ՀՀ Զբաղվածության պետական գործակալության աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Գագիկ Թորոսյանի կարծիքով՝ Շիրակի մարզում ցուցանիշի նման աճը կապված է մի շարք հանգամանքների հետ:
«Շիրակի մարզում աշխատանք փնտրողների աճի հիմնական պատճառներից մեկը կարելի է ասել՝ Ռուսաստանի Դաշնությունում և ընդհանրապես մեր հարևան երկրներում ստեղծված բարդ տնտեսական վիճակն է։ Միջին Արևելքում ստեղծված իրավիճակից բխող ամեն ինչը հանգեցրեց ռուսական տնտեսությունում աշխատատեղերի կրճատմանը, դրամ-ռուսական ռուբլի տատանմանը», - ասաց Գագիկ Թորոսյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:
2014-2015 թվականներին ՌԴ-ի միգրացիոն օրենսդրության փոփոխություններն ազդել են Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող աշխատանքայի միգրանտների թվի վրա, նշեց քննարկման հյուր «Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ ղեկավար Տաթևիկ Բեժանյանը: Ըստ նրա՝ այդ փոփոխությունների արդյունքում մեծ թվով հայեր վերադառնալուց հետո մուտքի արգելքի տակ հայտնվեցին և չկարողացան մեկնել Հայաստանից: «Այսինքն դա իրենց կամքից անկախ պայմաններն էին. դրանք մարդկանց ստիպեցին մնալ Հայաստանում»: Տաթևիկ Բեժանյանի փոխանցմամբ՝ մուտքի արգելքի տակ գտնվողների թիվն այս պահի դրությամբ կազմում է մոտ 30 հազար մարդ: «Ռուսաստանում բնակվող շուրջ 170 հազար մեր հայրենակիցներ ռիսկի գոտում եմ: Նրանցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել մուտքի արգելքի տակ Ռուսաստանի սահմանը հատելուց անմիջապես հետո», - հավելեց Բեժանյանը:
Գրանցված աշխատանք փնտրողների թվի աճի պատճառներից է նաև այն, որ մարզերում բարձրացրել է զբաղվածության կենտրոնների մասին իրազեկվածության աստիճանը՝ համոզված է Գագիկ Թորոսյանը: «Նախկինում տրվում էր գործազրկության նպաստ, և մարդիկ գործակալությունը ընկալում էին միայն որպես նպաստ տվող մարմին»: Զբաղվածության գործակալությունը Շիրակի մարզում իրականացնում է 11 ծրագիր: Տեսակապի միջոցով քննարկմանը մասնակցող Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը նշեց, որ զբաղվածության կենտրոնի պաշտոնական էջում ներկայացված են մարզում գործող բոլոր աշխատատեղերը, բայց առանց անհրաժեշտ կոնտակտային տվյալների, ինչը զրկում է գործնականում տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունից: Քննարկման հյուրերը նշեցին, որ զբաղվածության ու միգրացիոն ռեսուրս կենտրոնները միշտ բաց են քաղաքացիների համար՝ պատրաստ տրամադրելու անհրաժեշտ տեղեկությունը, սակայն հենց քաղաքացին ինքը պետք է լինի նախաձեռնողական: «Եվրոպայում ճամբարներում ապրելուց հետո մեր հայրենակիցները կորցրել են աշխատող մարդու տեսակը», - ասաց Տաթևիկ Բեժանյանը:
Մինչդեռ, նրա խոսքով, Հայաստանում գործում են միգրացիոն ռեսուրս կենտրոններ, որտեղ դիմած անձիք, պատահել է, որ ստանալով նույնչափ աշխատավարձով աշխատանքի առաջարկ, նախընտրել են չմեկնել ՌԴ, մնալ և աշխատել Հայաստանում:
Անդրադառնալով Շիրակի մարզում պահաջարկ ունեցող մասնագիտություններին՝ Գագիկ Թորոսյանը երիտասարդներին խորհուրդ տվեց «փոխել միջին մասնագիտական կրթության մասին ընկալումը և դարձնել այն գրավիչ», քանի որ ի տարբերություն բուհական կրթություն ունեցողներ՝ առավել պահանաջված են միջին մասնագիտական կրթությամբ ամենատարբեր մասնագետները:
«Մենք դարձել ենք Ռուսաստանին շինարարներ մատակարարող երկիր, բայց Հայաստանում դժվար է որակյալ շինարար գտնելը»,-նկատում է Տաթևիկ Բեժանյանը:
Փառանձեմ Ավագյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի թարգմանիչ/խմբագիր:
Հեղինակի հետ կապվելու համար գրեք parandzemavagyan@pjc.am հասցեին: