Որքա՞ն կարող է նվազել գազի սակագինը բնակչության համար
08.04.2016
12:00
«Մեդիա կենտրոն», Ապրիլի 8, Երևան: Թեպետ Ռուսաստանը Հայաստանին մատակարարող գազի գինը սահմանին իջեցրել է 15 դոլարով՝ այն հասցնելով 150 դոլարի 1000 խմ-ի դիմաց, վերջնական սպառողին մատակարարվող «կապույտ վառելիքի» սակագինը կարող է նվազել 24-ից 40 դոլար 1000 խմ-ի դիմաց: Ցանկության դեպքում, ըստ փորձագետների, դա հնարավոր է իրականացնել ռուսական «Գազպրոմ»-ի դուստր «Գազպրոմ Արմենիա» ընկերության մարժայի հաշվին, որը մինչ այս, սահմանին գազը գնում էր 165 դոլարով և վաճառում ՀՀ սառողներին միջինը 320 դոլարով: Այն էլ գրեթե երկու անգամ բարձրացնելով գինը:

Հայաստանի համար ՌԴ-ից մատակարարվող գազի գինը 15 դոլարով իջեցնելու մասին հայտարարվեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևանում իր պաշտոնակցի՝ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հայաստանի կառավարությունը դիմել էր ՌԴ գործադիր մարմնին առաջարկով. համաշխարհային շուկայում էներգակիրների գնի նվազման համատեքստում քննարկել Հայաստանին մատակարարվող գազի գնի նվազման հարցը: Մինչ այդ մոտ մեկ տարի առաջ Ռուսաստանը նվազեցրել էր գազի գինը Հայաստանի համար՝ 189 դոլարից հասցնելով 165 դոլարի, սակայն հասարկ սպառողների վրա այն չէր անդրադարձել: Պաշտոնական խողովակներով գազի գնի դոլարային արժեքի նվազումը բացատրվեց դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժեվորմամբ: Այլ կերպ ասած գազի գինը դոլարով նվազեցվեց, որպեսզի արտարժույթի աժեվորման պատճառով ՀՀ բնակիչները և գործարարները դրամով ավելի թանկ չվճարեն:

Այժմ ՌԴ-ն, փաստացի ընդունեց կառավարության առաջարկը և մոտ 9%-ով սահմանին նվազեցրեց գազի գինը: Սակայն որքան կկազմի տվյալ էներգակիրի արժեքը հասարակ սպառողների համար, դեռ պարզ չէ: Կառավարությունը հաշվարկներ պետք է կատարի և առաջիկայում, ըստ պաշտոնական հավաստիացումների, ներկայացնի իրավիճակը: Մինչ գործադիրը կհաշվարկի, փորձագետները համոզմունք են հայտնում, որ ցանկության դեպքում և երկրի տնտեսության շահերից ելնելով, ՀՀ իշխանությունները, ավելի կոնկրետ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կարող է վերանայել գազի գինը և նվազեցնել այն անգամ 40 դոլարով:

Այս թեմայի շուրջ «Մեդիա կենտրոնում» համակողմանի քննարկում անցկացրեցին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, տնտեսագետ Արտակ Մանուկյանը և «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Ըստ Միքայել Մելքույանի, վերջնական սպառողի համար գազի սակագինը հաշվարկելիս պետք է հաշվի առնել մի քանի գործոններ՝ «Գազպրոմ Արմենիայի» նախատեսած ներդրումները և աշխատավարձերի բարձրացման մասով ծախսերը:

«Կարծում եմ ընկերությունը մեծ ներդրումներ չի անելու ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, քանի որ Հայաստանի գազաֆիկացման մակարդակը բավականին բարձր է: Աշխատավարձերի մասով մեծ ծախսեր դժվար նախատեսվեն, քանի որ վերջին 1,5 տարում 1500-ից ավելի աշխատող է ընդունել աշխատանքի, աշխատավարձերը վերջին 1 տարում 119 հազար դրամից աճել է 227 հազար դրամի: Մարզերում, հատկապես փոքր գյուղերում, չնայած գազաֆիկացմանը, գազից օգտվողները քիչ են, քանի որ այն թանկ արժե», - ասաց նա:

Ըստ Մելքումյանի՝ տրամաբանությունը հուշում է, որ գազի գինը հասարակ քաղաքացու համար գոնե պետք է նվազի այնքան, որքան նվազել է սահմանին:

Հատկանշական է, որ բնակչի համար մի գին կսահմանի, եթե այն գազն էժանանա ուղղակի 15 դոլարով, իսկ ընդհանրապես այլ գին, եթե վերջնական սպառողի համար այն նվազի 9%-ով: Պարզ մաթեմաթիկական հաշվարկը ցույց է տալիս, որ առաջին դեպքում, գազի գինը կկազմի ուղղակի 300-305 դոլար, երկորդ դեպքում, այն կարող է նվազել շուրջ 30 դոլարով՝ կազմելով 290 դոլար 1000 խմ-ի դիմաց:

Մելքումյանը գազի գնի հաշվարկի ճկունության և այն բնակչության համար ավելի մատչելի դարձնելու համար առաջարկեց նաև կազմել գազի սպառողների 4 խումբ, ներկայիս երկուսի փոխարեն: Այժմ մինչև 10.000 խմ սպառողները մի գին են վճարում, իսկ այդ ծավալից ավելի սպառողները՝ մեկ այլ գին:

Քննարկմանը ներկա «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը հիշեցրեց, որ տարեկան Հայաստանը ՌԴ-ից մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ է ներմուծում եւ դրա դիմաց ամեն տարի 330 միլիոն դոլար է վճարում:

«Այժմ, մենք 30 միլիոն դոլար պակաս պիտի վճարենք: Մենք շահեկան վիճակում կլինենք, եթե ռուսական ռուբլով վճարենք գազի համար, բայց քանի որ Ռուսաստանն արտաքին պահուստների համալրման խնդիր ունի, բնական է, որ չի գնա այդ քայլին: Թեպետ ՀՀ կառավարությունը հադես էր եկել նման առաջարկով», - ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ գազի սակագնի իջեցումը պետք է որ հանգեցնի նաև էլկտրաէներգիայի սակագների նվազմանը:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է, որ գազի սակագնը բնակչության համար կարող է նվազել ավելի շատ քան 9% «Գազպրոմ Արմենիայի» մարժայի հաշվին: Այդ կազմակերպության 1000 խմ գազի դիմաց մաքուր շահույթը կազմում է 46 ԱՄՆ դոլար: Բանախոսները նկատեցին, որ այս թիվը ստացվել է փորձագիտական հաշվարկների հիմնա վրա՝ հաշվի առնելով Օրենբուրգի մարզում գազի սակագինը, որի միջինը կազում է 55-60 դոլար, և տեղափոխման ու բաշխման բոլոր ծախսերը՝ շուրջ 200 դոլար: Սակայն պաշտոնական տվյալներով «Գազպրոմի» դուստր ընկերության շահույթը 1000 խմ-ից կազմում է մոտ 30 դոլար:

Մանուկյանն առաջարկեց գների ճկունության և բնակչության համար գազի մատչելիության տեսնակյունից սահմանել նաև սեզոնային գներ:

«Ասենք՝ ձմեռային ամիսներին, երբ բնակչությունը ավելի շատ է գազ սպառում, սահմանվի ավելի ցածր սակագին, որը կարող է փոխհատուցվել՝ ավելի տաք եղանակին բարձր սակագին սահմանելով, երբ տնային տնտեսություններն ավելի քիչ են գազ սպառում: Տնային տնտեսությունների համար սա կարևոր է, քանի որ թեպետ այն սպառում է գազի ծավալի մոտ մեկ քառոդը, սակայն վճարում է ընդհանուր գումարի 50%-ից ավելին», - ասաց Մանուկյանը:

Տնտեսագետի խոսքով, համադրելով «Գազպրոմ Արմենիայի» մաքուր շահույթը, սահմանին գազի ինքնարժեքը, ծախսերը, կարելի է ասել, որ «կապույտ վառելիքի» սակագինը բնակչության համար կրող է նվազել մոտ 40 դոլարով: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ» թեմայով:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը` «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ