«Կոռուպցիոն ռիսկեր պաշտպանության ոլորտում». նոր զեկույցի ներկայացում
27.06.2016
11:00
Մեդիա կենտրոնում անցկացված «Կոռուպցիոն ռիսկեր պաշտպանության ոլորտում» թեմայով քննարկմանը մասնակցում էին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը և կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը:

«Ապրիլ ամսին մենք ականատես եղանք, որ պաշտպանության ոլորտի կոռուպցիան ոչ միայն պարզապես պետբյուջեի վրա կարող է ազդել, այլև կյանքեր արժենալ»,- հունիսի 27-ին «Կոռուպցիոն ռիսկեր պաշտպանության ոլորտում. նոր հետազոտության ներկայացում» թեմայով ասուլիսի ընթացքում հայտարարեց Սոնա Այվազյանը:

Հետազոտության համաձայն՝ ուսումնասիրված 114 երկրների թվում Հայաստանը գտնվում է բարձր կոռուպցիոն ռիսկեր պարունակող երկրների շարքում՝ 17 այլ երկրի հետ մեկտեղ: Հայաստանի հետ նույն խմբում են գտնվում Ուկրաինան, Պորտուգալիան, Թուքիան, իսկ ավելի վատ վիճակում են Ադրբեջանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը:

«2013 թվականին կենտրոնի Գլոբալ կոռուպցիոն բարոմետրի ուսումնասիրությունը բացահայտել է, որ Հայաստանի բնակչության 47 %-ը կարծում է, որ պաշտպանության հաստատություններում առկա է կոռուպցիա: 47 տոկոսը քաղաքացիների բավականին լուրջ թիվ է եւ պաշտպանության ոլորտն այնքանով է կարեւոր, որ երկրի անվտանգությանն է վերաբերում» ,-նշեց բանախոսը:

Նա ընդգծեց, որ իրենք հանգել են այն եզրակացության, որ ԱԺ Պաշտպանության, Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի հանձնաժողովի կողմից վերահսկողությունն այնքան ուժեղ չէ, ինչը պայմանավորված է որոշ տվյալների գաղտնիությամբ, ինչպես նաեւ այդ հանձնաժողովի կարողություններով:

«Մենք տեղյակ չենք` որքանով են մանրամասն այդ բյուջեներն ու հաշվետվությունները վերահսկվում և ուսումնասիրվում: Մենք տեղյակ ենք, որ ինչ բյուջե ներկայացնում են, ամեն դեպքում հաստատվում է հանձնաժողովի կողմից, արտաբյուջետային միջոցներն առհասարակ չեն վերահսկվում: ՊՆ-ն որքան գումար ուզում է, տրվում է, և պատշաճ վերահսկողություն չի իրականացվում»,- ընդգծեց Այվազյանը:

Ըստ նրա, Վերահսկիչ պալատի եւ ներքին աուդիտի ստուգումների մասին հրապարակած տվյալներ չկան, եւ պարզ չէ ընդհանրապես ստուգումներ եղել են, թե` ոչ. «ՊՆ-ն բաժնեմաս ունի 11 ձեռնարկություններում, սակայն մենք գաղափար չունենք, թե ինչպիսի ծախսեր ու եկամուտներ ունեն այդ ձեռնարկությունները: Դրանց տվյալները որեւէ տեղ չեն հրապարակվում: Դուք լսել եք «Հայրենիք» եւ «Մարտիկ» հիմնադրամների մասին, առաջինը օգնում է ՊՆ արտաբյուջետային միջոցներով, իսկ «Մարտիկ» հիմնադրամի մասին առհասարակ, մութ է ամեն ինչ, որտեղից են գոյանում, ինչ ուղղություններով են ծախսվում միջոցներըր: Ինչ կապ ունեն բարձրաստիճան պաշտոնատար անձինք դրա հետ, ինչպես են նրանք հավաքում այդ գումարները: Դա կարող է տարրական լինել կամ փողերի լվացման հնարավորություն կամ պարզապես շորթման՝ տարբեր մարդկանցից եւ հիմնադրամի ստեղծման, որի նպատակն էլ շատ կասկածելի է»:

Սոնա Այվազյանն անդրադարձավ նաեւ ընտրական գործընթացներում առկա կոռուպցիոն դրսեւորումներին:

«Ընտրությունների ժամանակ, փաստորեն, զինվորները քվեարկում են իրենց տարածքում գտնվող զորամասերում: Զինվորներն իրենց, այսպես կոչված, ընտրությունը կատարում են կա՛մ հրամանատարների ցուցումով, կա՛մ անգիտության մեջ, քանի որ նրանց համար քարոզչությունն արգելված է: Նրանք դիտում են Հ1-ը, որը բոլորովին օբյեկտիվ չի լուսաբանում քարոզարշավը, և նրանք չեն կարող սեփական կարծիք ձևավորել: Նրանց ընտրության տանում են խմբերով կամ առնվազն հոգեբանական ճնշում են գործադրում ընտրությունից առաջ»,- նշեց բանախոսը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանն էլ, ներկայացնելով թվային թվյալներ, նախ նշեց, որ Հայաստանն առաջին տասնյակում է այն երկրների շարքում, որոնց պաշտպանական բյուջեն ՀՆԱ-ում ամենախոշորներից է: 

Ըստ զեկույցի՝ 2014թ. պաշտպանության բնագավառին ուղղված բյուջետային ծախսերը կազմել են շուրջ 190 մլրդ դրամ (կամ 2014թ ՀՆԱ-ի մոտ 3.9%): 2015թ. պաշտպանության բնագավառին ուղղված բյուջետային ծախսերը մի փոքր աճել են` կազմելով 198.5 մլրդ: Չնայած այդ հանգամանքին ՀՆԱ-ի համեմատ պաշտպանության բնագավառի ծախսերը մնացել են գրեթե նույն մակարդակի վրա (3.9%): Պաշտպանության ծախսերը 2014-2015 թվականներին կազմել են ընդհանուր ծախսերի 14-15%-ը կամ ՀՆԱ-ի շուրջ 4%-ը: Այս ցուցանիշով Հայաստանն ընդգրկված է ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրների տասնյակում, իսկ տարածաշրջանի ցուցանիշներից ավելին է մոտ 2.4 անգամ (Համաշխարհային բանկի տվյալներով՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում միջինն արձանագրվել է 1.8%):

2014թ․-ին e-gov.am կայքում որպես հանրային տեղեկատվություն ներկայացված պայմանագրային բազայում առկա են 11364 ձեռքբերման մասին տվյալներ, որոնց համաձայն ՊՆ կողմից իրականացվել է 94 մեկ անձից ձեռքբերում (ներկայացվածի 0.8%)` 1371 մլն դրամ արժողությամբ:

Արտակ Մանուկյանը նկատեց, որ մեկ անձից գնումների հետ կապված տեղեկատվությունը ներկայացվում է թերի, քանի որ կայքը ներկայացնում է ընդամենը 50 պայմանագիր՝ շուրջ 295 մլն դրամի արժողությամբ, այսինքն՝ ընդհանուր մեկ անձից ձեռքբերումների 21%-ը: ՙՓաստորեն, ֆիլտրելու պարագայում 2014թ. ոչ գաղտնի համարվող գնումների մոտ 80%, մեծ հաշվով, հասանելի չէ հանրությանը՚,- նշեց փորձագետը՝ ընդգծելով, որ ՊՆ կողմից իրականացված 2014թ. 1371 մլն դրամի հասնող մեկ անձից գնումները ավելի քան 10 անգամ գերազանցում են 2014թ. ԳԱԿ-ի հաշվետվության մեջ ներկայացված 116մլն-ը:
Բանախոսի գնահատմամբ՝ մեկ անձից գնումներում կան մի շարք ռիսկային պայմանագրեր:

«Օրինակ` տպագրություն է իրականացվում փոխկապակցված ընկերություններից` «Հենակետ» ՓԲԸ եւ «Զինառ» ՓԲԸ:/ Զեկույցի համաձայն՝ 2014թ. մեկ անձից ձեռքբերումներով իրականացված ընթացակարգերի թվաքանակի մոտ 27%-ը բաժին է ընկնում ՊՆ ենթակայության ներքո գտնվող «Զինառ» ՓԲԸ-ին և «Հենակետ» ՓԲԸ-ին: Առաջինը 2014թ. 17 ճաշկերույթի ծառայություն է մատուցել՝ 14.5 մլն դրամ արժեքով, իսկ ՙՀենակետ՚ՓԲԸ-ն 2015թ. 81 մլն դրամի թերթի տպագրության պայմանագրով հատկացված գումարից միայն 12 մլն դրամն է ծախսել նշված նպատակով, իսկ մնացածը հատկացվել է այլ տպագրության համար/: Ի դեպ, ասեմ, որ այստեղ «Հայ զինվոր» թերթի տպագրությունը ներառված չէ, այսինքն, բացի դրանից էլի ինչ-որ տպագրություն է իրականացվում, որը որ տեսանելի չէ»,- նշեց փորձագետը:

Արտակ Մանուկյանի խոսքերով, ռիսկերից մեկը տեղեկատվության ոչ ամբողջական հրապարակումն է. «Երբ դուք ասում եք` գրիչ, դա բավարար չէ, որպեսզի մատակարարը հասկանա` ինչ տեսակի գրիչ եք դուք ուզում, որովհետեւ գրիչ մեկը կարող է հասկանալ Փինկերտոն եւ մյուսը կարող է հասկանար 60 դրամանոց գրիչ և, ըստ այդմ, հայտեր ներկայացնել»: Արտակ Մանուկյանը պահանջների նման ոչ ամբողջական հրապարակման օրինակներից առանձնացրեց 160 միլիոնով կնքված` ինժեներական վերանորոգման պահեստամասեր գնելու պայմանագիրը: «Այսինքն` եթե դուք հայտ եք ստանում ինժեներական վերանորոգման պահեստամասեր, եթե դուք չգիտեք ինչի մասին է խոսքը, ինչ իմանաք, ի՞նչ է դրա տակ ներառվելու»:

«Մեդիա կենտրոնի» հարցին՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանը վերջերս հանդիպումներ ունեցավ ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերությունների հետ եւ հայտարարեց, որ այսուհետ պատվիրատուն, ապրանք ընդունողը եւ մրցույթ հայտարարողը տարանջատվելու են, արդյոք այս փոփոխությունն առավել արդյունավետ կդարձնի՞ պետական գնումները, Արտակ Մանուկյանը պատասխանեց, որ գործիքը դրական է եւ կարող է որոշակիորեն նվազեցնել ռիսկերը:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ