«Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման քաղաքական հետեւանքները»
03.06.2016
12:00
«Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը շառաչուն ապտակ էր Թուրքիային»,- կարծում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: «Դա ոչ մի ապտակ էլ չէր, ընդամենը թեթեւ կսմիթ էր»,- հակադարձում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Իսկ քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն էլ նշում, որ Գերմանիայի այդ քայլը ոչ միայն շատ լուրջ, աննախադեպ քաղաքական կոնսենսուսի արդյունք է, այլեւ միտված է Թուրքիայի հետ կապված երկարաժամկետ քաղաքականության իրագործմանը:

«Բունդեսթագում այս բանաձեւի ընդունմանը մեծապես նպաստեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողոնը, որը փախստկանների հարցով առեւտուր էր անում Գերմանիայի եւ Եվրոպայի հետ եւ փորձում էր նրանց շանտաժի ենթարկել», «Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման քաղաքական հետևանքները» թեմայով Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց  թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Նրա գնահատմամբ. «Նման բանաձևի ընդունմամբ Գերմանիան Թուրքիային շառաչուն ապտակ հասցրեց:Նույնիսկ թուրք պատգամավորները կողմ քվեարկեցին: Մեկ ձեռնպահ քվեարկած պատգամավորն էլ ոչ թե չէր ընդունում, որ ցեղասպանություն եղել է, այլ նշում էր, որ հարցը պետք է քննարկվի Թուրքիայի խորհրդարանում»,-ընդգծեց  Իսպիրյանը՝ հավելելով, որ  բանաձևի ընդունման վերաբերյալ քաղաքական որոշում կար:

Իսկ ահա քննարկմանը մասնակցող քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ավելի լավ է նման բանաձեւ առհասարակ չընդունվեր, քան ընդունվեր այդպիսի թույլ, եւ վտանգավոր   ձեւակերպումներով. «Հենց առաջին պարբերությունում խոսվում է հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունների մասին: Քրիստոնյա բառը վտանգավոր է: Չկա նման բան, որ Հայոց ցեղասպանությունը կատարվեց այն պատճառով, որ հայերը քրիստոնյա էին, այլ 1915-ին կատարվեց էթնիկ զտում: Բունդեսթագը նման բացթողում կատարելու իրավունք չուներ: Վատ դրույթ է նաև այն, որ ասվում է, թե պետք է խթանվի Թուրքիայի կողմից սկսված գործընթացը հայկական հուշարձանների և մշակութային ժառանգությունը վերականգնելու ուղղությամբ: Գերմանիան կուլ է տվել թուրքական քարոզչական խայծը, համաձայն որի`նրանք մի քիչ վերանորոգեցին Ախթամարը և Տիգրանակերտի եկեղեցին, որը հետո բռնագրավվեց: Սա դնել բանաձևում չափազանց անընդունելի է: Անընդունելի է հղումը ցյուրիխյան արձանագրություններին, որոնք մեռած են: Հստակ տարբերություն է դրվում Հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների միջև`համարելով, որ Հոլոքոստը առանձնահատուկ է: Բանաձևում կա համատեքստ, որ այսօրվա Թուրքիան պատասխանատվություն չի կրում 1915-ին կատարված իրադարձությունների համար, այդ դեպքում ինչո՞ւ է այսօրվա Գերմանիան ստանձնել պատասխանատվություն Հոլոքոստի համար: Սա ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե շառաչուն ապտակի, այլ թեթև կսմթոցի հետ, այն էլ մարմնի թիկունքի հատվածում»,- եզրափակեց քաղաքագետը: 

Նման գնահատականին կտրականապես չհամաձայնվեց քննարկմանը մասնակցող Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը: Նա ընդգծեց, որ սա մինչ այժմ ընդունված նմանատիպ ամենաուժեղ բանաձեւերից մեկն էր, ապա մատնանշեց. «Դուք պատկերացնում եք, թե  Գերմանիայի նման  երկրում ինչ ահռելի աշխատանք պետք է տարվեր, որպեսզի 3-4 էջանոց տեքստում ամեն մի բառի ու արտահայտության համար հասնեին կոնսենսուսի: Նման բան անգամ Հայաստանի նման երկրում է դժվար: Եվ եթե Եվրամիության ամենաթելադրող երկրի պատգամավորների մեծամասնությունը  միանում է այս տեքստին, համաձայնեք, որ սա երկրի դիրքորոշում է: Հանձնարարականները աննախադեպ շատ էին, ինչը չեմ տեսել այլ բանաձևերում»,-նշեց Սաֆարյանը:

Հայկ Մարտիրոսյանի հակադարձմանը, թե դա  ոչ հստակ ձեւակերպումներով, առանց «ներողություն» բառի եւ միայն վերնագրում  եւ տեքստում մեկ անգամ «ցեղասպանություն» եզրույթի կիրառմամբ վտանգավոր հանձնարարականների շարքով մի փաստաթուղթ է, որն իրավական հետեւանք չունի՝ Սաֆարյանն արձագանքեց. «Ֆրանսիայի պառլամենտի ընդունած բանաձեւն էլ շատ կարճ  էր և անուն դնել, ասել` նա էլ կարճ էր,  ինչո՞ւ 3- 4 էջ չի, ինչպես Գերմանիայի Բունդեսթագի բանաձևու՞մ: Մեր տարբերությունն այն է, որ Դուք Գերմանիայի Բունդեսթագից սպասում էիք դատավճիռ, մինչդեռ դա քաղաքական մարմին է, որը, կարծում եմ, ֆանտաստիկ քայլ արեց»,- եզրափակեց բանախոսը՝  կարծիք հայտնելով, որ մենք կտեսնենք դրա շարունակությունը:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն էլ, անդրադառնալով այս բանաձեւի ընդունումից հետո թուրք-գերմանական հարաբերություններին՝ նշեց. «Հետևանքները Թուրքիայի համար ծանր կլինեն: Այդ երկիրը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ իր գլխավոր դաշնակիցը ընդունում է Հայոց ցեղասպանությունը և իր մեղսակցությունն է շեշտում: Գուցե դրանից հետո Թուրքիային հասկացնեն փոխհատուցում տալու անհրաժեշտության մասին, երբ իրենց համար դա կլինի շահավետ: Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին, ապա Էրդողանը ոչ մի դեպքում չի գնա Գերմանիայի հետ հարաբերությունների խզմանը»:  

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին
23.04.2018
12:00
Ապրիլի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս-քննարկում «Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին» թեմայով:
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ