Ինչպե՞ս կարող են քաղաքացիները պաշտպանել իրենց իրավունքները ոստիկանական գործողություններից
28.07.2016
12:00
Իրավապաշտպանները տեղեկացնում են, որ երեւանյան վեջին իրադարձությունների ժամանակ ոստիկանական բռնություններից եւ ապօրինի բերման ենթարկելու գործողություններից տուժած քաղաքացիները կարող են իրավական գործընաց սկսել ու պահանջել հատուցում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նախ եւ առաջ հորդորում է այդ քաղաքացիներին անհատական դիմումներ ներկայացնել ՀՔԾ իրենց ապօրինի բերման ենթարկելու վերաբերյալ:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ Հայաստանում հուլիսի 22-ին հրապարակված հայտարարության համաձայն՝ հայ հասարակությունը ոստիկանության ավելի ու ավելի ագրեսիվ ու ոչ իրավաչափ գործողությունների ականատեսն է դառնում 2003-2004 թվականներից ի վեր: Երբ հուլիսի 17-ին, զինված խումբը գրավել էր Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, իրավապահ մարմինները շուրջ 150 անձանց բերման էին ենթարկել, ովքեր կամ եկել էին Խորենացի փողոց ոստիկանության կողմից արգելափակված հատված կամ հավաքվել Ազատության հրապարակում:

Հուլիսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շուրջ 114 ահազանգ էր ստացել ոստիկանների կողմից բերման ենթարկված քաղաքացիների եւ խաղաղ հավաքներին խոչընդոտելու միջադեպերի վերաբերյալ:  Դիմակայության առաջին օրերին, Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները շուրջ 100 բերման ենթարկվածների են այցելել Երեւանի, ինչպես նաեւ Շիրակի, Լոռու եւ Արմավիրի մարզերում տեղակայված ոստիկանության բաժանմունքներում: 

ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակն ու Հանրային լրագրության ակումբը մտադիր են այս խնդրին տալ հանրային հնչեղություն եւ փորձել բացահայտել խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունների պատճառը: Այս նպատակով «Մեդիա կենտրոնում» հուլիսի 28-ին Արթուր Սաքունցի, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ իրավաբան Արա Ղազարյանի ու ազգագրեագետ Հրանուշ Խառատյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Երևանյան իրադարձություններ. Ոստիկանության գործողությունները խաղաղ հավաքների ժամանակ» թեմայով: Քննարկմանը հրավիրված էին նաեւ ՀՀ Ոստիկանության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, որոնք չէին ներկայացել միջոցառմանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ բերման ենթարկված ու ձերբակալված անձանց գործերը նախաքննության փուլում են, ինչի պատճառով իրավապահները ձեռնպահ են մնում մեկնաբանություններից: ՄԻՊ գրասենկից էլ տեղեկացրեցին, որ չմասնակցելու պատճառը Երեւանում ստեղծված իրավիճակով պայմանավորված զբաղվածությունն է:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ արդեն իսկ հրապարակվել է նաև այն «կազմը, ցանկն ու հեռախոսահամարները», որոնցով կարող են քաղաքացիները զանգահարել, դիմել, որպեսզի իրավական աջակցություն ստանան: «Երբ քաղաքացիներին բերման են ենթարկում հավաքների ու ցույցերի վայրերից, ապա նրանք պետք է անպայման պահանջեն, որ ոստիկանը ներկայանա եւ ներկայացնի բերման ենթարկելու իրավական հիմքերը», - ասաց բանախոսը:

Այն դեպքում, երբ մարդկանց կանչում են հարցաքննության, Արա Ղազարյանը հորդորեց գնալ միայն փաստաբանի հետ:

Հուլիսի 17-ից մինչ այժմ, երբ զինված խումբը գրավեց Երևանի ոստիկանության ՊՊԾ գունդը, ըստ Արթուր Սաքունցի տվյալների, ավելի քան 400 քաղաքացի բերման են ենթարկվել: Նրանց մեծ մասին անգամ չեն փաստաթղթավորել, պահել են մինչեւ 30 ժամ անազատության մեջ՝ առանց նրանց կարգավիճակը որոշելու: «Արտառոց բան է կատարվել, այդ ամենը չի փաստաթղթավորվել: Առանց փաստաթղթային ձևակերպման մարդկանց պահել են բաժանմունքում կամ ոստիկանական զորամասում», - ասաց Սաքունցը՝ հավելելով, որ ոստիկանական զորամասը ծառայության վայր է, ոչ թե բերման ենթարկվածներին պահելու տեղ: 

Այս փաստերը ցույց են տալիս, որը իշխանությունը, իրավապաշտպանի համոզմամբ, ի դեմս այն պետական մարմինների, որոնք պետք է զբաղվեն հանցագործությունների բացահայտմամբ, ունեն ընտրողական մոտեցում: «Օրինակ՝ բժշկական օգնության դիմած 25 քաղաքացիների առողջական վիճակին վնաս հացնելու համար գոնե մեկ ոստիկան չի հայտնաբերվել, որի նկատմամբ մեղադրանք առաջադրվեր», - ասաց նա: 

Քննարկվող թեմայի համատեքստում անդրադարձ եղավ նաև իրավապաշտպան, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի դեմ ներկայացված մեղադրանքին: «Առավել ցավալի է Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, ձերբակալումը: Սա շինծու գործ է: Նրա մոտ ինչ-որ գրպանի ծալովի դանակ են հայտաբերել, որի հիման վրա մեղադրանք ներկայացրել, քրեական գործ հարուցել: Եթե այդպես է, ուրեմն մեզնից յուրաքանչյուրի դեմ քրեական գործ հարուցեք ու հետապնդեք, քանի որ մեզնից յուրաքանչյուրն էլ տանը հաց կտրելու դանակ ունի», - ասաց Արթուր Սաքունցը:

Սառը զենքի առկայության մասով քրեական գործի հարուցման հոդվածն, ըստ Արա Ղազարյանի, վիճահարույց է: «(Իրավապաշտպան, փոստաբան) Արտակ Զեյնալյանը մտածում է դրա սահմանադրականությունը վիճարկել: Սա իներցիայով ԽՍՀՄ-ից եկած մոտեցում է, որը չի համապատասխանում մեր ներկայիս ընկալումներին», - ասաց Ղազարյանը:

Այն ինչ կատարվում է Երեւանում վերջին օրերին խաղաղ հավաքների ժամանակ, Արա Ղազարյանը որակեց որպես մասսայական ձերբակալություններ: Սա, ըստ նրա, նման է 2002-2004-թթ., երբ մասսայաբար վարչական կալանքներ էին կիրառվում: «Առանց խտրականության մարդկանց իրավունքի միջամտություն է նկատվում, մինչդեռ եվրոպական իրավունքն ասում է, որ պետք է անհատականացվի», - հավելեց նա:

Քննարկմանը մասնակից ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նախընտրեց բերման ենթարկելու դեպքերը բնութագրել որպես «առևանգում»: «Սա մարդկանց որս է, առեւանգում, երբ առանց ներկայացնելու իրավական հիմքեր, մարդկանց ուղղակի տանում են ոստիկանության բաժիններ կամ զորամաս: Ես սա համարում եմ պետական ահաբեկչություն: Կանչում են անգամ զինված խմբի տղաների ընտանիքի անդամներին ոստիկանության բաժանմունքներ, վախեցնում ու ահաբեկում: Սա ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչություն», - ասաց Խառատյանը:

Դատելով այն իրողությունից, որ մարդկանց հաճախ են բերման ենթարկում առանց իրավական հիմք ներակայցնլու ու պահում անազատության մեջ առանց փաստաթղթավորման՝ Խառատյանը ներկայիս իրավիճակը համեմատեց  1937 թվականին Հայաստանից մարդկանց աքսորի հետ: «Եթե մինչեւ 1935 թ.-ը մարդկանց բերման էին ենթարկում, իրավական գործընթաց սկսում ու անգամ ապացույցների բացակայության պատճառով ազատ արձակում, ապա արդեն 1937 թ.-ին շուրջ 5000 մարդկանց Հայաստանից աքսորեցին` առանց պատճառաբանության, թե ուր են տանում և ինչի համար և ինչքան են մնալու աքսորում: Փաստացի վարչական հրամանով աքսորում էին մարդկանց: Մենք հիմա մոտենում ենք դրան», - ասաց բանախոսը: 

Խոսելով երեւանյան իրադարձությունների վերաբերյալ միջազգային կառույցների լռության պատճառներից` Արա Ղազարյանն ու Արթուր Սաքունցը համաձայնեցին, որ պատճառը թերեւս այն է, որ զինված հարձակում է տեղի ունեցել ՊՊԾ գնդի վրա: «Գուցե այդ կառույցները կատարվածը փոխկապակցում են ՊՊԾ գնդի վրա հարձակմամբ, անօրինական զենք-զինամթերք կրելով ու կիրառելով: Սրանք գործոններ են, որոնք լիգիտիմությունից ի սկզբանե զրկված են», - եզրափակեց նա:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը. Բացահայտման խոչընդոտներն ու համակարգային խնդիրները իրավապահ մարմիններում
26.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 26-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը. բացահայտման խոչընդոտներն ու համակարգային խնդիրները իրավապահ մարմիններում» թեմայով:
«ԼԳԲՏ ազատազրկված անձանց իրավունքների խախտումները բանտում»
26.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 26-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԼԳԲՏ ազատազրկված անձանց իրավունքների խախտումները բանտում» թեմայով:
Փաստերի Ստուգման Ուղեցույցի շնորհանդես ԵՊՀ-ում
23.04.2019
14:30
Ապրիլի 23-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կազմակերպեց հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց ՀԼԱ-ի կողմից հրապարակած «Փաստերի ստուգման ուղեցույցը» (http://www.factradar.tilda.ws/)։
«Հեղափոխությունից մեկ տարի անց. ամփոփիչ գնահատականներ»
23.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 23-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հեղափոխությունից մեկ տարի անց. ամփոփիչ գնահատականներ» թեմայով:
Փաստերի Ստուգման Ուղեցույցի շնորհանդես ԵՊԼՀ-ում
23.04.2019
10:30
Ապրիլի 23-ին Երեվանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Լրագրության գիտաուսումնական կենտրոնի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կազմակերպեց հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց ՀԼԱ-ի կողմից հրապարակած «Փաստերի ստուգման ուղեցույցը» (http://www.factradar.tilda.ws/)։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ