Առցանց ԶԼՄ-ների դաշտի կարգավորում. անհրաժեշտություն եւ վտանգներ
15.06.2016
13:00
«Առցանց լրատվամիջոցները պետք է հարկային դաշտ մտնեն եւ դառնան իրավաբանական անձ: Եվ առցանց լրատվամիջոցների կարգավորումը ազատության սահմանափակման որեւէ խնդիր չի կարող առաջացնել: Սանձարձակությունը, անարխիան չափազանց շատ են եւ նրանք, ովքեր փորձում են այս դաշտում աշխատել, դժվարություններ են ունենում: Դժվարություն՝ կապված քոփի-փեստերի հետ եւ նման բազմաթիվ խնդիրների: Բացի այդ, հասարակությունն անվստահություն ունի դեպի լրագրողներն ու լրատվամիջոցները՝ ընդհանրապես:

Եթե մի քանի լրատվամիջոցներ չեն ճշգրտում իրենց կողմից հաղորդվող տեղեկությունները, այսինքն՝ պատասխանատվություն չունեն հասարակության հանդեպ, ապա դա ազդում է բոլոր լրատվամիջոցների վրա: Մարդիկ ասում են՝ մամուլում եմ կարդացել, եւ վերջ: Սա պետք է փոխվի եւ կանոնակարգով»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Քննարկման հիմնական թեման օրերս 15 խմբագիրների արած հայտարարությունն էր, որով նրանք պահանջում են առցանց լրատվական դաշտի կանոնակարգմանն ուղղված քայլեր անել՝ սահմանելով հավասար պայմաններ հարկային պարտավորությունների, գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության հետ կապված, ինչպես նաեւ գրագողության դեմ կոշտ պայքար տանելու մասով:

Առցանց լրատվամիջոցների գործունեության կանոնակարգման նախաձեռնությունը որպես խոսքի ազատությանն ուղղված սպառնալիք  գնահատող «Սիվիլնեթի» սյունակագիր Արմեն Գրիգորյանը, ընդունելով, որ դաշտում իրապես առկա են լուրջ խնդիրներ, այդուհանդերձ նշեց, որ իրեն անհանգստացնում է այն,  որ լրատվական դաշտ են մտցնում հարկային մարմնին։

«Հայաստանում գործող ամենակոռումպացված մարմնին բերում են հաշվիներ մաքրելու  դաշտ, որտեղ ինքը ամենամեծ հնարավորությունն ունի ազդելու: Այդպես հավելյալ հնարավորություն է տրվում հարկայինին իր իշխանությունն այլ նպատակներով օգտագործելու համար: Մյուս խնդիրն այն է, որ հայտարարությամբ կոչ է արվում սահմանափակել լրատվամիջոցներին լուսաբանելու իշխանությունների գործունեությունը: Աշխարհի բոլոր երկրներում ամենամեծ խոսքի ազատության սահմանափակողը իշխանությունն է: Երբ նրանց տրվում են հավելյալ գործիքեր, իշխանությունները դա կփորձեն այլ նպատակով օգտագործել»,- նկատեց բանախոսը՝ հավելելով, որ ինքը դեմ է դաշտում իշխանության միջոցով որեւէ կարգավորման:

Ինչ վերաբերում է գրագողության դեմ պայքարին, ապա ըստ Գրիգորյանի, համացանցում շատ դժվար է գրագողությունը կանխել եւ միայն մրցակցության շնորհիվ կարելի է հասնել լավ արդյունքի:

«168 ժամ» թերթի եւ 168.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ հակադարձելով Արմեն Գրիգորյանին՝ նշեց.ՙ «Եթե իշխանությունները վատն են, դա չի նշանակում, որ իշխանություն չպետք է լինի, եթե հարկային մարմիններից դժգոհություն ունենք, դա չի նշանակում, որ չպետք է վերահսկողություն լինի: Մենք կոչ ենք անում, որ բոլորս աշխատենք հավասար պայմաններում: Մենք` ներքոստորագրյալներս, միայն չպետք է հարկեր վճարենք, արտադրանք ստեղծենք, աշխատողներ պահենք, խմբագրակազմ ունենանք, բայց հայտնվեն պորտաբույծներ դաշտում և առանց ջանք գործադրելու կարողանան գողանալով ու այլ ձևերով ինքնահաստատվել ու այլ խնդիրներ լուծել: Այս իրավիճակը ձեռնտու է հենց իշխանություններին և այն ուժերին, որոնք ուզում են հայտնվել քաղաքական դաշտում»:

Բանախոսը նաեւ արձանագրեց, որ հենց իրենք՝ տպագիր մամուլի ներկայացուցիչներն են տարիների ընթացքում խոսքի ազատությունը նվաճել, եւ այսօր տարակուսելի է, որ ոմանք այն փորձում են պաշտպանել իրենցից՝ խմբագիրներից:

«Մենք դրա գինը գիտենք: Խոսքի ազատությունը փնթի, գողացված, անօրինական նյութը  չէ: Փառք Աստծո, հիմա ով որտեղ և ինչպես ցանկանա կարող է արտահայտվել, իսկ խմբագիրների հայտարարությունն ուղղված է գրագողերից պաշտպանված լինելուն և հավասար պայմաններում գործելուն»,-ասաց Սեյրանյանը:

Քննարկմանը մասնակցող խմբագիրները նշեցին, որ  «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ դրույթներ վերանայման կարիք ունեն, քանի որ  օրենքն ընդունվել է 2003-ին եւ որոշ առումներով հնացած է: 

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նկատեց, որ  ԶԼՄ-ների խմբագիրների բարձրացրած խնդիրները  իրավական դաշտում լուծվել չեն կարող՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ  «նշված  խնդիրներին լուծում չտալը կարող է հանգեցնել մամուլի սնանկացման: Մասնավորապես այն, որ պորտաբույծները գողանում ու վաճառում են լրատվամիջոցների արտադրանքը»:

Սամվել Մարտիրոսյանը տարբերակեց, որ կան գողացող ԶԼՄ-ներ, որոնք նորմալ դաշտում են գտնվում, նրանց հետ հարցը դատարանում պետք է լուծվի: Մյուս շերտը կուսակցական ու տարբեր բիզնեսների շահերն ապահովող կայքերն են. «Այս ոլորտը կարգավորելը բարդ է, քանի որ լրատվականն ու կուսակցականը խառնված են: Կան նաև այնպիսիք, որոնք լրատվամիջոց չեն, այլ ուղղակի ինչ-որ մեկն արագ կայքեր է ստեղծում ու գողանում նյութեր և դրանք տարածելով` գումար աշխատում: Դրանց պոչը գտնելը հնարավոր չէ: Դրանցից որոշները նույնիսկ Հայաստանում չեն գործում. Կրասնոդարում նստած հայկական լրատվամիջոց են սարքում, կամ լրատվամիջոց կա, որ Նիկոլսկայա պլազայից է գործում, ֆինանսավորումն էլ ՌԴ-ից է, բայց գործում են մեր դաշտում՚: Փորձագետի կարծիքով՝ առցանց դաշտում լրատվական գործունեություն իրականացնողների դեմ ոչ թե պետք է պայքարել իրավական դաշտում, այլ խնդիրը տանել ինքնակարգավորման ու հասարակական իրազեկման ոլորտ: Երբ կարգավորում է մտցվում, սկսում է գնալ դեպի գրաքննություն, չես կարգավորում՝ գնում է դեպի անարխիա: Հետեւաբար, հանրության հետ աշխատանքը միայն կարող է արդյունք տալ»:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք areviksahakyan@mail.ruհասցեին:

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: