Ինչո՞ւ չհանդիպեցին Սարգսյանն ու Ալիևը Վաշինգտոնում. փորձագետներ
30.03.2016
11:00
Ամերիկայի Միացյալ Նահանգները կցանկանային, անշուշտ, օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Վաշինգտոնում գտնվելու փաստը՝ նրանց հանդիպումը կազմակերպելու համար, սակայն արդեն իսկ պարզ է, որ նման հանդիպում տեղի չի ունենա:

Խնդիրը Բաքվի դիրքորոշումն է, որը ոչ միայն չի ցանկանում վերականգնել բանակցությունների բնականոն ընթացքը, այլև վերջերս սկսել է սուր քննադատության ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ մեղադրելով սադրանքներ կատարելու մեջ: Այս մասին հայտարարեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը:

Այս օրերին ՀՀ և Ադրբեջանի նախագահները գտնվում են ԱՄՆ-ում՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Թեպետ հայտարարվում էր Վաշինգտոնում նրանց հանդիպման հնարավորության մասին, սակայն նախօրեին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրեց, որ Սարգսյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ: «Հասկանալի է, թե ինչու ԱՄՆ-ը չի հայտարարում նախագահների հանդիպման մասին, քանի որ դա հնարավոր չեղավ կազմակերպել: Բաքուն այժմ հրաժարվում է ոչ միայն վերականգնել բանակցային ֆորմատը, այլև Ալիևի մակարդակով սուր քնադատության է ենթարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց մեղադրելով սադրանքների մեջ՝ օրինակ բերելով համանախագահների բացասական հայտարարությունները ԵԽԽՎ հայտնի հակահայկական բանաձևերի վերաբերյալ»,- ասաց նա:

«Մեդիա կենտրոնում» մարտի 30-ին Ստեփան Սաֆարյանի և Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Լարվածություն հայ-ադբերջանական սահմանին և Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպում» թեմայով:

Մինսկի խմբից պաշտոնական Բաքվի դժգոհությունները, ըստ Սաֆարյանի, նպատակ են հետապնդում հասնել տվյալ ձևաչափի փոփոխության, քանի որ այդ շրջանակում ստեղծված առաջարկներից ոչ մեկը չի համապատասխանում ադրբեջանական իշխանության տված մաքսիամալիստական խոստումներին: «Ալիևն ուղղակի չի կարող «վաճառել» Մինսկի խմբում արված առաջարկները իր հասարակությանը», - նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ Մինսկի խմբի փոփոխության կողմնակից է նաև Թուրքիան:

Համանախագահների աշխատանքային ֆորմատում, ըստ Սաֆարյանի, փորձում է իր ուրույն դերը միշտ ընդգծել նաև Ռուսաստանը: «Այնպես չէ, որ Ռուսաստանը ևս ձգտում է այդ ֆորմատի փլուզմանը, սակայն միշտ եռակողմ հանդիպումներով (ՌԴ-Հայաստան-Ադրբեջան) փորձում է այլընտրանքային օրակարգ և ձևաչափ սահմանել», - ասաց նա՝ թեպետ ընդգծելով, որ Ռուսաստանը շահագրգռված է Մինսկի խմբի ֆորմատի պահպանմամբ, քանի որ դա այն եզակի հարթակներից է, որտեղ տեղի է ունենում Ռուսաստանի համագործացությունն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ:  

Քննարկման մասնակից քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, նշելով վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական փոփոխությունների բացակայության հանգամանքը, համաձայնեց, որ հակամարտությունում Ռուսաստանը միշտ էլ փորձել է գլխավոր դերակատարում ստանձնել Մինսկի խմբի ձևաչափում: «Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ այս պահին համանախագահների ֆորմատը երևի թե հանդիսանում է այն եզակի ձևաչափերից մեկը, որտեղ փաստացի գոնե որոշ կոնցեպտուալ հարցերի շուրջ մոտեցումների միասնականություն կա: Նրանք փորձում են ցույց տալ, որ կա մի հարթակ, որտեղ Ռուսաստանը, Եվրամիությունն ու ԱՄՆ-ը միասնական հայտարարություններ են անում, միասնական մոտեցումներ ունեն»,-նկատեց Մինասյանը:

Մինասյանի կարծիքով, արդեն տևական ժամանակ առկա է մի իրավիճակ, երբ կարևոր հանդիպումներից կամ միջազգային իրադարձություններից առաջ տեղի է ունենում լարվածության աճ ղարաբաղյան հակամարտության գոտում: «Բաքվի համար այն ունի իր ռազմական և քաղաքական տրամաբանությունը: Մի կողմից միջադեպերին պետք է արձագանքեն բոլոր կողմերը, իսկ մյուս՝ Ադրբեջանը, ցավոք, իր նախորդ հայտարարություններով, չարդարացված հույսերով, ստեղծել է մի իրավիճակ, երբ չի կարող հետ կանգնել արդեն կատարած քայլերից: Հետևաբար, մերթընդմերթ տեղի է ունենում լարվածության աճ, հրադադարի ռեժիմի խախտումներ, մարդկային զոհեր, ինչը չարյաց փոքրագույնն է, սակայն ոչ մի կերպ հայկական կողմերին համար ձեռնտու չէ», - ասաց նա:

Քննարկման ավարտին բանախոսներն անդրադարձան նաև ղարաբաղյան հակամարտության վրա Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ազդեցության խնդրին: Մինասյանի կարծիքով, 2008 թվականի վրաց-ռուսական հնգորյա պատերազմը և Սիրայի իրադարձություններին Ռուսաստանի ռազմական արձագանքը ավելի ամրացրեցին գործող ստատուս-քվոն ղարաբաղյան հակամարտության գոտում: «Եթե Սիրիայում իրադարձություներից առաջ կարող էին լինել ենթադրություներ, որ ղարաբաղյան խնդիրը հնարավոր է ուժային տարբերակով լուծել, իսկ Ռուսաստանը արևմտյան ճնշումների և պատժամիջոցների ազդեցության տակ դժվար արձագանքի, ապա սիրիական ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ ֆորսմաժորի դեպքում Մոսկվան ի զորու է իր ուժերի «պրոեկցիա» իրականացնել այս տարածաշրջանում: Եթե ՌԴ-ը նման կերպ արձագանքեց հարաբերականորեն հեռավոր Սիրայում, ապա հարևան տարածաշրջանում ուժերի կենտրոնացման հավանականությունն ավելի մեծ է: Իսկ սա ստատուս-քվոն ցեմենտող գործոն է», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ