«Ի՞Նչ տվեց Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպումը»
21.06.2016
12:30
«ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ԼՂՀ ճակատագրին արժանացան: Հիշու՞մ եք, որ ինչ-որ պահի Ղարաբաղը դուրս եկավ բանակցային գործընթացից, այս անգամ Ֆրանսիայի ու ԱՄՆ ներկայացուցչներին հազիվ վերջում թույլ տվեցին մոտենալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Մոտավորապես նույն ճակատագիրն է: Սա եւ դրական է, եւ բացասական: Դրականն այն է, որ մի մակարդակի դրվեցին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ԼՂՀ-ն, մյուս կողմից՝ միջնորդների թիվը, երբ կրճատվում է, այդքան էլ լավ չէ»,- հայտարարեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը «Ի՞նչ տվեց Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումը» թեմայով Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ:

Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է, որ Ռուսաստանն ուզում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: «Ակնհայտ է նաև, որ, ցավոք, մենք չենք կարող պնդումը, թե ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցային գործընթացին, կյանքի կոչել: Մեծ սխալ է նաև, որ մենք դիպուկահարների հարցը չենք բարձրացնում: Պարզ է, չէ՞, որ խնդիր կա, որը պարունակում է միայն քաղաքական կամքի դրսևորում: Եթե դիպուկահարներին դուրս բերելու հստակ հարց լինի, այստեղ ոչ մի գումար, ոչինչ պետք չէ: Ցավում եմ, որ մեր կողմը ոչ միայն ԼՂՀ-ին բանակցային պրոցես վերադարձնելու հարցը չի պնդում, այլև չի բարձրացնում նաև դիպուկահարների հարցը: Դժվարանում եմ ասել՝ ինչու»:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը Վիեննայի գործընթացի շարունակությունն էր՝ բանախոսն ասաց. «Վիեննայում որոշվել էր, որ Կասպրշիկի գրասենյակը կընդլայնվի, ինչպես նաեւ կհետաքննվի ռազմական գործողությունը, ուսումնասիրություններ կկատարվեն նախահարձակ կողմին պարզելու համար: Ակնհայտ է, որ այս հանդիպման ընթացքում երկրորդի մասին խոսք անգամ չի եղել: Ադրբեջանը չէր էլ ուզում դա քննարկել: Իսկ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը ոչինչ չի փոխի: 200 կիլոմետրանոց շփման գիծը 5 հոգի, թե 25 հոգի կվերահսկի, տարբերություն չկա»:

Քննարկմանը մասնակցող քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանն էլ նկատեց, որ ի հակառակ Ռուսաստանի ցանկությունների՝ նրան թույլ չտրվեց գործընթացի կառավարման միանձնյա ղեկն իր ձեռքը վերցնել. «Այստեղ մի բան եղավ, որ մեզ համար կարեւոր է: Ռուսաստանին չհաջողվեց մենատեր լինել կարգավորման գործընթացում: Մինսկի խմբի անդամները թույլ չտվեցին դա: Միանշանակ է, որ Ադրբեջանն իր վարքագիծը չի փոխում: Զորավարժություններ սկսվեցին հանդիպումից անմիջապես առաջ: Նրանք ցույց են տալիս, որ պատերազմական տրամադրություն ունեն եւ պիտի շարունակեն դա: Մեզ համար իրական հաջողություն կլինի այն, որ խաղաղ վիճակը օգտագործենք բանակը, ինչպես նաեւ զորահրամանատարական կազմը կարգի բերելու եւ պատերազմին պատրաստվելու համար: Այլ հարցերում, կարծում եմ, որեւէ բան չի փոխվել»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, սակայն, բանակցային ձեւաչափում հստակ փոփոխություն է արձանագրում. ըստ նրա՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմամբ, նաեւ ընդունված համատեղ հայտարարությունում արված հիշատակմամբ, թե այս եռակողմ հանդիպումներն, ի հավելումն ԵԱՀԿ գործընթացի, կշարունակվեն՝ խոսում է Ղարաբաղի կարգավորման հարցով նոր ձեւաչափի ձեւավորման մասին: «Ես կասկածում եմ, որ Սերժ Սարգսյանն անկեղծորեն կբացահայտի, թե ինչ են խոսել: Տարիներ առաջ «Կազանը» նույնիսկ չէր բացատրում, թե ինչ է իրենից ներկայացնում, որին ինքը հավանություն էր տվել: Դրա մասին հասարակությունն իմացավ 2016-ի պատերազմից հետո: Այստեղ է հենց, որ մեր հասարակությունն իր զգոնությունը պետք է պահի, որովհետև Ադրբեջանն ուժեղացել է, բալանսը փոխված է ի օգուտ նրա: Ալիևը սպառնում է, որ եթե ռեալ պրոցես չգնա բանակցային գործընթացում, ինքը կգնա ռազմական գործողությունների, ինչը տարբեր պատճառներով շահավետ չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Արևմուտքին»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց. «Քանի դեռ սահմանին լարվածությունը չի մեծացել, կնշանակի վատ է՝ տանում են Կազան 2-ի, իսկ եթե Ադրբեջանը նորից կսկսի ագրեսիան՝ կնշանակի, որ բավարարված չէ: Այստեղ հակառակ տրամաբանությամբ է գալիս: Այսօրվա անդորրը վաղվա համար շատ լուրջ վտանգ է»,- եզրափակեց քաղաքագետը:

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան նաեւ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը: Ս. Գրիգորյանը Սեֆիլյանին համարեց «պոտենցիալ քաղբանտարկյալ», իսկ Երվանդ Բոզոյանն էլ նկատեց. «Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել հունիսի 20-ին` այն օրը, երբ գնում են բանակցություններ երեք նախագահների միջև՝ կներեք՝ ես ունեմ կասկած, որ այս ձերբակալությունով, ըստ էության, հայկական կողմն ուզում է մեսիջ տալ բանակցային մյուս կողմին, որ իրենք պատրաստվում են որոշակի քայլերի գնալ, և դրա համար նրանք պետք է խաղից հանեն ռադիկալ շրջանակներին: Այսպիսի քայլով հայկական կողմը շատ վատ մեսիջ է տալիս միջնորդներին, Ադրբեջանին և Ռուսաստանին: Այնտեղ հայկական կողմից թուլություն են տեսնում: Անկախ նրանից՝ Ժիրայր Սեֆիլյանն ինչ կարծիք ունի, ես կարծում եմ, նա այդպիսի կարծիքի իրավունք ունի ամեն դեպքում: Եթե իշխանությունն ուզում է ինքնակամ մանևրի դաշտը թուլացնել, նշանակում է՝ ինքն իր մեջ որոշակի լուծումներ արդեն ունի, ինչը դառնում է մտահոգիչ»,-ընդգծեց բանախոսը:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր
Հեղինակի հետ կապվելու համար գրեք areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ