Լրագրողներն ու իրավաբաններն Ադրբեջանի դեմ դատական հայցեր կներկայացնեն
23.05.2016
11:00
Հայաստանում մի խումբ լրագրողներ ու իրավաբաններ հանդես են եկել ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան զինված բախումների վերաբերյալ Միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ դատական հայցեր ներկայացնելու նախաձեռնությամբ:

Այս պահին նրանք փաստահավաք գործունեություն են ծավալում, որպեսզի Ադրբեջանի կողմից զինված հանցագործությունների վերաբերյալ բավարար փաստեր ու ապացույցներ հավաքելուց հետո դիմեն համապատասխան միջազգային կառույցներ: Առաջին հերթին Մարդու իրավունքների միջազգային դատարան (ՄԻԵԴ) եւ Միջազգային քրեական դատարան:

«Այս նախաձեռնությամբ մենք հանդես եկանք երկար մտորումներից հետո առ այն, թե ինչ կարող են անել քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներն ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանձագործություններն ի ցույց դնելու եւ դրանք դատական կարգով վիճարկելու ուղղությամբ», - նշում է նախաձեռնության անդամ «Մեդիա և իրավունք» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Լալայանը:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով էլ ապրիլյան պատերազմի վերաբերյալ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը բացի քաղաքականից պետք է ունենա նաև իրավական լուծում: «Դրա համար համապատասխան մեխանիզմներ ու միջազգային իրավական ընթացակարգեր կան», - ասաց նա:

«Մեդիա կենտրոնում» մայիսի 23-ին կայացած «Լրագրողների ու իրավաբանների առաջիկա քայլերն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում» թեմայով ասուլիսին նախաձեռնության անդամներ Լիլիթ Լալյանը եւ իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեցին իրենց առաջիկա անելիքներն ու ծրագրերը: «Առաջին հերթին պետք է իրականացնել փաստահավաք աշխատանք: Հավաքել անհերքելի ու անվիճարկելի փաստեր ռազմական հանցագործությունների, արգելված զինատեսկաների, օրինակ՝ «Սմերչ» զինատեսակի կիրառման վերաբերյալ: Դրանք կարող են լինել լուսանկարներ, վիդեոնյութեր, լրագրողական ռեպորտաժներ, ՊՆ նյութեր և այլն», - նշեց Լիլիթ Լալայանը:

Թեպետ նախաձեռնությունը մի քանի շաբաթների «կյանք» ունի, ու նրան այժմ մասնակցում են հաշված թվով անհատ լրագրողներ, լրագրողական կազմակերպություններ ու իրավաբաններ, այնուամենայնիվ նախաձեռնության անդամները լիահույս են, որ առաջիկայում իրենց կմիանան նոր գործընկերներ թե՛ լրագության եւ թե՛ իրավագիտության ոլորտներից: «Կոչ են անում մեր գործընկերներին միանալ այս գործին, քանի որ մեր նպատակն է ոչ թե մեկին ուղղակի մեղադրելը, այլ այս քայլերով փորձել հասնել խաղաղության ու խուսափել ապրիլյան դեպքերի կրկնությունից: Մեր նպատակը խաղաղությունն է», - ասաց Լալայանը՝ նշելով, որ լրագրողների գործունեությունը պիտի լինի փաստահավաք, իսկ իրավաբանները կգնան դատական գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Փաստաբան Նիկոլայն Բաղդասրյանը տեղեկացրեց, որ կա երկու հիմնական միջազգային դատական ատյան, որտեղ հայցեր են ներկայացնելու նախաձեռնության անդամները՝ բավարար ապացույցներ ու փաստեր հավաքելուց հետո: Այդ ատյաններն են, ըստ իրավաբանի, ՄԻԵԴ-ը եւ Միջազգային քրեական դատարանը:

«Այստեղ պետք է հասկանալ եւ տարբերել հետևյալ նրբությունները: ՄԻԵԴ-ի դեպքում դիմողը լինում է զոհը, որը տուժել է տվյալ իրավիճակից, իսկ Միջազգային քրեական դատարան կարող է դիմել պետությունը, ՄԱԿ-ի անվտանգության  խորհուրդը և Միջազգային քրեական դատարանի կազմում գտնվող դատախազը, որը կարող է իր նախաձեռնությամբ հարուցել գործ: ՄԻԵԴ-ում պատասխանողը պետությունն է, Միջազգային քրեական դատարանում պատասխանատվության են ենթարկում ոչ թե պետությանը, այլ քաղաքացիներին», - պարզաբանեց փաստաբանը՝ հավելելով, որ միջազգային դատական ատյաններում հաջողության հասնելու հնարավորություն կա:

Թեպետ Հայաստանը չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի հիմք հադիսացող Հռոմի ստատուտը, և չի կարող որպես պետություն հայց ներկայացնել, սակայն այդ գործընթացը կարելի է իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով:

«Իհարկե այստեղ ևս ամեն ինչ չէ, որ հարթ է, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ում կա գոնե երկու երկիր (չի նշում կոնկրետ որ երկրները), որոնք կարող են վետո դնել, և հայցը չգնա դատարան: Սակայն միջազգային իրավունքի վերջին պրակտիկ զարգացումները ցույց են տալիս, որ հաճախ ՄԱԿ-ի Անվատանգության խորհուդը խուսափում է նման գործերը կասեցնելուց և ուղարկում է դատարան՝ թողնելով ամեն ինչ դատախազի հայեցողությանը: Ուրեմն, որպեսզի գործը հասնի նրան, որ ԱԽ-ում քննարկվի մեր հայցը, անհրաժեշտ է այս հարցի շուրջ մամուլի եւ իրավաբանների միջոցով միջազգային աղմուկ ու շարժում բարձացնել», - նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ արդեն ԱՄՆ-ից իրենց հետ կապվել է միջազգային հեղինակություն վայելող հայտնի իրավաբան և պատրաստակամություն հայտնել «աջակցել գործին»:

Լիլիթ Լալայանն էլ իր հերթին նշեց, որ արդեն կազմել են միջազգային այն լրատվամիջոցների ցանկը, որոնք պատերազմի օրերին կամ դրանից անիմիջապես հետո Արցախում էին ու լուսաբանում էին այդ իրադարձությունները: «Մենք նամակներ ենք ուղարկել այդ լրատվամիջոցներին եւ խնդրել, որպեսզի մեզ տրամադրեն ոչ միայն հրապարակած նյութերը, այլև չհրապարակած, այսպես ասած, հում նյութերը: Մեր նպատակն է հավաքել Ադրբեջանի կատարած ռազմական հանձագործությունների վերաբերյալ բավարար եւ անհերքելի փաստեր ու ապացույցներ», - եզրափակեց նա:

Ասուլիսին ներկայացված պրեզենտացիան հասանելի է այստեղ:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
Օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում» թեմայով, որի շրջանակում կներկայացվեն «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նոր հետազոտության արդյունքները։
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ