, որ վերամշակողների մասով տրամադրվում են վարկային միջոցներ, հիմնականում դա տրվում է մթերման համար:

«Բայց նաև մեծ մասի մոտ կա վարկերի ծանրաբեռնվածության, գրավի անբավարարության և իրացման և այլ խնդիրներ»:

Ինչ վերաբերում է խաղող մթերող կազմակերպությունների պարտքին, ապա Մակարյանը նշեց, որ պարտքը կազմում է 800 միլիոն դրամ ընդհանուր 1,5 միլիարդ դրամից:

«Հիմնականում պարտքերի մասով 10-12 կազմակերպություններ են, բոլորը բացի մեկ ընկերությունից գրաֆիկով վճարումներ իրականացնում են, պարտքերը մարվում են, ուղղակի սա ժամանակավոր խնդիր է»,-ընդգծեց փոխնախարարը:

Սարգսյանը հակադարձեց՝ նշելով. «300 միլիոն դոլար Պռոշյանի գործարանն է պարտք, եթե Վեդի Ալկոյի պարտքը ունենք, եթե Հայասիի պարտքը ունենք, եթե դրանք գումարենք իրար, պարոն Մակարյանի ասած գումարն է ստացվում, բայց մենք չենք հաշվո՞ւմ մյուս ձեռնարկությունների պարտքը: Հիմա տեսնո՞ւմ եք՝ որտեղից է գալիս թվերի անհամաձայնությունը»:

Պարտքերի վերջնաժամկետի հետ կապված Մակարյանը ասաց, որ որևէ մեկի փոխարեն այն չի կարող նշել:

«Օրինակ Շահնազարյանը, խոսել ենք երեկ էլ, այսօր էլ, փորձելու է մինչև ամսվա վերջ ամբողջ պարտքը մարի: Միայն մեկ ընկերություն, դա Վեդիա Ալկո ընկերությունն է, որը հիմնական մասը Աղավնաձոր համայնքում է իրականացրել, որ վճարումներ չի իրականացրել, Պռոշյանի գործարանը, Շահնազարյանը մեծածավալ մթերումներ են իրականացրել անցած տարվա բերքի սեզոնին, և պարտքերը մարում են: Անցած տարի առատ բերքի, անորոշության զգացումը մարդկանց մոտ առաջացրեց խուճապ, որ չեն մթերելու, առանց պայամնավորվածության խաղողը հավաքում-տանում էին գործարաններ ու խնդիրներ էր առաջանում»,-ասաց Մակարյանը:

Արմավիրի մարզի Նոր Ամասիա համայնքի խաղողագործ Սոխակ Հովհաննիսյանը, ում մթերված խաղողի գումարը դեռ չեն վճարել, ասում է, որ մթերող կազմակերպությունը պատճառաբանում է, որ գումար չկա՝ «Կլինի, կզանգենք, կգաք, կստանաք: Պայմանագիր չունենք կնքած, օդի մեջ է մեր պայամանագիրը»:

Ավագ Հարությունյանն էլ կարծիք հայտնեց, որ շատ ծանր իրավիճակ է ստեղծվել, եւ այս տարի ավելի վատ կլինի. «Չի իրացվել անցյալ տարվա բերքի 10%-ը, նախանցած տարվա՝ 30%-ը: Արդեն ռեսուրսներ չկան վարկ վերցնելու»:

Անդրադառնալով մթերման նոր սեզոնին և այն երաշխքին՝ արդյո՞ք նույն խնդիրներին այս տարի չենք բախվի, փոխնախարարը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներ կատարվում են բոլոր գործարանների հետ կապված խնդիրների, վարկերի ներգրավվման, մթերումների կազմակերպման հետ կապված:

«Երաշխիքը այն է, որ ամենօրյա աշխատանքներ են կատարվում: Բացի այդ հանրապետության վարչապետի հանձնարարականով պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կառավարության և գյուղատնտեության նախարարության ներկայացուցիչներ են ներկա լինելու մթերման բոլոր գործարաններում՝ խնդիրներից խուսափելու համար, մենք նաև կտրամադրենք թեժ գիծ, որ մարդիկ եթե խնդիրներ ունենան, մենք անհատական մոտեցումը կցուցաբերենք»,-հավելեց Մակարյանը:

Արփինե Արզումանյան, Մեդիա կենտրոն ծրագրի կայքի խմբագիր:
Հեղինակի հետ կապվելու համար գրեք arpinearzumanyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ