«#Electricyerevan. պայքարից մեկ տարի անց. ամփոփ գնահատականներ և դիտարկումներ»
23.06.2016
12:00
«Էլեկտրիկ Երևանը Հայաստանի ամենապայծառ դեպքերից էր, այդպիսի երիտասարդական պոռթկում ես չեմ հիշում անկախ Հայաստանի պատմության մեջ»,-«Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Այդ երիտասարդները չհուսահատվեցին իրավապահ մարմինների կողմից բանեցվող տարատեսակ ճնշումներից, և կրկին ու կրկին հավաքվեցին` պայքարելու միասնական գաղափարի շուրջ: Ինչ-որ մի պահ հասարակության մեջ սկսեցին տարբեր խոսակցություններ, հատկապես՝ երբ պայմանական նրանք բաժանվեցին, մի մասը գնաց Օպերայի բակ: Սկսեցին ասեկոսեներ, բամբասանք: Ես կասեմ, որ հասարակությունը շատ ավելին էր պահանջում նրանցից, քան պետք էր պահանջել: Նրանք փորձված քաղաքական ուժ չէին եւ քաղաքական հարց էլ չէին դրել»- նշեց բանախոսը:

Անդրադառնալով շարժման հետագա ընթացքին եւ ի վերջո մարմանը՝ նա նկատեց. «Ինչ-որ մի պահի պատասխանատվության այն հզոր բեռը, որ նրանց վրա եկավ, եւ նրանցից արդեն պահանջում էին քաղաքական որոշումներ, նրանք պատրաստ չէին եւ շատ բնական է, որ պատրաստ չէին: Մենք անընդհատ պահանջում ենք՝ այսպես արեք, այնպես արեք: Այդ տղաները արեցին այն, ինչ-որ այդ ժամանակ հնարավոր էր: Եվ ես նրանցից շնորհակալություն եմ հայտնում մի տարի հետո, որ նրանք ցույց տվեցին, որ հայ երիտասարդության մեջ կա դեռեւս այդ ավյունը»:

Պատասխանելով հարցին՝ արդյոք նման շարժում կարող է կրկնվել եւ ինչ հարցի շուրջ՝ Իշխանյանն ասաց. «Կարո՞ղ է դա կրկնվել, ես կարծում եմ, որ այո, կարո՞ղ է կրկնվել ավելի կազմակերպված եւ հեռահար նպատակներով, ես հույս ունեմ, որ այո, որովհետեւ կարծում եմ՝ դա մի մեծ փորձ էր, եւ եթե նրանք շարունակեն իրենց մտորումները, կազմակերպված ձեւ տան իրենց աշխատանքներին, ապա թարմ շունչ կբերեն: Եվ նաեւ ես շատ կուզենայի, որ նրանք դառնային քաղաքական ուժ, որովհետեւ հոգնել ենք այդ հին 80-ական թվականների քաղաքական ուժերից»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ  ընդգծեց, որ այդ օրը  ոստիկանությունը խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկել 237 հոգու, մինչդեռ հետագայում պարզ դարձավ, որ այդ քաղաքացիներից որեւէ մեկին նման մեղադրանք առաջադրել հնարավոր չէ. «Ոստիկանությունը նշում է, որ իրենք ակներեւ տեսել են, որ այդ մարդիկ խուլիգանություն են կատարում: Այնուհետեւ Քննչական կոմիտեն ասում է, որ ոչ մի խուլիգանություն չի եղել, եւ ոստիկանությունն առ այսօր չի պատասխանել, թե այդ ինչ զանգվածային խուլիգանության մասին էր խոսքը, այդ ինչ հալյուցինացիաներ էին ոստիկանության մոտ»:

Բանախոսի խոսքով՝ եթե մինչև հունիսի 23-ի դեպքերը մարդիկ մտածում էին, որ 7 դրամի համար չարժե այդպես պայքարել, ապա հունիսի 23-ի Ոստիկանության գործողությունը մոտիվացրեց մարդկանց՝ դուրս գալ պայքարի. «Սա արդեն պայքար չէր 7 դրամի համար, սա արդեն սկզբունքային հարց էր: Իրականում Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելուց առաջ միշտ պետք է մտածի, որ դա կարող է իշխանության համար ավելի վտանգավոր լինել, քան ձեռք չտալը»:

Իոաննիսյանն ընդգծեց, որ առ այսօր ոստիկանությունը կատարվածը փորձում է ներկայացնել որպես առանց կենտրոնացված հրամանի գործողություն՝ պնդելով, թե  չի եղել առանձին հրաման՝ ցույցը ցրելու, ջրցան մեքենաներ օգտագործելու մասին. «Սա ամեն կերպ ոստիկանության կողմից հերքվում է, թեեւ ակնհայտ է, որ ջրանետը  հաշվարկի հրամանատարի որոշմամբ չի եկել ու սկսել գործածվել, սա անհնար է»:

Բանախոսը նաեւ հատկանշական համարեց այն, որ  առ այսօր չկա որեւէ ոստիկան, որը գործում որպես մեղադրյալ ներգրավված լինի, անգամ  կասկածյալ չկա:

«Այնինչ,  գործում պետք է լիներ մոտ 300-400 տուժող, ում խաղաղ հավաքների ազատությունը սահմանափակվել է, ում տարել են ոստիկանության բաժին, եւ բոլոր ոստիկանները, որոնք մարդկանց տարել են բաժին, ջրանետ են կիրառել, հրաման են տվել, տեղում տեսել են, թե այլ ոստիկանները ինչպես են հանցագործություն կատարում եւ չեն միջամտել, պետք է որպես մեղադրյալ ներգրավվեին: Այդտեղ ներկա երեք գեներալների մասով կան ականատեսների հրապարակավ վկայություններ, որոնք կոնկրետ հանցագործությունների ապացույցներ են պարունակու»,- նշեց բանախոսը:

«Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» հ/կ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանն էլ արձանագրեց, որ  հունիսի 23-ը հանրային մասնակցության փորձ էր. «Այսինքն՝ կայացվում էր որոշում, որի առնչությամբ հանրությունն ուզում էր ապահովել իրեն ավելի ձեռնտու տարբերակի իրականացումը: Սակայն Ոստիկանությունն ուղղակի հանրային մասնակցության փորձը բռնի ուժով չթույլատրեց, որի արդյունքում՝ բազմաթիվ քաղաքացիներ ունեցան ֆիզիկական վնասվածքներ, տեղի ունեցավ քաղաքացիների անօրինական ազատազրկում, հավաքների ազատության իրավունքը խախտվեց, մարդիկ հարկադիր ենթարկվեցին բժշկական ստուգումների, և այլն: Պետք է լիներ մարդկանց խումբ, ովքեր պատասխանատվության ենթարկվեին նման գործողությունների համար: Կարծում եմ, որ կադրերում երևացող բռնություն գործադրող ոստիկանները որոշակի պատասխանատվության կենթարկվեն, բայց ինքը՝ երևույթը և համակարգի ներգրավվածությունն այդ գործողություններում, որևէ ձևով գնահատականի չի արժանանալու»:

«Մեդիա կենտրոնի» դիտարկմանը՝ արդյոք կարելի է նման հույս ունենալ՝ հաշվի առնելով այն, որ անցած մեկ տարվա ընթացքում որեւէ ոստիկան գործում ներգրավված չէ որպես կասկածյալ՝ Հ. Հարությունյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ այն ցայտուն կադրերը, որտեղ կոնկրետ լրագրողի կամ ֆիզիկական անձի նկատմամբ գործողություն է իրականացվում, և հնարավոր չէ որևէ կերպ բացատրություն գտնել, այդ փոքր դրվագների համար առանձին անձինք որոշակի պատասխանատվության կենթարկվեն: Ընդ որում, գուցեև՝ ոչ քրեական»:

Քննարկմանը մասնակցող   Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ նախ նշեց, որ կոմիտեն ամբողջ տարվա ընթացքում հետեւել է Հունիսի 23-ի դեպքերի առնչությամբ ՀՔԾ-ում հարուցված քրգործի ընթացքին, ապա հավելեց, որ  բռնության ենթարկված լրագրողները նկատում են, որ կարծես թե ողջ ընթացքը ձեւական է, քանի որ գործում մեկ տարվա մեջ որեւէ առաջընթաց չի արձանագրվել.

«Մենք խոսում ենք ոստիկանների մասին, բայց քաղաքական վերնախավն է որոշում կայացրել, կարծում եմ՝ պետք է իշխանություններն իրենց վրա զգան այդ պատասխանատվությունը, քանի որ խաղաղ ցույց են ցրել ու լրագրողների աշխատանք խոչընդոտել: Այդ օրն այնքան լրագրողներ տուժեցին, որքան չէին տուժել 2008 թվականի Մարտ 1-ի տխրահռչակ դեպքերի ժամանակ, ուստի պետք չէ ամպագոռգոռ հայտարարություններ անել, որ ՀՀ-ում խոսքի ազատություն է գործում»,-նկատեց  Մելիքյանը:

Նա նաեւ նշեց, որ  Բաղրամյան պողոտայի դեպքերը ցույց տվեցին, որ եթե իշխանությանը վտանգ է սպառնում, նա պատրաստ է լինում ամեն ինչի:

«Եվ եթե Բաղրամյանի դեպքերը չլինեին, սրիկա Բիբինը այստեղի սրիկա շրջանակների հետ շարունակելու էր կոռուպցիան և թալանը:  Այնպես որ՝ հունիսի 23-ի դեպքերը շատ կարեւոր էին եւ ազնիվ, եւ լավ կլինի, որ  այդ ըմբոստ ոգին մեր հասարակությունից հեռու չգնա»,-հավելեց Մելիքյանը:

Քննարկմանը մասնակցության հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ Ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Հատուկ Քննչական Ծառայություն, սակայն նրանք  հրաժարվել էին մասնակցել քննարկմանը:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք areviksahakyan@mail.ruհասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ