«Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ խոշտանգումների. խոշտանգման դեպքերը Հայաստանում»
29.06.2016
11:00
«Ես շատ դժվարությամբ եմ կարողանում իմ պաշտպանյալներին բացատրել և 10-ից մեկ դեպքում է ինձ հաջողվում դա անել, որ եթե իր նկատմամբ կիրառվել է խոշտանգում, ապա անհրաժեշտ է դիմել, պայքարել, պահանջել, որպեսզի խոշտանգողները ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Բանախոսը ընդգծեց՝ որպեսզի խոշտանգումների դեպքերը բացահայտվեն, նախ եւ առաջ՝ խոշտանգվողն ինքը պետք է այս հարցում շահագրգռված լինի, հետևողական լինի ու բարձրաձայնի այդ մասին:

«Խոշտանգումների հետ կապված՝ ես երեք գործով եմ ՄԻԵԴ-ում հաղթանակի հասել, բայց հավատացեք՝ եթե իմ պաշտպանյալները պատրաստ լինեին ու բարձրաձայնեին խոշտանգումների բոլոր դեպքերը եւ պայքարեին ինձ հետ միասին, ապա դա կլիներ ոչ թե 3, այլ 30 հաղթանակ»,- հայտարարեց բանախոսը՝ հավելելով, որ մեր  հասարակությունն անթույլատրելիորեն հանդուրժող է  խոշտանգումների նկատմամբ:

Քննարկման մյուս բանախոսի՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանի ներկայացմամբ՝  մինչև 2015 թվականը ներառյալ  ՄԻԵԴ-ում  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  3-րդ՝ խոշտանգումների արգելմանը վերաբերող հոդվածով  կայացվել է 12 վճիռ: 

«Մեկ գործ եղել է հենց խոշտանգման առնչությամբ, 9-ը եղել են անմարդկային վերաբերմունքի առնչությամբ, 2 գործ՝ քննության արդյունավետության բացակայության մասով»,- ասաց նա:

Հարությունյանի ներկայացմամբ՝ խոշտանգումների մասին առավել շատ բարձրաձայնվել են ձերբակալված անձանց պահման վայրերում հասարակական դիտորդական խմբի կողմից: Նա որպես օրինակ նշեց ձեռքի տակ եղած 2013թ-ի տվյալները, երբ 1431 ձերբակալվածների շրջանում դիտորդական խմբի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է մարմնական վնասվածքներ ստանալու  324 դեպք, դրանց առնչությամբ խմբի կողմից 363 հաղորդում է ներկայացվել:

«363 հաղորդումների արդյունքում ընդամենը 7 քրեական գործ է հարուցվել, բոլորի առնչությամբ էլ տեղի է ունեցել կարգապահական վարույթ, որի արդյունքում կարգապահական պատասխանատվության են ենթարկվել: Որևէ դեպքում քրեական պատասխանատվություն չի եղել»,- եզրափակեց Հարությունյանը:

Բազմաթիվ աղմկահարույց գործերով թե ներհայաստանյան դատական ատյաններում, թե ՄԻԵԴ-ում հաղթանակ տարած փաստաբան Հայկ Ալումյանն էլ  նկատեց, որ  ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների թիվը չի նշանակում, որ Հայաստանում խոշտանգման 12 դեպք է տեղի ունեցել:

«Դա նշանակում է, որ ուղղակի այդքան մարդ արդարության հասնելու գործում հետևողական է եղել»,-ընդգծեց Ալումյանը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավարը տեղեկացրեց՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խոշտանգումների գործով կոմիտեն սահմանել է ուժեղացված վերահսկողության Հայաստանի դեմ, քանի որ կոմիտեն ներկայացվող գործերի արդյունքում հանգել է եզրակացության, որ պետությունը բավարար քայլեր չի ձեռնարկում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար:

«Եղել են դեպքեր,  երբ կոնկրետ ծառայողներ, ովքեր Եվրոպական դատարանի որոշմամբ ճանաչվել են իրավախախտներ, հետագայում ստացել են պաշտոնի բարձրացում, արժանացել են խրախուսանքի: Մենք տարիներ շարունակ ահազանգում ենք այդ դեպքերի մասին, բայց ցավոք սրտի, համակարգային լուրջ փոփոխություններ չկան»,-նշեց Հարությունյանը:

Հայկ Ալումյանն էլ  հավելեց,  որ անձանց նկատմամբ բռնությունները հիմնականում  կիրառվում են ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու համար, որոնք չնայած իրավապաշտպանների բոլոր ջանքերին՝ շարունակվում են դատավորների կողմից դրվել  մեղադրական դատավճռի հիմքում.  «Ինչպես ասում են՝ պահանջարկը ծնում է առաջարկ:  Եթե դատարաններում կա պահանջարկ  ցանկացած գնով,  ցանկացած խոշտանգումների միջոցով վերցված ցուցմունքներն օգտագործել, ապա ակնհայտ է որ կլինեն  խոշտանգումներ եւ կլինեն ցուցմունք կորզողներ»:

Խոշտանգումների դեմ պայքարում փաստաբանը կարեւորում է հանրության վերաբերմունքը. «Ցավոք՝ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ եվրոպական չափանիշներին, սա է խոշտանգումների հետ կապված իմ գլխավոր եզրակացությունը: Այսօր հասարակության հետ քիչ է տարվում բացատրական աշխատանք, որպեսզի հասարակությունը հասկանա, որ այդ խոշտանգվողի տեղում մի օր էլ ինքը կարող է հայտնվել, եւ ընդվզի ու անհանդուրժողական լինի նման դեպքերի նկատմամբ: Երբ, օրինակ, ասվում է, որ ՔԿՀ-ում 8 կալանավորի համար նախատեսված խցում պահվում է 15 հոգի, մեր հասարակությունը դրանից չի ցնցվում: Ընդհակառակը՝ հասարակությունն ասում է՝ հանցագործ են, բա թող մի քիչ էլ նեղություն քաշեն»:

Բանախոսը ընդգծեց, որ այսօր միակ շահագրգիռ կողմը՝ խոշտանգումների բացահայտման հարցում՝ դա քաղաքացիական հասարակությունն է եւ լրագրողները:  Ինչ վերաբերում է խոշտանգումների կանխարգելմանը՝ փաստաբանը նկատեց, որ դա շատ դժվար  չափելի հարց է: Սակայն կա մեկ ցուցիչ, որը նկատի առնելով՝ կարելի է ասել՝ խոշտանգումների դեմ պայքարը լավ է գնում, թե առհասարակ պայքար չկա:

«Նախորդ տարում քանի մարդ է դատվել խոշտանգման համար՝ զրո, նախանցյալ տարի՝ զրո, դրանից առաջ՝ էլի զրո... եւ այսպես շարունակ: Այ սա է գլխավոր ցուցիչը, որը ցույց  է տալիս որ մեզանում խոշտանգումների դեմ պայքար չի տարվում, իսկ այն անձինք կամ քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք փորձում են պայքարել, ամեն ինչ արվում է, որ այդ մարդիկ հաջողության չհասնեն»,- հավելեց Ալումյանը:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ