ՌԴ-ն պետք է վճարի Գյումրիի ռազմաբազայի համար, իսկ Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. փորձագետներ
15.04.2016
11:00
Հայ-ռուսական հարաբերությունները պատրանքների և իդեալական պատկերացումների դաշտից պետք է վերադառնան իրականություն, որտեղ գերիշխում են զուտ շահերը: Մինչև այժմ հայ հասարկությունում Ռուսաստանի մասին որոշակի չհիմնավորված իդեալական պատկերացումներ էին ձևավորվել, որոնց չիրականացման պարագայում, հանրային նեղացկոտության և զայրույթի դրսևորումներ են առաջ գալիս:

Սա հատկապես ցցուն ձևով արտահայտվեց ղարաբաղյան «քառօրյա պատերազմի» ժամանակ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ոչ միայն չդատապարտեց Ադրբեջանի գործողությունները, այլև հավասարի նշան դրեց հակամարտող կողմերի միջև:

«Անհրաժեշտ է հասկանալ, որ որքան էլ լինենք Ռուսաստատնի հետ տարբեր չաշխատող կառույցներում, լինի դա ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ, դա դեռ չի նշանակում, որ Մոսկվան Երևանին թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական աջակցություն կցուցաբերի, եթե դա չի բխում իր շահերից», - հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ նշելով, որ նման երաշխիքներ կլինեն միայն այն ժամանակ, երբ դրանք հստակ ֆիքսվեն երկկողմ իրավաբանորեն պարտավորցնող փաստաթղթերում: Բացի այդ, ըստ Նավասարդյանի, անհրաժեշտ է հստակ պայմանավորվել, որ անվտանգության երաշխիքների մեջ պետք է ներառվի նաև Լեռնային Ղարաբաղը, քանի որ այս հարցում այն անհնար է զատել Հայաստանից: «Դրա մասին պետք է հստակ հայտարարվի», - ասաց բանախոսը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ում նման պարտավորություններ նախատեսված չեն:

«Մեդիա կենտրոնում» ապրիլի 15-ին Բորիս Նավասարդյանի, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանի և  «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ  Ստեփան Դանիելյանի մասնակցությամբ անցկացվեց «Լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում և քաղաքացիական ընդվզում» թեմայով քննարկում: 

Ղարաբաղյան «քառօրյա պատերազմից» հետո, Մոսկվան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարեց, որ չի հրաժարվելու Ադրբեջանին արդի սպառազինություններ մատակարարելուց, ինչից հետո փորձագետների կարծիքով, հայ-ռուսական հարաբերություններում որոշակի ճգնաժամի ախտանիշներ առաջ եկան: Այս թեման ՀՀ-ում մենկաբանում են գրեթե բոլորը՝ սկսած հասարակ սոցիալական ցանցի օգտատերերից մինչև հանրապետության առաջին դեմքերը: Իշխող Հանրապետական կուսկակցության մամլո քարտուղար, Խորհրդարանի փոխխոսնակ Էդուրդ Շարմազանովն անգամ նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի հստակեցումներ է պետք մտցնել: Թե կոնկրետ ինչ հստակեցումների մասին է խոսքը, նա չմանրամասնեց:   

Ռուսաստանի նկատմամբ դժգոհությունները դուրս եկան սովորական կաբինետային հայտարարություններից դեպի փողոց: Ապրիլի 13-ին Երևանում կազմակերպվեց բողոքի երթ դեպի ՌԴ դեսպանատուն, որտեղ ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին ռուսական դիվանագիտատական ներկայացուցչության վրա՝ պահանջելով Հայաստանի իշխանություններից դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից: Այս օրերին ՀՀ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ օրենքի նախագիծ:  

Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում հստակեցումներ պետք է մտցվեն, ըստ Նավասարդյանի, նաև Գյումրում տեղակայված ռուսական ռազմաբազայի իրավական կարգավիճակի և պարտավորությունների մեջ: «Կարծես, թե կա պայմանագիր, որը երկկողմանի է, բայց երբ նայում ենք այդ պայմանագրի կետերին, այնտեղ չկան ընդհանրապես օտարերկրյա զորքերի տեղակայման համար անհրաժեշտ պատասխանատվություններ և կարգավիճակներ», - ասաց նա՝ հավելելով, որ վերոնշյալ առաջարկությունները կիրացվեն, եթե ՀՀ իշխանությունները իսկապես դնեն այդ հարցը:

Հենց այդ և այլ նման կարգի հարցեր լուծելու համար էլ անհրաժեշտ է, որ Հայաստանում այս ամենից առաջ ձևավորվեն ազգային շահով առաջնորդվող իշխանություններ, նշեց Ստեփան Դանիելյանը, և հավելեց. «Ռուսաստանի հետ որևէ խնդիր պետք չէ փնտրել: Այդ երկիրը վարում է իր շահերին համահունչ քաղաքականություն: Խնդիրը Հայաստանի իշխանությունների մեջ է, որոնք լեգիտիմություն են ստանում ոչ թե սեփական հասարակությունից, այլ Մոսկվայից: Ուստի նրանք պետք է անեն այն, ինչ ցանկանում է ՌԴ-ն: Այլ խոսքերով, տեղավորվեն և երկիրն էլ տեղավորեն Ռուսաստանի շահերի իրացման գոտում»:  

Այս համատեքստում Դանիելյանը նշեց, որ չի հասկանում, թե ինչու են բողոքի ակցիաներ կազմակերպվում ՌԴ դեսպանատան դիմաց, քանի որ թիրախը պետք է լինեն Հայաստանի իշխանությունները: «Եթե ցույց են կազմակերպում ՌԴ դեսպանատան դիմաց, նշանակում է, որ նաև ընդունում են, որ այնտեղից է գալիս իշխանությունը», - հավելեց նա` նշելով, որ բոլոր հարցերը պետք է ուղղել ՀՀ իշխանությանը: «Ժամանակին Ղարաբաղն ինշնորոշվեց և ստեղծեց առանձին պետականություն: Այժմ ժամանակ է, որ Հայաստանն էլ ինքնորոշվի և ձևավորի ազգային իշխանություն», - ասաց նա: 

Քննարկման մասնակից Աղասի Ենոքյանն էլ ընդգծեց, որ տարիների ընթացում հայ հասարակության շրջանում ձևավորվել են ՌԴ-ի վերաբերյալ որոշակի պատկերացումներ հենց իշխանության ներկայացուցիչների գործունեության շնորհիվ: «Երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, մեծ ու փոքր օղակի իշխանավորները հավատացնում էին, որ լուծվում է անվտանգության խնդիր: Եվ ո՞ւր է այդ անվտանգությունը: Հասկանալի է, որ հասարակության մոտ կարող են ինչ-որ իլյուզիաներ լինել, բայց քաղաքական գործիչները կոնկրետ իրավիճակներում հասկանում են, թե ինչ է կատարվում», - ասաց Ենոքյանը՝ հավելելով, որ վերջին 22 տարիների ընթացքում Հայաստանն անկախության շատ ատրիբուտներ չի զարգացրել: «22 տարին հսկայական ժամկետ էր: Ավելի կարճ ժամկետում ուժասպառ Գերմանիան կարողացավ վերականգնվել այնքան, որ սկսեց մի նոր պատերազմ՝ խոսքը 18-39 թվականների մասին է», - ասաց նա:

Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերությունների հստակեցմանը բանախոսները նշեցին, թե առաջին հերթին ինչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել: Դրանք վերաբերում էին հիմնականում Գյումրիի ռամզաբազայի կարգավիճակի հաստակեցման և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցերին:

«Նախ անհրաժեշտ է հասկանալ շահերը և պատրանքներ չունենալ: Հետո, եթե ՌԴ-ն ցանականում է այստեղ ունենալ ռազմաբազա, իսկ նա ցանկանում է, քանի որ այն իր լինելիության միակ երաշխիքն է, ապա պետք է այն ըստ արժանավույն գնահատվի: Ոչ միայն դրամային ձևով, այլ որ Ռուսաստանն ընդունի, որ իր կողմից մենք ունենք պարիտետ Ադրբեջանին սպառազինելու առումով: Չպետք է ընդունել այն պնդումները, որ ռազմաբազան կապ չունի Ղարաբաղի անվտանգության հետ: Սպառազինությունների մասով պետք է ապահովվի նաև Ղարաբաղի անվտանգության հարցերը: Դա հստակ պետք է դրվի Ռուսաստանի առաջ», - ասաց Բորիս Նավասարդյանը:

Բացի այդ, ըստ բանախոսի, անհրաժեշտ է դնել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, քանի որ մինչ այժմ այն ավելի շատ խնդիրներ է ստեղծել, քան լուծել:

Մյուս բանախոսները որպես առաջարկ նաև նշեցին Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրս բերման և Երևանի ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու խնդիրները, սակայն նրանց հետ չհամաձայնեց Երևանի մամուլի ակումբի ղեկավարը:  «Ես կարծում եմ, որ առայժմ հնարավոր չէ հարց դնել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, կամ պնդել, որ ռուսական ռազմաբազան անմիջապես հեռանա Հայաստանից: Անվտագության համակարգերը շատ լուրջ հարցեր են, և Հայաստանի նման երկրի համար չլինել որևէ կառույցում վատ հետևանքներ կարող է ունենալ», - պնդեց Նավասարդյանը:

ԱրշալույսՄղդեսյան, «Մեդիակենտրոն» ծրագրիհամակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ