Հետևություններ ապրիլյան պատերազմից. քննարկում
29.04.2016
13:15
Պատերազմական իրավիճակում, որում այժմ գտնվում են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, անհրաժեշտ է որոշում կայացնել և սահմանափակել գործող բարձրաստիճան պաշտոնյաների և վերջին հինգ տարիներին բարձ պաշտոններ զբաղեցրած անձանց Հայաստանից դուրս ոչ պաշտոնական այցերը: Այս մասին «Մեդիա կենտրոնի»` Գյումրիում կազմակերպած քննարկմանը հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

«Ներկայիս պաշտոնյաներն ու նախկին, այսինքն՝ վերջին հինգ տարիներին պաշտոնավարած անձիք, ովքեր գաղտնիքի կրողներն են, ուղղակի նվեր են Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար: Իրենց կարող են ահաբեկել, պատանդ վերցնել: Այս օրերին մեկից չեմ լսել, որ անհրաժեշտ է որոշում ընդունել այդ ուղեւորությունները սահմանափակելու մասին: Նախկին ու ներկայիս պաշտոնյաները իրավունք չունեն ոչ պաշտոնական այցով գտնվել արտասահմանում», - ասաց նա՝ հավելով, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց «մեր ուժեղ ու թույլ կողմերը»:

«Ուժեղ կողմը հասարակությունն է, որն այդ օրերին առանց պաշտոնական հայտարարության ու կոչերի ինքնակազմակերպվեց. շատերը գնացին առաջնագիծ, իսկ մյուսները օգնություն էին ուղարկում, աջակցում: Թույլ կողմը պետական ինստիտուտների, օրինակ՝ ՀՀ արտգործնախարարության, ոչ համարժեք արձագանքն էր: Ուստի ստացանք մի իրավիճակ, երբ ունենք ուժեղ ժողովուրդ և թույլ պետական ինստիտուտներ», - ասաց նա:

«Մեդիա կենտրոնը» «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի և Գյումրիի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հետ համատեղ Գյումրիում՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ապրիլի 29-ին Ստեփան Գրիգորյանի, երիտասարդական հետազոտող Կարեն Տերտերյանի, «Ազգային ոգի» երիտասարդական շարժում Արմեն Ներսիսյանի, հոգեբան Աշոտ Հակոբյանի և «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանի մասնակցությամբ կազմակերպեց քննարկում «Հետևություններ ապրիլյան պատերազմից» թեմայով:

Ստեփան Գրիգորյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված բախումների ժամանակ Հայաստանի ԱԳՆ-ը նախաձեռնող չի եղել: «Դեռ ապրիլի 2-ին հենց «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը, ես առաջարկել էի, որ հայկական կողմը դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Կառավարությունը պարտավոր էր դիմել, որ ֆիքսվեր, թե ով է հրահրել զինված բախումը: Ակնհայտ էր, որ մի քանի օր հետո Բաքուն ամեն ինչ անելու է, որպեսզի չհասկացվի, թե ով է առաջինը սկսել: Պետք էր դիմել, որ Ադրբեջանը սկսեր արդարանալ», - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը չդիմեց, սակայն օրեր առաջ դա արդեն Բաքուն՝ ասելով, որ Հայաստանը հարձակվում է, ինչի պատճառով էլ Ադրբեջանը ցանկանում է դուրս գալ 1994-1995 թթ. հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնագրերից: 

Քննարկմանը մասնակից Արմեն Ներսիսյանի կարծիքով, թեպետ հասարակությունը պատարաստակամություն հայտնեց դուրս գալ ադրբեջանական ագրեսիայի դեմ, մեկնել սահման, սակայն խնդիրն այն է, որ հայրենասիրությունն իրացվում է հիմնականում միայն այդ ուղղությամբ: «Երբ անհրաժեշտ է դուրս գալ արտաքին թշնամու դեմ, ապա մարդիկ միավորվում են, իսկ արդյոք սա բավարա՞ր է: Սահման էին ազնիվ մղումներով և՛ հասարակության շարքային անդամները, և՛ այն մարդիկ, որքեր թալանել ու հարստացել են պետության ու հասարակության հաշվին: Ուստի այս էներգիան պետք է ուղղորդվի դեպի ներքին զարգացում, դեպի սոցիալական արդարության հաստատում», - ասաց նա՝ հավելելով, որ այս առումով «ապրիլյան պատերազմը» կարող է մեկնակետ լինել: «Եթե այս էներգիան չուղղորդվի, ապա մենք պարբերաբար հայտնվելու ենք ճգնաժամերի մեջ», - ասաց բանախոսը:

Հոգեբան Աշոտ Հակոբյանը հասարակական համախմբում չի տեսնում երկրի ապագայի տեսլականի շուրջ, քանի որ «այն ուղղակի չկա»: «Մենք տեսանք հասարակական վարք, որոշակի որևորություն, սակայն ի՞նչ եք կարծում՝ նույնատիպ ոգևորություն կլինե՞ր, եթե զինված բախումները տևեին ոչ թե չորս օր, այլ չորս ամիս: Մարդիկ համախմբվում են գաղափարի շուրջ, իսկ ինչի՞ շուրջ են հիմա Հայաստանում համախմբվել: Հիմա մեր հասարակությունը համախմբված է նեգատիվ գաղափարի շուրջ, որը կոչվում է փող», - ասաց նա:

Ապրիլյան պատերազմից, ըստ Սեյրան Մարտիրոսյանի իշխանությունները դասեր չեն քաղել, ինչի ապացույցն է Հրազդան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրությունների որակը և Ազգային ժողովում նոր ընտրական օրենսգրքի նախագծի քվերակությունը: «Այս երկու օրինակները խոսում են, որ խոսք անգամ չկա հասարակության կամ պետության զարգացման մասին: Խոսքը սեփական խրամատները, պաշտոնները և դիրքը պահելու մասին է», - պարզաբանեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ