ԼՂ հակամարտությունից, մինչև առեւտրաշրջանառություն եւ ժխտողականության քրեականացում – Ֆրանսիայի դեսպանի ասուլիսը
21.06.2016
11:00
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Սանկտ-Պտերբուրգի հանդիպումը, հայ-ֆրանսիական առեւտրա-տնտեսական համագործակցության ներկա ընթացքը եւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հնարավորությունը Ֆրանսիայի խորհրդարանում: Ահա այն հիմնական հարցերը, որոնց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձավ հունիսի 21-ին «Մեդիա կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսին:

Պետերբուրգի հանդիպումը՝ դրական նախաձեռնություն

Դեսպանը դրական գնահատեց հունիսի 20-ին պաշտոնական Մոսկվայի նախաձեռնությամբ Սանկ-Պետերբորգում անցկացված ԼՂ հակամարտության կարգավորման վեաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովի արդյունքները: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ինքնին լավ նշան է: Մեկ ամսվա ընթացքում երկու հանդպում տեղի ունեցավ: Առաջինը Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ, երկրորդը՝ Սանկտ-Պետերբուրգում: Տեղի են ունենում շփումներ, երկոսություն, որը միտված է վստահության միջոցների հաստատմանը, ինչն ինքնին լավ նշան է, որովհետև առանց երկխոսության չի կարող լինել քաղաքական լուծում», - հայտարարեց դեսպանը:

Պետերբուրգում կայացած հանդիպմանը նախագահներն ընդհանուր հայտարարություն ընդունեցին, որում կողմերը նշեցին իրենց հակվածությունը խաղաղ կարգավորմանը, վերսկսել բանակցային գործընթացը եւ պահպանել հրադադարի ռեժիմը: Հանդիպումից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ նախագահների համաձայնեցած եռակողմ հայտարարության տեքստում «կոնկրետ քայլեր են նախանշված» բանակցային գործընթացի ակտիվացման համար: Բացի այդ կողմերը համաձայնել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների քանակը, ովքեր աշխատում են հակամարտության գոտում: Նախագահները համաձայնել են նաեւ շարունակել հանդիպումները, ինչպես նաեւ եռակողմ ձեւաչափով՝ «ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»:

Դեսպանի խոսքով, այն որ կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները եւ քննարկումները, արդեն իսկ դրական նախաձեռնություն է: «Չխորանալով հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասների մեջ՝ ես, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ներկայացուցիչ, կարող եմ ևս մեկ անգամ ընդգծել Ֆրանսիայի պատրաստակամությունը ուղեկցել այս բանակցային գործընթացը»,-ասաց Շարպանտիեն՝ չբացառելով այն հավանականությունը, որ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայի միջնորդությամբ: «Ինչու՝ ոչ», - պատասխանեց դեսպանը հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ապագայում Ֆրանսիայի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպում կայանա:  

Այս համատեքստում նա հիշեցրեց Սանկտ-Պետերբուրգի հանդիպման պայմանավորվածությունն առ այն, որ ակնկալվում են նաեւ այլ հանդիպումներ ևս: «Խոսքը Պետերբուրգում կայացած գագաթնաժողովի նման հանդիպումների մասին է նաեւ: Մենք միշտ էլ ընդգծել ենք Ֆրանսիայում հանդիպումներ անցկացնելու մեր պատրաստակամությունը»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ այժմ էլ Վիեննայում շարունակվում են աշխատանքները շփման գծի երկայնքով վստահության մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Նրա խոսքով, վստահության մեխանիզմների ձևավորումն առանցքային և կարևոր հարց է։ «ԵԱՀԿ- ն շարունակում է աշխատել այդ ուղղությամբ», - ասաց նա:

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ

Ասուլիսին Ֆրանսիայի դեսպանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի ընդունման հնարավորությանը: Նրա խոսքով, նոր օրինագծի տեքստը գրեթե պատրաստ է եւ առաջիկայում «այդ մասին կլսենք»: «Սակայն օրինագիծը վերաբերում է ոչ միայն Հայոց Ցեղասպանության ժխտմանը, այլ Ֆրանսիայի ճանաչած բոլոր ցեղասպանություններին», - ճշգրտեց դիվանագետը:

Հիշեցնենք, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից էր:

Հատկանշական է, որ 2011 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց պատգավավոր Վալերի Բուայեի հեղինակած եւ ներկայացրած ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, որը նաեւ հավանության արժանացավ Ֆրանսիայի Սենատում: Սակայն մեկ ամիս անց օրինագիծը տապալվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդում, որը այն հակասող ճանաչեց երկրի Սահմանադրությանը՝ նշելով, որ ցեղասպանության ժխտման համար տույժ և քրեական պատասխանատվություն սահմանելով, հակասահմանադրական «ոտնձգություն է կատարվել խոսքի և արտահայտման ազատության նկատմամբ»:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հիշեցրեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթն այս տարվա հունվարին Ֆրանսիայի հայկական կառույցների համակարգող ժողովին, որի ժամանակ նա «հստակ ասաց», որ պետք է կրկին սկսել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծերի ընդունման գործընթաց: «Այժմ կարող եմ ասել, որ հստակ հանձնարարություներ են տրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային, որպեսզի նա ձեռնամուխ լինի նոր օրինագծի մշակման աշխատանքներին: Օրիագծի տեքստը գերեթե պատրաստ է: Ուստի մենք առաջիկայում կլսենք դրա մասին», - հավելեց նա:  

Մտահոգություններ

Ասուլիսին դեսպանը, խոսելով Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների մասին, հատկապես ընդգծեց փոխադարձ առեւտրաշրջնառության փոքր չափսերը, ինչը չի բավարարում ֆրանսիական կողմին: Թեպետ, ըստ դեսպանի երկկողմ քաղաքական հարաբերությունները գնվում են «գերազանց մակարդակի վրա», սակայն առեւտրաշրջանառությունը կազմում է տարեկան շուրջ 50 մլն եվրո:

«Սա փոքր ցուցանիշ է: Ապրանքաշրջանառությունը չի համապատասխանում երկկողմ քաղաքական ու մշակութային բարձր մակարդակի համագործակցությանը: Ես միշտ այս հարցը բարձրացնում եմ», - ասաց ֆրանսիացի դիվանագետը՝ հավելելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երկու երկրների տնտեսական հարաբերություններն ավելի շարժունակ լինեն: «Պատճառը թերեւս այն է, որ երկու երկրների գործարարները լավ տեղեկացված չեն միմյանց հնարավորությունների մասին: Այս ուղղությամբ պետք է աշխատանք տանել», - հավելեց նա: 

Հայ-ֆրանսիական հարաբերությունների մյուս կարեւոր ուղղությունն, ըստ դեսպանի, հակագործակցությունն է Ֆրանկոֆոն երկրների կազմակերպության շրջանակներում: Այստեղ եւս դիվանագետը նշեց բավականին «մտահոգիչ տվյալներ»: Բանն այն է, որ Հայաստանում կրճատվում է ֆրանսերեն տիրապետողների թիվը: «Այն պետք է աճեր, քանի որ արդեն 3 տարի  է ՀՀ-ն Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ է: Սակայն եթե մինչ անկախությունը ֆրանսերեն տիրապետողների թիվը 93.000 էր, անկախությունից հետո նվազել է մինչեւ 35.000-ի: Սրանք մոտավոր թվեր են, սակայն ցույց են տալիս, որ ֆրանսերենի տիրապետորղների թիվը Հայաստանում կրճատվել է շուրջ երեք անգամ», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ