«Քաղակտիվիստների բերման ենթարկումը Երևանում զինված հարձակումից հետո. իրավական գնահատականներ»
19.07.2016
12:00
Վերջին երկու օրերին քաղաքացիական ակտիվիստներին բերման են ենթարկել ու տեղափոխել ոչ թե ոստիկանական բաժանմունք, այլ Ոստիկանության զորքերի զորամաս. այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը այս մասին հայտարարեցին իրավապաշտպանները:

«Ես ուղղակի ապշած էի: Մենք տեսնում էինք, որ ինչ որ մեկին տանում են ոստիկանական մեքենայով, մի անցորդ է մոտենում, ասում է ինչ է արել, որ տանում եք, ասում են, արի քեզ էլ տանենք, կասենք ինչու ենք տանում: Ակտվիիստներից ոմանց պահում էին մի քանի ժամ, շատերին 10 ժամից ավելի, իսկ Աշտարակում եղավ մի դեպք, որ մարդուն պահեցին մեկ օրից ավելի»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, ով մասնակցում էր «Մեդիա կենտրոնի» քննարկմանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները զինված մուտք են գործել Էրեբունի թաղամասի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և մինչ օրս շարունակում են պատանդ պահել այնտեղ գտնվող ոստիկանության ծառայողներին` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Նրանք նաև կոչ էին անում ՀՀ քաղաքացիներին դուրս գալ փողոց և միանալ իրենց պահանջներին:

Զինված հարձակմանը հաջորդեց Ազատության հրապարակում բողոքի ցույցի, այնուհետեև երթի կազմակերպումը, որի շրջանակում ոստիկանները բերման ենթարկեցին բազմաթիվ քաղաքացիների և քաղաքացիական ակտվիստների:
Դանիել Իոաննիսյանը նշում է, որ երկու օրվա ընթացքում մոտ 150-200 անձ է բերման ենթարկվել Երևանում:

«Ոստիկանության 10 33 զորմաս տարած բոլոր քաղաքացիներից հեռախոսները առգրավել են, և մենք երկար ժամանակ պատկերացում չունեինք, որ մարդկանց տարել են զորամաս: Մարդկանց զորամաս տանելու պրակտիկան շարունակվեց նաև երեկ Ազատության հրապարակից, որտեղից քաղաքացիական ակտիվիստներին տարան Դավթաշենում տեղակավայած մեկ այլ զորամաս: Այն բարեփոխումները, որոնք տեղի էին ունենում Ոստիկանությունում, մեկ օրում առ ոչինչ դարձան: Զորամաս տանելիս, ճանապարհին ծեծի էին ենթարկում, իսկ զորամասում, մարդկանց պատմելով, ուղղակի կոնցլագերային պայամաններ էին, բոլորին տարել լցրել էին մի դահլիճի մեջ, ոչ կերակրում էին, ու ավելի շատ ռազմագերու կարգհավիճակով էին պահում: Ոմանց, ովքեր ոստիկանների հետ հին հաշիվներ ունեին, դուրս էին հանում, ծեծում էին ու հետ բերում, մթնոլորտը ընդհանուր առմամբ այսպիսին էր»,-նշեց Իոաննիսյանը:
Նա հավելեց նաև, որ երեկ խոշտանգման են ենթարկել Երևանի ավագանու «Բարև-Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանին:

«Երեկ Դավիթ Սանասարյանին ու մի քանի հոգու ճանապարհին խոշտանգում էին: Ծեծ ու ջարդի էին ենթարկում այն աստիճանի, որ Դավիթ Սանասարյանը ուղեղի ցնցնում է ստացել: Բացի այդ, ամեն կերպ փորձում էին ստորացնել, տղաներին ստիպում էին ոստիկանների կոշիկները համբուրել, թքում էին նրանց վրա, իսկ հայոհանքների տարափի մասին խոսելն անիմաստ է: Դավիթաշենի զորամասում Դավիթին շարունակել են խոշտանգել մինչև գիտակցությունը կորցնելը: Ինքը մոտ 10 րոպե անգիտակից պառկած է եղել Դավիթաշենի զորամասի հատակին, հետո դեմքին ջուր են լցրել, որ ուշքի գա: Դրանից հետո դադարել են ծեծելը»,-ընդգծում է Իոաննիսյանը:

Քննարկման մյուս մասնակից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանն ասում է, որ նույնիսկ փողոցում սովորական քայլող քաղաքացիներն են բերման ենթարկվել:

«Ոստիկանության գործողությունների արդարացման տեսանկյունից որևէ իրավական հիմք, հիմնավորում, գնահատական որևէ կերպով չի կարող տրվել: Իրենք ուղղակի առևանգել են ու հափշտակել փողոցում գտնվող քաղաքացիներին, մեկուսացրել են նրանց այն վայրերից, որտեղ իրենց կարծիքով պոտենցիալ մասսայական հավաք կարող էր լինել, մեկուսացրել են անձնաց, ովքեր հեղինակություն, ազդեցություն և ճանաչում ունեն, և նրանց խոսքը կարող է վճռական լինել: Ստորացրել են բռնությունների ենթարկվելով, որպեսզի այդ մարդիկ հիասթափվեն, հոգնեն և կասեցվեն այդ կերպով նրանց գործողությունները: Ոստիկանական գործողություններով, բռնի ուժով փորձում են տապալել քաղաքացիական ընդվզումը»,-ընդգծեց Հարությունյանը:

Նա հավելում է, որ բոլոր տեղեկությունները, ԶԼՄ-ների հրապարակումներ և իրավապաշտպանների կողմից հնչեցված դեպքերը, կոնկրետ փաստերի վկայակոչումը պետք է վաղուց դառնար քննության առարկա:
«Եթե չկան, ուրեմն չկա դրան որևէ իրավական գնահատական մեր կողմից, կա զուտ հայտարարություն, որ Ոստիկանությունը դրսևորում է տոտալ բռնություն և ճնշում ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,-հավելեց
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Կարագյոզյանը, ով նույնպես մասնակցում է քննարկմանը, ասում է, որ հուլիսի 17-ին եղել է Ոստիկանության զորքերի զորամասում, որտեղ բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին:

«Արդեն 5:30-ից գտնվում էի զորամասի մոտ, ոստիկանները զինված էին և չէին էլ թողնում ներս մտնել:Քաղաքացիները մնում էին անազատության մեջ և որևէ իրավական հիմք չէր մատնանշվում, թե ինչու պետք է փաստաբանը ներկա չգտնվի, միայն ասում էին որ ոչ մի փաստաբան չպետք է մուտք գործի: Չորս ժամ սպասել եմ այնտեղ ու այդպես էլ թույլ չտվեցին, որ ներս մտնեմ: Խոչընդոտեցին իմ աշխատանքը, իսկ փաստաբանի աշխատանքը խոչընդոտելը հանցագործություն է:

Այնուհետև ժամը 1:30 Ոստիկանության զորամասից Վաղինակ Շուշանյանը դուրս եկավ ամբողջությամբ կապտուկներով ու ծեծված: Ի դեպ՝ նրան ձեռնաշղթաներով էին ծեծի ենթարկել: Անձը, ով կարգավիճակ չունիև 9 ժամ անազատության մեջ է սոված, առանց ջրի, դա համարվում է անմարդկային, դաժան վերաբերմունք նրա նկատմամբ»,-նշեց Կարագյոզյանը:

Փաստաբանը նշեց, որ երեկ 3 հաղորդում է նաև ներկայացրել Վաղինակ Շուշանյանին ազատությունից «ապօրինի զրկելու», իր փաստաբանական գործունեությունը խոչընդոտելու և Վաղինակ Շուշանյանին խոշտանգելու, ծեծի ենթարկելու առումով:

«Մամուլի հրապարակումները ՀՔԾ-ի և Գլխավոր դատախազության համար հիմք պետք է լինեին քրեական գործ հարուցելու համար: Մինչդեռ նրանք անգործություն են ցուցաբերում»,-հավելեց Կարագյոզյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: