«Ի՞նչ արդյունավետություն կունենա բանակցությունների «4+4+4» ձևաչափը ԸՕ նախագծի շուրջ»
31.03.2016
13:00
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձևաչափով բանակցությունների մեկնարկի և նախագծում առկա մտահոգիչ դրույթների շուրջ երեկ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ բանավեճ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ԱԺ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի միջև:

«Այն, որ Հանրապետական կուսակցությունը «բարիացել» է եւ ընդառաջ է գալիս, մեզ հետ ֆորմատ է ստեղծում, քննարկում է, դա միայն իր ցանկության արդյունքում չէ, ինքը չի կարող չգալ սրան, քանի որ արդեն միջազգային կազմակերպություններն ավելի կոշտացրել են իրենց դիրքորոշումը` ասելով, որ իրենք հոգնել են տարիներ շարունակ ՀՀ իշխանություններին նույն հանձնարարականները տալուց եւ դրանք իրագործելուն ուղղված քայլերի բացակայությունից: Բայց մենք չենք ուզում իրենց «անկյուն մղել», այլ ուզում ենք հիմնավորված փաստարկների միջոցով բերել փոխզիջման»,- ասաց Արամ Մանուկյանը:  

Սամվել Նիկոյանը չհամաձայնվեց նմանպնդման հետ` հակադարձելով. «Իշխանությունը գնացել է այս ձեւաչափով բանակցությունների ոչ թե այն պատճառով, որ կա միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կամ ընդդիմության ճնշումը, նաեւ փողոցային պայքարի սպառնալիքը, այլ որովհետեւ մենք ինքներս ենք տեսել, որ կան խնդիրներ եւ ցանկացել ենք գնալ դրանց լուծման ճանապարհով»:

Մինչդեռ Մանուկյանի կարծիքով` կարեւոր չէ, թե երեկ մեկնարկած «4+4+4»  ձեւաչափով ԸՕ նախագծի շուրջ քննարկումներում որ կողմը քանի հոգով էր ներկայացել, կարեւորն այն է, որ այդ ձևաչափը լինի արդյունավետ:

Իսկ  արդյոք այն այդպիսին կլինի, թե կձախողվի, ըստ Մանուկյանի, դեռ վաղ է գնահատել:

«Կազմն ինձ չի հուզում, թե ով ում կփոխարինի, կարեւոր չէ, կարեւորը մեր առջեւ դրված սկզբունքային խնդրի լուծումն է բանակցությունների միջոցով հասնել այնպիսի պայմանավորվածությունների, որոնց արդյունքում կբարձրանա հասարակության վստահությունն առ այն, որ կեղծիքները հասնելու են նվազագույնի: Կհասնենք դրան` կարելի է այս ձեւաչափը  համարել հաջողված, չենք հասնի` կխոստովանենք, որ չենք հասել: Բայց դրա համար շատ ժամանակ տրված չէ: Մենք գիտենք, որ մինչեւ հունիս պետք է վերջնական եզրակացություն արվի, բայց մենք նաեւ չենք գնալու ժամանակ սպանելու տարբերակով, որովհետեւ գիտենք՝ իշխանությունը կարող է ձգել-ձգել, հոգնեցնել, մաշեցնել: Առավելագույնը, կարծում եմ, 3 շաբաթ կմասնակցենք այս գործընթացին, կհասնենք հաջողության: Այդ հաջողությունը կլինի ոչ թե ՀԱԿ-ինը կամ քաղաքացիական հանրությանը, այլ ողջ Հայաստանինը: Չենք հասնի, կփորձենք ուրիշ մեթոդներ կիրառել, այլ ճնշման մեխանիզմներ բանեցնել, որպեսզի օրենքը բարելավվի»:

«Մեդիա կենտրոնի» հարցին` թե կոնկրետ ինչ ճնշման մեխանիզմների մասին է խոսքը, արդյոք հանրահավաքային պայքարի, ինչի անհրաժեշտությունը հենց այս փուլում արդեն ցանկալի է  համարում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը  պատասխանեց. «Միանգամից փողոցը կիրառել որպես ճնշման միջոց, կարծում եմ՝ դեռ կհասնենք։ Ի դեպ, հենց դա է առաջարկում «Ժառանգություն» կուսակցությունը, որի ներկայացուցիչը երեկ քննարկմանը չէր մասնակցում: Բայց ես կուզեի, որ դրան չհասնեինք, դեռևս լավատեսություն կա. որ քաղաքացիական հասարակությունն ամբողջապես մեկ մարմին է դարձել, հուսադրող բան կա դրա մեջ:Կա 1 համալիր՝ մեր ներկայացրած այդ 5 կետերից բաղկացած ամփոփ, միասնական առաջարկը` 240 Հ/Կ-ների եւ 12 կուսակցությունների կողմից: Այդ 12 կուսակցություններից 8-ը խորհրդարանում ունեն պատգամավորներ, սա արդեն լայն կոնսոլիդացիա է: Եվ եթե հասարակության, քաղաքական ուժերի մի ստվար հատված եկել, հասել է միասնական կետերի, ապա իշխանությունը պետք է ընդունի սա կամ հիմնավորի, թե ինչու չի ընդունում»: 

Սակայն Նիկոյանը նման մոտեցումը համարեց շանտաժ` ասելով, որ այդպիսի կանխատրամադրվածությամբ բանակցային գործընթացի չեն գնում, իսկ ի սկզբանե ասելը, թե եթե չընդունեք, ապա կլինեն ճնշումներ` ուղղակի անընդունելի շանտաժ է:

«Այնպես չէ, որ Ընտրական օրենսգրքի քննարկումներին ով ինչ ուզում է, պետք է ստանա, և մաքսիմալիստական մոտեցումներն այնքան էլ ճիշտ չեն: Եթե խոսքը բանակցային գործընթացի մասին է, ապա յուրաքանչյուր կողմ պետք է հասկանա, որ ինքը մի խնդրում պետք է զիջի: Ես հասկանում եմ, թե ինչի մասին կարող է լինել զիջելը. եթե կողմերից մեկը բերում է առաջարկներ, որոնք տեխնիկապես հնարավոր են, չկան բացասական խոչընդոտներ դրանք իրականացնելու համար` ուեմն դրանք պետք է ընդունվեն, իսկ եթե առաջարկ է, որը բերելու է նոր խնդիրներ, ինչը  ևս նպաստելու է ընտրությունների հանդեպ անվստահությանը, ապա` ոչ»:

Ըստ Նիկոյանի` քննարկումների ընթացքում իշխանությունը կընդունի ընդդիմության և քաղհասարակության այն առաջարկները, որոնք տեխնիկապես հնարավոր կլինեն և չեն հանգեցնի բացասական երևույթների:

«Մինչդեռ ընդդիմությունն ասում է` սա եմ առաջարկել, եւ վերջ: Անկեղծ ասած` մինչ այս պահն ընդդիմության գործողություններից ու պահանջներից մի քիչ կապրիզի հոտ եմ առնում»,-նշեց նա:  

Մանուկյանն էլ հակադարձեց, թե անգամ եթե դա կապրիզ է, ոչինչ չի խանգարում, որ իշխանությունը բավարարի հանրության կապրիզը եւ իր կողմից ներդրվող թանկարժեք էլեկտրոնային մեխանիզմներին զուգահեռ` ներդնի նաեւ ընդդիմության առաջարկած պարզ մեխանիզմները` ցուցակների զտումը, հրապարակումը եւ մատների թանաքոտումը:

«Մենք առաջարկում ենք 1000 դրամանոց վերահսկողության մեխանիզմ. 500 դրամով պատճենահանեք ցուցակներն ու փակցրեք, մնացածով էլ թանաք գնեք, իսկ դուք առաջարկում եք 1000 դոլարանոց մեխանիզմ: Լավ, ինչն է խանգարում, որ դուք նաեւ այս 1000 դրամանոց մեխանիզմը ներդնեք, որպեսզի հանրությունը վստահի ձեր կազմակերպած ընտրություններին».- հարցրեց բանախոսը:

Ի պատասխան` Նիկոյանը հակադարձեց, թե իրենք փորձում են այնպես անել, որպեսզի մարդկային գործոնն այս ողջ գործընթացում նվազագույնի հասցվի եւ համակարգի վերահսկողությունը վստահվի էլեկտրոնիկային:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ruհասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ