«Հայ զինծառայողների մարմինները խոշտանգվել են. հայկական կողմը կդիմի ՄԱԿ և ՄԻԵԴ»
13.04.2016
12:00
Թեպետ ադրբեջանցիների կողմից ԼՂՀ ՊԲ-ին վերադարձված 18 զինծառայողների դիերի վրա կան խոշտանգման հետքեր, այնուամենայնիվ անհրաժեշտ է սպասել իրականացվող փորձաքննության եզրակացությանը, որից հետո միայն կարելի է միանշանակ կարծիք հայտնել:

Ամեն դեպքում հայկական կողմը չի պատրաստվում սահմանափակվել միայն փորձաքննությամբ: Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական զինուժի կողմից թույլ տված բոլոր հանցագործությունների մասով սկսելու է համապատասխան իրավական գործընթաց՝ դիմելով նաև համապատասխան միջազգային կառույցներին՝ սկսած ՄԱԿ-ից մինչև ՄԻԵԴ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» ապրիլի 13-ին հայտարարեց Պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը:

«Մեդիա կենտրոնում» Ալիկ Ավետիսյանի, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «18 հայ զինծառայողների մարմիները վերադարձվել են խոշտանգված. հանրային և պետական արձագանք» թեմայով քնարկում: 

Ավետիսյանի խոսքով, անգամ նախնական տվյալներով կարելի է ասել, որ ակնառու է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ, քանի որ դիակների վրա կան խոշտանգման հետքեր և անարգանքի փաստեր: «Այժմ տեղի է ունենում փորձաքննություն, փաստերի հավաք և փաստաթղթավորում: Այս իրավիճակում կարևոր է պարզել, թե ինչ իրավական մեխանիզմներ կարելի է կիրառել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային մակարդակում: Բանն այն է, որ միջազգային մարդասիրական նորմերն այս առումով ի տարբերություն ազգային օրենսդրության ավելի ընդհանրացված են անդրադարձ կատարում նույն դիակների նկատմամբ անարգանքի հարցին», - ասաց Ավետիսյանը՝ չբացառելով, որ հնարավոր է եղել են դեպքեր, երբ զինծառայողը դեռևս մահացած չի եղել, և ենթարկվել է խոշտանգումների:

«Իհարկե, այս և նման այլ հարցեր կբացահայտվեն քննության արդյունքում, սակայն սա կարևոր ուղղություն է, որին պետք է ուշադրություն դարձնել», - արձանագրեց Ավետիսյանը:

Լարիսա Ալավերդյանը կարևորեց միջազգային իրավական և քաղաքական կառույցներում խոշտանգման և սպանված զինծառայողների մարմինների նկատմամբ անարգանքի վերաբերյալ փաստերի բարցրացման հարցում պետական և հասարակական սեկտորների համակարգված աշխատանքը: «Մեզ անհրաժեշտ է համակարգված, հստակ ու խորքային աշխատանք միջազգային կառույցների հետ գործակցության հարցում: Օրինակ, ՄԱԿ-ն ունի բազմաթիվ մեխանիզմներ՝ հանձնաժողովներ, կոմիտեներ, որոնք ունեն միաջմտելու ամենատարբեր ձևերը: Կան նաև ավելի պարզ տարբերակներ, որոնցից է հատուկ զեկույցների կազմումը, որտեղ անդրադարձ կկատարվի այդ հանցագործություններին, կարձանագրվեն փաստեր: Հնարավոր է նաև պարտադրեն Բաքվին կատարել այս կամ այն գործողությունները, այդ թվում կանխարգելիչ», - պարզաբանեց նա:

Ըստ Էլինար Վարդանյանի՝ այժմ անհրաժեշտ է լուրջ դիվանագիտական և համակարգման աշխատանքներ տանել, որպեսզի հայկական կողմը տարբեր ուղղություններով պատրաստ լինի նաև ադրբեջանական կողմի հակաքայլերին:

Վարդանյանի կարծիքով այս պահին անհրաժեշտ է ջանքեր չխնայել և բացահայտել, արդյոք խոշտանգումները եղել են նաև գերի ընկած զինծառայողների նկատմամբ, որը հանգեցրել է նրանց մահվան: «Եթե գերի ընկած հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների փաստերը հաստատվեն, ապա կատարվածին այլ իրավական գնահատական պետք է տրվի: Այժմ պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա և բայցահայտել այն: Եթե հաստատվի այս փաստը, ապա պետք է դիմել այլ միջազգային նորմերի կիրառմանը», - ասաց նա։

Այժմ, կարծում է Էդմոն Մարուքյանը, անհրաժեշտ է ուսումնասիրել խնդիրը և փաստեր հավաքել, որից հետո հայկական կողմը պետք է դիմի ՄԱԿ և ՄԻԵԴ: «ՄԱԿ կարող է դիմել միայն պետությունը, իսկ ՄԻԵԴ կարող են դիմել անհատ քաղաքացիները, որոնց հայցադիմումները կազմելու հարցում կարող են օգնել իրավաբանները», - ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ Հայաստանը կարող է դիմել նաև Հաագայի միջազգային դատարան, չնայած այն հանգամանքին, որ Երևանն ու Բաքուն չեն վավերացրել Հռոմի ստատուտը: Այս հարցում աշխատելու է միջնորդավորված դիմումի տարբերակը: «Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ խնդրանքով, որպեսզի այդ կառույցը դիմի Հաագայի դատարան», - ասաց նա, սակայն քիչ հավանական համարելով այս սցենարի հեռանակարային լինելը: Նա չի կարծում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կդիմի Հաագայի միջազգային դատարան: «Հնարավոր է պատճառաբանեն, որ հանցագործությունների մասշտաբները այդքան մեծ չեն եղել Հաագայի դատարան դիմելու համար», - ասաց Էդմոն Մարուքյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ»
20.10.2017
15:00
Հոկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ» թեմայով:
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ