«Ինչու՞ Ռուսաստանը դուրս բերեց իր զինուժը Սիրիայից». քաղաքագետներ
18.03.2016
12:00
«Ռուսաստանը ոչ թե Սիրիայից է դուրս գալիս, այլ այնտեղ ստեղծված իրավիճակից: Սա կոչվում է «ելքի ռազմավարություն»»,-նման կարծիք հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մարտի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Ըստ նրա՝ Ռուսաստանն ուներ երեք նպատակ. «Առաջինը՝ արևմտյան երկրների հետ համագործակցության մակարդակի բարձրացումն էր: Եթե անցյալ տարի չէին ուզում ՌԴ-ի հետ հաշվի նստել, ապա այժմ նրա հետ խոսում են: Դա տեղի ունեցավ սկզբից Ղրիմում, հետո՝ Սիրիայում: Մոսկվան այս կերպ հասկացրեց, որ ունի շահեր, որոնք պետք է հաշվի առնել, իսկ եթե հաշվի չեն առնում, ապա նա կարող է կտրուկ քայլեր անել»,-ասաց Իսկանդարյանը:
Հաջորդը, Իսկանդարյանի կարծիքով, Ուկրաինայի շուրջ զարգացումներն էին, որոնք մերձավորարեւելյան այս գործողությունների ֆոնին երկրորդ պլան մղվեցին եւ ՌԴ-ն ինչ-որ չափով դուրս եկավ նաև այս իրավիճակից:
«Մյուս նպատակը Սիրիան էր և Ասադի շուրջ վիճակը: Այժմ Ասադը դարձել է ներսիրիական կարգավորման մասը եւ Ասադի հեռացման մասին ավելի քիչ են խոսում: Վերջապես ՌԴ-ն դուրս չի եկել Սիրիայից, քանի որ կան Հմեյմիմի, Լաթաքիայի և Տարտոսի բազաները: Նրանք բավականին ուժեղ ամրացված են: Այսինքն՝ հարկ եղած դեպքում ՌԴ-ն կարող է հաշված օրերի ընթացքում իր ուժերը մեծացնել և դիսլոկացնել այնտեղ»,-կարծիք հայտնեց Իսկանդարյանը:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանի գնահատմամբ` Ռուսաստանին այդպես էլ չհաջողվեց լուծել իր առջեւ դրված խնդիրները. «Պարզ է, որ նա ուներ մերձավորարևելյան խաղացող դառնալու խնդիր, որը հետո կփորձեր փոխարկել Ուկրաինայում՝ իր հանդեպ գործողությունների հետ, բայց դա  չհաջողվեց: Բազմիցս Ռուսաստանին ցույց տվեցին, որ սա վերաբերում է միայն գլոբալ խաղացողներին: Նրան ասվեց`Ուկրաինան առանձին ենք քննարկում քեզ հետ, Սիրիան՝ առանձին: Ինչ վերաբերում է նշված երկրորդ նպատակին, ապա Ասադի համար Ռուսաստանը չլուծեց որևէ էական ստրատեգիական խնդիր: Այսինքն՝ կան ինչ-որ տակտիկական առաջխաղացումներ, բայց Ասադի վիճակը, այնուամենայնիվ, այդ հաջողություններով հանդերձ՝ անշրջելի չէ: Պարզ է, որ այս իրավիճակով Ասադը դժվար թե մնա իշխանության: Այնպես որ Ռուսաստանն այդես էլ չկարողացավ դառնալ գլոբալ խաղացող»,- եզրակացրեց Ենոքյանը` այնուամենայնիվ ասելով, որ իր համար հասկանալի չէ ռուսական զորքերի դուրս բերման որոշումը. «Ինչո՞ւ Ռուսաստանը դուրս եկավ, ազնվորեն ասեմ՝ չգիտեմ: Երևի այստեղ ինչ-որ ստորջրյա հարցեր կան, որից մենք անտեղյակ ենք ու որոնք  մոտ ժամանակներում կերևան»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը արձանագրելով, որ այս գործընթացով Ռուսաստանն իրեն վերադարձրեց գլոբալ խաղացողի դերը` այդուհանդերձ, նշեց, որ Սիրիա մուտք գործելիս իր առջեւ դրած ոչ բոլոր խնդիրները Ռուսաստանը կարողացավ կատարել:
«Ռուսաստանը գրեթե բացահայտ էր ասում, որ պատրաստ է Սիրիայի հարցում զիջումների գնալ ու պարզ է՝ ինչ նկատի ունեին իրենք. Ուկրաինայի հետ կապված սանկցիաները, բայց քանի որ մի քանի օր առաջ սանկցիաները և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն նորից վերահաստատեցին ու երկարացրեցին, պարզ է, որ այդ գործոնն էլ մեծ դեր խաղաց: Բացի այդ` թեեւ ռուսական ռազմական արշավն ուժեղացրեց Ասադին, սակայն չկարողացավ  դարձնել միակ լեգիտիմ իշխանությունը Սիրիայում: Այժմ Մոսկվան ընդունում է հակամարտության նաև մյուս կողմերին՝ չափավոր ընդդիմություն, քրդական գործոն և այլն»,-ասաց Գրիգորյանը: 
Բանախոսը մատնանշեց նաեւ ռեսուրսների խնդիրը: Հակադարձելով Իսկանդարյանի պնդմանը, թե սա ամենաէժան պատերազմներից մեկն էր` Ստեփան Գրիգորյանը  նկատեց. «Թեպետ սիրիական պատերազմի վրա մեծ փողեր չեն ծախսվել, այնուամենայնիվ Մոսկվային դժվար է միևնույն ժամանակ պատերազմել եւ Սիրայում, եւ հակամարտել Ուկրաինայի հետ, եւ  «մարսել Ղրիմը» և դիմակայել պատժամիջոցներին»:
Իսկ ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ ընդգծեց, որ այս պատերազմը Ռուսաստանի համար նաեւ սեփական զինանոցի փորձարկման հնարավորություն էր:

«Սա նաև ռազմական ուժի ցուցադրման և փորձարկման դաշտ էր, և ՌԴ-ն ցույց տվեց, թե ինչ արդիական զինատեսակներ ունի: Սակայն ի սկզբանե էլ ասվում էր, որ ՌԴ ուժերը այնտեղ մնալու հավերժ խնդիր չունեն: Սիրայում վիճակը շիկացավ, գերտերությունները հասան կարմիր գծին և հասկացան, որ խնդիրներին լուծում է պետք տալ: Սա Մոսկվայի համար բազմաբևեռ աշխարհ ստեղծելու գործընթացի մի մասն է, այլ ոչ թե Ասադին օգնելու խնդիր»,-ասաց Նավասարդյանը:

Դիվանագետի դիտարկմամբ` Ռուսաստանում առկա են նաեւ ներքին խնդիրներ`մասնավորապես ՌԴ 20 միլիոնանոց սունիական մուսուլմանական համայնքը, որը կարող էր գործել: Նավասարդյանը նկատեց, որ ՌԴ-ի դուրս գալը կարևոր է նաեւ Թուրքիայի հետ փոխհարաբերություններում:

«Վերջին շրջանում, թեպետ թեթև, սակայն նկատվում է, որ ռուս-թուրքական հռետորաբանությունը փափկել է».,-նկատեց Նավասարդյանը:
Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի միջոցառումների համակարգող:
Հեղինակի հետ կապվելու համար գրեք 
 areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Կանայք Հայաստանի բարձրագույն իշխանության կազմում
13.06.2018
17:04
Ի՞նչ է մտածում Facebook-ը ՀՀ բարձրագույն ղեկավար կազմում կանանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը «Թավշյա հեղափոխությունից» հետո
13.06.2018
14:00
Հունիսի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը «Թավշյա հեղափոխությունից» հետո թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ