«Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա»
06.07.2016
12:00
Էրդողանն առաջնորդվեց հայտնի սկզբունքով «Եթե չես կարողանում կտրել հակառակորդիդ ձեռքը, ապա պետք է այն համբուրես եւ դնես ճակատիդ». նման տեսակետ հնչեցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը:

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով քննարկմանը մասնակցում էինքաղաքագետ,Մոդուս վիվենդի կենտրոնի հիմնադիր և նախագահ Արա Պապյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ,տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը և տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:

«Նկատի առնելով Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը՝ ռուս-թուրքական մերձեցումը կարող է  վնասակար լինել մեզ համար: Հետեւաբար՝ մենք պետք է շատ ուշադիր եւ զգոն լինենք եւ  մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք  է կարողանանք թույլ չտալ, որպեսզի այդ ջերմացումը ուղղվի մեր դեմ»,-նշեց Թորոսյանը:

Նա  համոզմունք հայտնեց,  որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները երբեք չեն կարող գլոբալ առումով լավը լինել եւ  հասնել ռազմավարական մակարդակի:

«Այդ երկու երկրները տարածաշրջանում ունեն խիստ հակասական շահեր, որոնք երբեմն-երբեմն  կարող են մի կողմ դնել՝ առաջ մղելով այդ պահի համար ավելի կարեւոր խնդիրները: Բայց դա՝ խիստ ժամանակավոր է: Վկան՝ Մերձավոր Արեւելքում վերջին զարգացումներն են, որոնց ընթացքում Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը բախվեցին եւ նրանք դեն նետելով տնտեսական եւ ֆինանսական համատեղ շահերը՝  բախվեցին սիրիական ճգնաժամի հարցում: Սակայն ժամանակի ընթացքում Թուրքիան հասկացավ, որ սկսում է  տնտեսապես  մեծապես տուժել եւ Էրդողանի՝ ներողություն խնդրելու գլխավոր պատճառը դա է»,- կարծիք հայտնեց ԱԺ պատգամավորը:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանի կարծիքով էլ՝ Պուտին-Էրդողան երկխոսության վերականգնման գլխավոր պատճառը  երկու երկրների մեկուսացվածությունն է  Արեւմուտքի հետ հարաբերություններում:

Նա նաեւ նկատեց, որ Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահների դերակատարության ընդգծմամբ՝ ռուս-թուրքական հաշտեցման հարցում, փաստորեն արձանագրվեց, որ Ալիեւը կարող է ազդեցություն ունենալ Պուտինի կողմից կայացվող որոշումների վրա, ինչը մեզ  համար պետք  է մտահոգիչ լինի: Ինչ վերաբերում է Թուրքիայի  հաշտեցման քայլը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման  բանաձեւի ընդունմամբ կամ ղարաբաղյան հիմնախնդրով պայմանավորելուն, ըստ Պապյանի, դրանք ընդամենը Արեւմուտքի կողմից հղված տեսանելի «մեսիջներ» են, մինչդեռ իրականում խնդիրը  շատ ավելի լայն է, եւ առկա են նաեւ լուրջ հակասություններ հենց Թուրքիա-ՆԱՏՕ տիրույթում:

«Հիմա Էրդողանը սկսեց  խաղարկել այն, ինչն արդեն մեկ անգամ արվել էր քսանական թվականներին: Այդ ժամանակ էլ երկու մեկուսացված պետություններ փորձեցին մերձենալ, եւ դա Թուրքիայի համար եղավ բավականին հաջող, իսկ մեզ՝ հայերիս համար, ցավոք, բավականին անհաջող: Դրա համար էլ ես մտավախություն ունեմ, որ նույն սցենարը կարող է հիմա էլ կրկնվել: Եվ եթե այն ժամանակ  այդ հաշտեցման գրավականը առնվազն Կարսի մարզն էր ու Սուրմալուն,  ապա հիմա  դա տեղի է ունենալու արդեն մեր շահերի հաշվին՝ Ղարաբաղով:  Եվ Լավրովի ծրագիրը` հինգ շրջանների հանձնումը ավելի կայուն վիճակի դիմաց,  դա մինչ օրս ներկայացված առաջարկներից  ամենավատ   տարբերակն է: Որովհետեւ եթե սկզբից  տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքն էր, հետո դառավ տարածքներ խաղաղության դիմաց, ապա հիմա արդեն տարածքներ ավելի կայուն վիճակի դիմաց տարբերակն է: Հետեւաբար՝ ես որեւէ լավատեսական կանխատեսում չունեմ Ղարաբաղի հարցում՝ հատկապես ռուս-թուրքական այս  մերձեցման արդյունքում»,-ընդգծեց Պապյանը:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերութունների վերականգնման տնտեսական ազդեցությանը Հայաստանի վրա՝ քննարկմանը մասնակցող տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նկատեց, որ  Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսությունները հնարավոր չէ համեմատել՝ դրանց ծավալների տարբերության պատճառով.« Թուրքիայի ՀՆԱ-ն 720 միլիարդ դոլար է, Հայաստանինը՝ 10,5, անհամեմատելի են նաեւ ներմուծման ու արտահանման ծավալները: Այնուհանդերձ՝ տնտեսագետը նշեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ամիսներին Հայաստանից արտահանման տեմպերի աճ է արձանագրվել.2015 թվականի ընթացքում ՌԴ ենք կարողացել արտահանել 244 միլիոն դոլարի հասնող արտադրանք, իսկ 2016-ին 5 ամսվա կտրվածքով՝ ունենք 132 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող արտահանում»,-ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ  ՀՀ-ի տնտեսությունը արտահանման ծավալներով  մեծապես կախված է ՌԴ-ից:

«Մեր հիմնական գործընկերը բոլոր դեպքերում մնում է ՌԴ-ն, արդյոք կարողացա՞նք օգտվել այդ հարաբերություններից, բնականաբար չէինք կարող շատ արագ զարգացնել ջերմոցային տնտեսությունը՝ ապահովելով պահանջարկը, նույն Թուրքիան 600 միլիոն դոլարի մրգեր է արտահանում դեպի ՌԴ, բանջարեղենի ծավալը 336 միլիոն դոլար է, եթե համեմատում ենք մեր ցուցանիշները՝ ընդամենը  16, 17 միլիոն են»,-ասավ Խաչատրյանը:

Տնտեսագետը  նկատեց, որ այս ընթացքում ռուսական շուկայում իր դիրքերն ամրապնդեց Իրանը՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանման պայմանագրեր կնքելով ՌԴ-ի հետ: Ըստ խաչատրյանի՝ Հայաստանը կարող է 10, 20, 30 միլիոն դոլարի օգուտներ ունեցած լինել այս  ամենից, այդ թվում եւ՝ զբոսաշրջային հոսքերի ավելացման հետ կապված:

«Բայց մենք գիտենք, որ ռուս զբոսաշրջիկները առավելապես նախընտրում են ծովային հանգիստը, իսկ մենք ծով չունենք: Իհարկե, չեմ բացառում, որ այստեղ մենք աճ ունեցած լինենք,  բայց դա չենք կարող նշանակալի գործոն համարել մեր տնտեսության համար»,- եզրափակեց բանախոսը:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանն էլ, վկայակոչելով պաշտոնական վիճակագրական տվյալները, նշեց, որ  Հայաստանը  շահել է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից.

«Տասնյակ անգամներով աճել է օրինակ բանջարեղենի արտահանումը դեպի ՌԴ, մասնավորապես՝ լոլիկի, բայց պաշտոնական վիճակագրությանը վստահելու շատ առիթներ չունենք, քանի որ մենք չգիտենք, թե որքան է եղել վերաարտահանումը, այսինքն որքան լոլիկ է բերվել Թուրքիայից, ՀՀ-ում վերաձեւակերպվել՝ փոխելով ծագման երկրի փաստաթղթերը, ու արտահանվել ՌԴ: Դա վատ չէ, եթե կարողացել են անել, նույնը արել են նաեւ Ադրբեջանում, Բելառուսում»,-նշեց Գեւորգյանը:

Բանախոսը նաեւ նկատեց, որ եթե մինչ այս,  օրինակ,  հայկական լոլիկը մրցակցում էր թուրքական էժան լոլիկի հետ, եւ բնականաբար, մրցունակ չէր, ապա ռուս-թուրքական հարաբերությունների վատացումից հետո արդեն մեր արտադրանքը մրցակցում էր Մարոկկոյից ՌԴ ներմուծվող լոլիկի հետ,  որը 47 տոկոսով թանկ էր, եւ սա ձեռնտու էր հայկական արտահանողներին:

«Մինչդեռ հիմա մենք ստիպված ենք լինելու  մրցակցել էժան թուրքական եւ այլեւս էժան ռուսական ապրանքների հետ: Դա է պատճառը, որ լավատեսության հիմքեր չունենք»:

Բանախոսները նշեցին, որ ներկայումս ռուսական քաղաքականությունն ուղղված է այդ երկրի տնտեսությունը ինքնաբավ դարձնելուն, եւ  միջազգային պատժամիջոցներն ու  մեկուսացումը այդ առումով բավականին լավ խթան հանդիսացան:

«Մեդիակ կենտրոնի» հարցին, թե որն է պատճառը, որ ավելի քան 25 տարի նման ՚խթան ունենալով, լինելով շրջափակման մեջ, Հայաստանի տնտեսությունն այդպես էլ չի հաջողվում դարձնել ինքնաբավ, տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը արձագանքեց. «Փակ տնտեսությունները երբեք չեն կարող զարգանալ: Առավելագույնը՝ կարող են ինչ-որ ցուցանիշների բարելավում արձանագրել՝ կարճաժամկետ հատվածում»:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար: