Ընտանեկան բռնության և կանանց սպանության դեպքերը Հայաստանում․նոր զեկույցի ներկայացում»
31.05.2016
12:00
Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ կին ենթարկվում է բռնության, իսկ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում 30 կին սպանվել է զուգընկերոջ կամ ընտանիքի այլ անդամների կողմից: 2015 թ. Հայաստանի անվտանգության մարմիններն արձանագրել են 784 ընտանեկան բռնության հաղորդում: Այս թիվը չի ներառում ո՛չ որպես «անհաշտ ընտանիքներ» որակված, ո՛չ էլ ընդհանրապես հաղորդում չներկայացրած դեպքերը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ընտանեկան բռնության և կանանց սպանության դեպքերը Հայաստանում․նոր զեկույցի ներկայացում» թեմայով ասուլիսի ընթացքում այս տվյալները ներկայացրեց «Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչ, հետազոտության հեղինակ Անի Ճիլոզեանը. «Կնասպանության դեպքեր Հայաստանում գրանցվել են հիմնականում 20-40 տարեկան կանանց շրջանում: Զոհերի մեծամասնությունը եղել են գյուղական պայմաններում ապրող (63 տոկոս), հիմնականում Արարատի և Արմավիրի շրջաններում: Սպանությունների մեծամասնությունը եղել է հենց տանը: 30 զոհից 21-ը ապրում էին բռնարարի հետ նույն տանը, երբ սպանությունը եղել է, առնվազն 4-ը փորձում էին խզել հարաբերությունները բռնարարի հետ, 3-ը խզել են հարաբերությունները սպանությունից առաջ: Հիմնականում կանանց սպանությունները կատարվել են դանակահարելով, վիզը կտրելով, բութ առարկայով ծեծելով և խեղդամահ անելով, այսինքն` դաժան կերպով»,- հետազոտության արդյունքները ներկայացրեց բանախոսը: 

Ըստ զեկույցի՝ կնասպանություն իրականացրած հանցագործների ազատազրկման միջին ժամկետը 9 տարի է եղել, 30-ից միայն 4-ն են այս պահին դատապարտված: 16 դեպքերի համար դատավճիռ չկա, թեև երկար ժամանակ է անցել: Ընդհանրապես գործ չի հարուցվել մեկ դեպքի համար. այն որակվել է որպես ինքնասպանություն, իսկ կնասպանության 9 դեպքերի քննության ընթացքը դեռ անհայտ է: 
Միայն կոալիցիայի անդամ կազմակերպությունները տարեկան 2000-ից ավել ընտանեկան բռնության ահազանգ են ստանում: Հաշվի առնելով կանանց նկատմամբ բռնության հաղորդումների ցածր մակարդակը՝ տանը բռնության ենթարկվող կանանց փաստացի թիվը համարվում է զգալիորեն ավելի մեծ:

Կնասպանության դեպքերի կանխարգելման հարցում, ըստ հետազոտության, իրավապահ մարմինները հիմնականում անգործություն են ցուցաբերում: Կանանց իրավունքների կենտրոնի իրավաբան Էլինա Դանիելյանն առանձնացրեց իրավական թերացումները. «Խնդիր կա ոստիկանության աշխատողների հետ, իրենք անհրաժեշտ արձագանք չեն տալիս հաղորդումներին և հետևողական չեն լինում: Հետևաբար սպանությունները չեն կանխվում»: 

 Ըստ ազգային վիճակագրության թերևս միակ հասանելի տվյալների՝ Հայաստանում 2012թ. հաղորդված դիտավորյալ սպանությունների զոհերի 10.5%-ը կանայք են՝ սպանված զուգընկերոջ կամ ընտանիքի անդամների կողմից, մինչդեռ զուգակցի կամ ընտանիքի անդամների կողմից սպանված տղամարդկանց թիվը զգալիորեն քիչ է՝ 2.9%: Շատ կարևոր է հաշվի առնել, որ այս թվերը ներկայացնում են միայն փաստագրված դիտավորյալ սպանությունները, և չեն ներառում չհաղորդված կամ որպես դիտավորյալ սպանություն չորակված դեպքերը:

Ինչպես փաստում են ոստիկանական արձանագրությունները, ընտանիքի, ընկերների կամ վկաների հետ հարցազրույցները, ընտանեկան բռնության հետևանքով սպանության 30 արձանագրված դեպքերից գրեթե բոլորում բռնարարը նախկինում ևս դրսևորել է բռնարար վարք:  Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը խնդրի լուծման համար կարեւորեց հատկապես կանխարգելիք միջոցառումների իրականացումը՝ այդ հարցում առաջնային նշանակություն տալով  ՙԸնտանեկան բռնության կանխարգելման մասինՙ օրենքի ընդունմանը.ՙ Հայաստանի իշխանությունները պարտավորվել են ավելի քիչ, քան 6 ամսում ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, որն արդեն երկու անգամ վերադարձվել է Ազգային ժողովից ու ներկայումս կրկին լրամշակվում է: Նախագիծը ներառում է հենց կանխարգելիչ միջոցառումներ, որոնք հնարավորություն կընձեռեն զոհին ու բռնարարին որոշակի ժամանակ իրարից հեռու ապրելու: Կան մի շարք կանխարգելիչ մեխանիզմներ. օրինակ` կացարաններում բնակության վայր են տրամադրում, ապարանջաններ են հագցնում ձեռքերին, որ 100 մետրից ավելի չմոտենան և այլն»,- ներկայացրեց  Հովհաննիսյանը:

Պատասխանելով Հայաստանի հետ համադրելի երկրներում առկա իրավիճակի մասին հարցին՝  Անի Ճիլոզեանը նշեց, որ թե Վրաստանում, թե Ադրբեջանում եւ Թուրքիայում վաղուց արդեն ընդունվել եւ գործում են ՚Ընտանեկան բռնության կանխարգելման մասինՙ օրենքներ:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ