Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը
12.04.2016
13:00
«Եթե դիտարկենք ռուս-հայկական քաղաքական ամուսնությունը», ապա ստիպված ենք արձանագրել, որ դրանում տեղ գտավ ընտանեկան բռնության դրսեւորում»- «Մեդիա կենտրոնում» այսօր հրավիրված «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` ընդգծելով, որ քառօրյա պատերազմի հիմնական բացասական հետևանքներն էին հրադադարի ավարտը և դիվանագիտական գործընթացի դադարեցումը:

«Կրակը դադարեցնելու մասին ներկայումս գործող պայմանավորվածությունը չի նշանակում վերադարձ հրադադարին»,- ընդգծեց բանախոսը: Կիրակոսյանն առանձնացրեց այն հինգ դասերը, որոնք պետք է քաղել  անցած օրերի պատերազմական գործողություններից. «Առաջին դասն այն էր, որ ՝ բավական քիչ լծակներ ունենք, որոնք կարող ենք կիրառել ու թույլ չտալ Ադրբեջանին վերսկսելու ռազմական գործողությունները:

Երկրորդ դասը Ադրբեջանի կողմից նոր ռազմավարության  որդեգրումն է. գրավել ու պահել նոր տարածքներ: Երրորդ՝ առաջացել է նոր համատեքստ այս իրավիճակի հետ կապված: Չորրորդ՝ պետք է վերանայել  Հայաստանի ներքին իրավիճակը՝ հասարակության եւ առաջին հերթին իշխանության կոռումպացվածությունը մեծապես  վտանգում է  երկրի հիմքերը:  Եվ վերջապես` հինգերորդ դասը Ռուսաստանի դավաճանությունն էր իր ռազմավարական դաշնակցին»: Հատկապես վերջինի հետ կապված` Կիրակոսյանն ընդգծեց, որ հաշվի առնելով նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի վերջին  հայտարարությունը, կարելի է արձանագրել, որ ներկայումս Ադրբեջանին զենքի վաճառքը Ռուսաստանում այլեւս  դիտարկվում է ոչ միայն որպես բիզնես, այլեւ որպես նոր քաղաքական մոտեցում:

Քննարկմանը տեսազանգի միջոցով միացած Ռուս քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը  նշեց, թե դեռ գործընթացը չի ավարտվել, տեսել ենք էսկալացիան, բայց կարգավիճակային հարցերը դեռ լուծված չեն, ուստի քառօրյա պատերազմի քաղաքական հետևանքները դեռ տեսանելի չեն: «Դեռ չի ճանաչվել Լեռնային Ղարաբաղը, նույնն է մնացել նաև Մինսկի խմբի ձևաչափը: Հիմա ՀՀ-ի համար ստատուս քվոն ավելի ընդունելի է, քան Ադրբեջանի, սակայն ներկայումս փորձեր են նկատվում ստասուս քվոյի փոփոխման հարցում»,- նշեց ռուս փորձագետը` ընդգծելով, որ  Ղարաբաղը այսօր չի հանդիսանում այն  կետը, որտեղ շահերի լուրջ բախում ունեն Ռուսաստանն ու Միացյալ նահանգները, ուստի համակարտության կարգավորման հարցում այս երկու բեւեռների միջեւ այս պահին խիստ հակասություններ չեն կարող լինել:

Քննարկման մյուս մասնակցի` Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի վստահեցմամբ`գլխավոր դասը, որ մենք պետք է քաղենք քառօրյա պատերազմից, այն է, որ պիտի հնարավորինս կարճ ժամկետում վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ շահեց Ադրբեջանը քառօրյա պատերազմից, Մինասյանը նկատեց, որ  այդ երկիրը շահեց միայն ներքաղաքական դաշտում. «Ուղղակի մի քանի քառակուսի մետր հող գրավելով, ընդ որում`  ծանր կորուստների եւ միլիոնավոր դոլարների գնով` դրա շնորհիվ Ալիևն այժմ ունի ազգային մակարդակով աջակցություն Ադրբեջանի ներսում: Բայց ռազմական առումով Ադրբեջանի համար խնդիրներ ստեղծվեցին»: Ըստ Սերգեյ Մինասյանի` Ռուսաստանի դերակատարությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար մեծացավ, ինչպես նաև քառօրյա պատերազմից հետո մեծացավ երկու երկրների կախվածությունը Ռուսաստանից:  Մինասյանի խոսքով` եթե Ռուսաստանն առաջիկայում հետեւություններ չանի եւ շարունակի զինել Ադրբեջանին, այդ ամենն ի վերջո կարող է մեկ օր, մեկ ամիս, կամ մեկ տարի հետո հանգեցնել էսկալացիայի վերսկսման` եւ այդ ժամանակ արդեն կառաջանա առհասարակ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի  գոյության իմաստը վերանայելու խնդիր:

Անդրադառնալով հայկական կողմի անելիքներին` Ռիչարդ Կիրակոսյանը առանձնացրեց հետեւյալ քայլերը. «Պետք է նախ ուժեղացնենք պաշտպանական համակարգերը: Երբ հանդիպեցի Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ, ես նշեցի, որ պետք է ԼՂՀ-ն դառնա նաև բանակցությունների կողմ, որ ավելի խորը դիվանագիտական գործընթացներ լինեն: Երրորդ քայլն այն պետք է լինի, որ ԵԱՀԿ-ն կրակի դադարի մոնիտորներ տեղադրի ամբողջ այդ տարածքում: Չորրորդ քայլը պետք է լինի ավելի պակաս հանդուրժողական լինելը: Մենք չպետք է հանդուրժենք հրադադարի ահագնացող խախտումները: Մենք չպետք է ընդունենք այն հանգամանքը, որ մեղադրում են հավասարապես երկու կողմերին: Խախտումներ նախաձեռնողները պիտի որոշակի գին վճարեն: Եվ, ի  վերջո, ՀՀ կառավարությունը պետք է վերանայի հայ-ռուսական ճգնաժամային հարաբերությունները»:
Սերգեյ Մինասյանն էլ խոսելով բանակցային գործընթացի հետագա զարգացումներից` նշեց, որ   Մադրիդյան սկզբունքների փոփոխությունը կարճաժամկետ կամ միջնաժամկետ առումով քիչ  հավանական է: «Մենք պաուզա կունենանք բանակցային գործընթացում: Մինսկի խումբը փորձելու է քաղաքական ճգնաժամի կարգավորման տեսանկյունից գործողություններ անել, այլ ոչ թե իրական բանակցային փաստաթղթի շուրջ աշխատանք տանել»:

Արձագանքելով Մինասյանի այս պնդմանը` Կիրակոսյանը հավելեց. «Իհարկե, այս պահը դիվանագիտության համար լավագույն ժամանակը չէ, գերակա հարցը ոչ թե այն է` արդյոք կլինի՞ հաջորդ հարձակումը, այլ այն է, թե ե՞րբ կլինի հաջորդ հարձակումը»: 
Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեի

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ