Կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրները
20.05.2016
13:00
«2017թվականը նախընտրական տարի է, և բնական է, որ դժգոհ հատվածի փողոցում հայտնվելն անցանկալի է իշխող կուսակցության համար, որն էլ նախաձեռնեց Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետաձգումը մասնավոր հատվածի համար»,-Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ պայքարող Դեմ եմ շարժման նախկին անդամը նշեց. «Մենք նոր թափ էինք տալիս ստորագրահավաքի միջոցով այս շարժմանը, որպեսզի կարողանանք հետաձգել, ընդհանրապես հանել տանք և դարձնենք կամավոր։ Մենք խորապես հավատում ենք, որ նման ռիսկային համակարգը կարող է առաջարկել հանրության ամբողջաան վստահությունը վայելող իշխանությունը միայն, եւ այն կարող է լինել միայն կամավորական սկզբունքով։ Եվ իմ համոզմամբ՝ այդ բողոքի ալիքը սաստելու համար են  պարտադիր բաղադրիչի ներդնումը տեղափոխել, սա իմ տեսակետն է».- ներկայացրեց  Մանե Թանդիլյանը։

Անդրադառնալով օրերս Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՀՀ օրենքում՚ փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ընթացքում սոցապ նախարար  Արտեմ Ասատրյանի ներկայացրած հիմնավորմանը, թե այս փոփոխությունն անհրաժետ է՝ նոր հարկային օրենսգրքի հետ միաժամանակ նաեւ այս բարեփոխումը կյանքի կոչելու, ինչպես նաեւ՝ հանրությանն առավել իրազեկելու համար,  Թանդիլյանը նշեց, որ այդ  բացատրությունները դժվար է հիմնավոր համարել:

«Անցել է արդեն մեկ տարի, և սա պետք է լիներ բավարար ժամանակ իրազեկելու բնակչությանը, եթե ընդհանրապես նման գործընթաց և ցանկություն կար։ Եվ այն ժամանակ էլ, երբ մենք դեմ էինք այդ համակարգին, շեշտում էինք, որ մարդիկ բավականաչափ իրազեկված չեն։ Կապելով այս հետաձգումն օրենքի ընդունման հետ՝ ես նորից եմ ուզում շեշտել, որ հիմա էլ կան մարդիկ ովքեր համակարգի մեջ են, և ո՞վ էր ասում, որ եթե հիմա միանային մնացածները, հնարավոր չէր լինելու այդ համակարգը տեղափոխել, կամ համապատասխան փոփոխություններ անել»,-հավելեց Թանդիլյանը:

Քննարկմանը մասնակցող  ՀՅԴ փորձագետ, տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ նկատեց, որ 2016 թվականի բյուջեով նախատեսված է նպատակային սոցվճարների առանձին բաժին, ինչը նախկինում չկար:

«Արդյոք նպատակային սոցվճարները երաշխավորվա՞ծ են. Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, սահմանված նպատակային վճարները ոչ միայն այն չափով, որքան անձն է ներդրել եւ գումարած ինֆլյացիայի մակարդակը, այլ նաեւ պետք է երաշխավորված լինեն պետական միջոցները: Այս մասով դեռեւս երաշխավորություն չկա եւ ամրապնդվում է անվստահության մթնոլորտը համակարգի նկատմամբ»,-ասաց Պարսյանը:

Փորձագետն անդրադարձավ նաեւ Արտեմ Ասատրյանի՝ ԱԺ-ում  ներկայացրած տվյալներին, ըստ որոնց մինչեւ այժմ կուտակային համակարգում ներառված է 145 հազար հոգի, որից 65 հազարը՝ պետական, մնացածը՝ մասնավոր. «Պետական համակարգից պարտադիր վճարում են բոլորը, մասնավոր սեկտորից այն մարդիկ են, որոնք հոժարակամ են մտել. Կամ դիմում չեն գրել, որ չվճարեն, կամ նոր աշխատանքային շուկա են մտել՝ մոտ 3000 մարդ»:

Քննարկման մասնակիցները նշեցին, որ մասնավոր հատվածի մեջ  մտնում են  նաեւ բանկային համակարգի աշխատակիցները: Մանե Թանդիլյանը նկատեց, որ քանի որ  բանկերը Կենտրոնական բանկի վերահսկողության տակ են,  իրենք թույլ չեն տվել, որ իրենց  աշխատակիցները դիմում գրեն, իսկ Սուրեն Պարսյանն էլ նշեց, որ դրա փոխարեն բարձրացրել են նրանց աշխատավարձը:

«Հետեւաբար՝ այդ հատվածն էլ է պարտադիր ներառվել»,- եզրափակեց Թանդիլյանը:

Քննարկմանը մասնակցող հաշվապահ, «Դեմ եմ» շարժման անդամ Շողեր Բաբայանն էլ նշեց, որ մինչև այժմ նամակներ է ստանում անհատ ձեռներեցներից, որոնք չեն հասցրել կարճ ժամկետներում հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից:

«Այն ժամանակ հիմնականում անհատ ձեռնարկատերերի մեծ մասը չի հասցրել հրաժարվել, մինչ այժմ ես նամակներ եմ ստանում: Մարդիկ են եղել, որ երկրում չեն եղել, այդ մարդիկ 5 ամիս ունեցել են, ինչո՞ւ եք կրճատել դարձրել 10 օր»,-հավելեց Բաբայանը:

Անդրադառնալով կուտակային ֆոնդում առկա գումարին՝ Սուրեն Պարսյանն ասաց. «Մենք այժմ ունենք 36 միլիարդ դրամ գումար կուտակային ֆոնդում: Մեր տնտեսությունում որտեղ են ներդրվել այդ գումարները, մենք ունե՞նք արժեթղթերի զարգացած շուկա, որտեղ ներդրվի ու տոկոսներ լինեն: Ֆոնդերի գումարների մեծ մասը պետական պարտատոմսերի մեջ են ներդրվել: Այսինքն, պետական համակարգից եկել են ֆոնդ, որտեղից նորից գնացել  են պետական համակարգ»: 

Շողեր Բաբայանը կարեւորեց նաեւ խնդրի քաղաքացիական ընկալումը. ի՞նչ է ուզում քաղաքացին այս ռեֆորմից:

«Այս հարցի հիմքում մի այսպիսի մեկնաբանություն դրվեց՝ ինչի՞ համար է մեզ պետք կուտակայինը։ Տիգրան Սարգսյանն այսպիսի մի հայտարարություն արեց. այն ժամանակ՝ երբ այս երիտասարդները կլինեն ծերեր, կենսաթոշակառուներ, մենք այն ժամանակ մի քանի անգամ ավելի քիչ երիտասարդներ կունենանք, որոնք սերունդների համագործակցության շնորհիվ չեն կարողանա ապահովել տվյալ պահի կենսաթոշակները։ Իսկ ինչո՞ւ դա պետք է այդպես լինի, ինչո՞ւ պետք է այդպիսի կանխատեսում ունենանք, որ մեր երիտասարդները քչանալու են»,-հավելեց Բաբայանը։  

Այս կապակցությամբ Սուրեն Պարսյանն էլ հիշեցրեց. «Երբ հարցնում էինք, թե ինչու է 1974 թվականի հունվարի 1-ից հետո անձանց տրվել, նրանք պարզապես նշում էին, որ մենք հաշվի ենք առել ակտուալ մաթեմատիկական հաշվարկներ, որ 23 տարի կուտակումների դեպքում է, որ գումար կարող է ձևավորվել, և դրա հաշվին դու կարող ես ունենալ արժանապատիվ ծերություն, թոշակ և այլն: Հիմա հարց է առաջանում, 3 տարի հետաձգվեց, մի տարի էլ հիմա են հետաձգում, այդ դեպքումձեր հաշվարկներն ի՞նչ եղան»:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի միջոցառումների համակարգող

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: