Հայաստան-Թուրքիա առևտուր. արգելել ո՛չ, ներմուծել
03.05.2016
11:00
Հայաստան ներկրվող թուրքական ապրանքների նկատմամբ պետական արգելքի կիրառման վերաբերյալ կոչը միանշական չեն ընդունում փորձագետները: Ավելին՝ նրանցից շատերը կարծում են, որ թեման արհեստածին է, և հատկապես տեքստիլ ապրանքների գծով Թուրքիայից ներկրված հումքն անփոխարինելի է: Ուստի սահմանափակումների պարագայում կարող է ուղղակի Թուրքիայից ապրանքներ ներկրող առևտրականների ու գործարարների հաշվին ավելանալ գործազուրկների բանակը, ոչ թե այդ ապրանքները փոխարինվեն տեղական արտադրությամբ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարեցին տնտեսագետները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից հետո Թուրքիայից ապրանքների ներմուծումն արգելելու գաղափարը շրջանառության մեջ դրեցին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, որն անմիջապես արձագանք ստացավ Ազգային ժողովում: ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության խմբացության պատգամավոր Լևոն Դոխոլյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ապրիլի 28-ին առաջարկեց արգելել թուրքական ապրանքների ներկրումը, դեպի Թուրքիա ուղիղ չվերթերի իրականացումը, ինչպես նաև այդ երկրում հայերի հանգստի կազմակերպումը, քանի որ Ղարաբաղի հարցում Թուրքիան ընգծված ադրբեջանամետ դիրքորոշում ունի, ժխտում է Հայոց ցեղասպանությունը ու փակ է պահում հայ-թուրքական սահմանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով բարձրացված հարցին, հայտարարեց, որ կառավարությունը կուսումնասիրի իրավիճակը եւ կտա հստակ պատասխան: «Ինքներս քննարկում կնախաձեռնենք և հնարավոր լուծումներ կփնտրենք։ Ակնհայտ է, որ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքները, եթե վնասում են մեր տնտեսությանը, հատկապես գյուղատնտեսությանը, պետք է կոնկրետ գործողություններ իրականացվեն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է այնպիսի կանոններ սահմանվել, որ մի կողմից համապատասխանեն առևտրի համաշխարհային կազմակերպության առաջ ստանձնած պարտավորություններին, մյուս կողմից` ԵՏՄ-ի կանոնադրությանն ու ՀՀ օրենսդրությանը։

Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային կապի բացակայությանը, երկու երկրների միջև օդային ճանապարհի կամ Վրաստանի տարածքով առկա է խոշոր ծավալների հասնող առևտրաշրջանառություն: 2015-ին Հայաստան-Թուրքիա առեւտրաշրջանառությունը 138,5 մլն դոլար է կազմել: Դա Հայաստանի ընդհանուր արտաքին առեւտրի 2,9 տոկոսն է: 2014-ին Թուրքիայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը 233,7 մլն դոլար էր, ինչն ընդհանուր արտաքին առեւտրի 3,9 տոկոսն էր: Այսինքն, ընդհանուր արտաքին առեւտրի մեջ Թուրքիայի բաժինը նվազել է 1 տոկոսային կետով:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կողմ է Թուքիայից ապրանքների ներկրման արգելքին երկու պատճառով: Դրանք են ՀՀ բնակչության պարենային անվտանգությունը եւ թուրքական պետությանը «չհարստացնելու ցանկությունը»: «Գնելով թուրքական ապրանքը՝ մենք զարկ ենք տալիս թուրքական ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացմանը: Ստեղծված պայմաններում սա ուղղակի անընդունելի է, սակայն մինչև արգելք կիրառելը պետք են կոմպլեքս գործողութուններ թուրքական ապրանքներին փոխարինողներ, այլընտրանքներ գտնելու կամ տեղական արտադրությունը զարգացնելու համար», - ասաց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է ստուգել հաճախ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքների որակը, քանի որ կա պարենային, տնտեսական եւ ազգային անվտանգության խնդիրներ:

«Մեդիա կենտրոնում» մայիսի 3-ին տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանի, Վահագան Խաչատրյանի ու Աշոտ Խուրշուդյանի մասնակցությամբ անցկացվեց քննարկում «Ի՞նչ հետևանքներ կունենա Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծման հնարավոր սահմանափակումը» թեմայով:

Թուրքական ապրանքների ներմուծման հնարավոր սահմանափակման հարցի քննարկումն արհեստական են համարում Վահագն Խաչատրյանը և Աշոտ Խուրշուդյանը:

«Թուրքական շուկան գտել են հայ առևտրականները և գործարարները: Պետությունը մասնակցություն չի ունեցել: Շատ ապրանքների գծով, եթե այլընտանք լիներ, նույն ՌԴ-ից, ԵԱՏՄ այլ երկրներից կամ Չինաստանից կարող էին ներկրում կազմակերպել: Եթե այդ ապրանքները չեն գալիս, թուրքական ապրանքներն են գալիս, ուրեմն թուրքական ապրանքներն ավելի մրցունակ են»,- ասաց Վահագն Խաչատրյանը՝ նշելով, որ գործարարներն ասում են, թե Թուրքիայից ներկրելը ձեռնտու է: «Այլընտրանքների բացակայության պայամաններում ապրանքների ներկրման արգելումը կարող է հանգեցնել նաև տնտեսության էլ ավելի մոնոպոլացման, քանի որ մատակարարման ուղիների սահմանափակումը միշտ նման հետևանքների է հանգեցնում», - ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով, տնտեսության տեսանկյունից առեւտրի համար սահմաններ պետք է չլինեն: «Սակայն, եթե կան անվտանգության առումով հիմնավորված և լուրջ մտահոգություններ, ապա ես պատրաստ եմ լսել դրանք: Մյուս կողմից անվտանգության հարցի պատասխանատուն նաեւ սպառողն է, որը պետք է ունենա ընտրության հնարավորություն», - ասաց Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ արգելք դնելու որոշում չի ընդունվի, որովհետեւ որեւէ տնտեսական հաշվարկ չկա:

Ապրանքների մուտքի արգելման որոշում կայացնելն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական և էմոցիոնալ տարրեր է պարունակում, կարծում է Աշոտ Խորշուդյանը՝ նշելով, որ առաջին հերթին պետք է ոչ թե ներմուծումն արգելել, այլ ներքին անվտանգության հստակ գործառույթներ իրականացնել ու մաքսանենգության դեմ պայքարել:  «Կա մանքսանենգության խնդիր, որն առաջնահերթ է, դա է պետք լուծել: Կան հարցեր, եթե կարեւորում ենք, եկեք դրանցով զբաղվենք: Եկեք խոսենք մեր ներքին կարգավորման անվտանգության մասին, քան խոսել ներկրումը փակելու մասին: Պետք է ընդունել, որ թուրքական ապրանքներ կան, որ շատ էժան են», - ասաց նա:

Տնտեսագետի խոսքով, նման քայլի գնալուց առաջ պետք է հաշվի առնել, որ տեղական արտադրանքի զարգացման փոխարեն կարող է ուղղակի գործազուրկների բանակն ավելանալ, և որպես հետևանք սոցիալական ալրվածությունն աճի: «Թուրքիայի հետ առևտուր անողները չադապտացվող խավն են, քանի որ 20 տարի է` նույն բանն են անում: Ակնհայտ է, որ հիմա խնդիրներ կունենան նրանք, չեն իմանա` ինչ անել: Այնպես որ, դա էական սոցիալական խնդիր կառաջացնի»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ եթե երկրում չի տարվում հստակ գյուղտնտեսական քաղաքականություն, ապա

այդ արգելքը Հայաստանին ոչ մի բան չի տալու տեղական արտադրանքի խթանման առումով:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: