Ինչպե՞ս լուծել Լոռիում աշակերտների և ուսուցիչների տրանսպորտացիայի խնդիրը. քննարկում
04.03.2016
13:00
Թեպետ Լոռու մարզում դպրոցական երեխաների և ուսուցիչների տրանսպորտացիայի խնդիրը լուծելու համար մարզպետարանի հաշվարկով տարեկան անհրաժեշտ է մոտ 100 մլն դրամ, սակայն պետական ծրագրով այդ կարիքները հոգալու նապատակով հատկացվում է միայն 278 հազար դրամ: Գումարի չափը վերջին տասը տարում չի փոխվել, իսկ մարզպետարանը, չնայած իրական կարիքներին, յուրաքանչյուր տարի բույջեն ներկայացնելիս չի էլ փորձել ավել գումար պահանջել ֆինանսների նախարարությունից: Ուստի հատկացված գումարը բաշխվում է մարզի չորս դպրոցների մեջ՝ միայն այդ հաստատությունների աշակերտների տրասնպորտացիայի խնդիրը մեղմելու համար:

«Եթե վերջին տաս տարում նման կարիքներ ունեցող մարզերի մեծամասնությանը հատկացվող գումարի չափը չի փոխվել, չի ավելացել, նշանակում է սա պատահական չէ», - ասաց Լոռու մարզպետարանի աշխտակազմի կրթության, սպորտի և մշակույթի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Պապանյանը՝ հավելելով, որ 2017 թ.-ի բյուջեով մարզպետարանն այնուամենայնիվ փորձելու է այս խնդրին ինչ-որ չափով լուծում տալ:

Մինչ պետական գերատեսչությունները կփորձեն պարզել, թե թերի ֆինանսավորման պատճառը որն է՝ մարզպետարանը չի պահանջել ավելի մեծ գումար, թե ֆինանսների նախարարությունն այն չի տրամադրել, մարզի տարբեր համայնքների դպրոցականներ և ուսուցիչներ ամեն օր ոտքով անցնում են գյուղից գյուղ կամ քաղաք ձգվող կիլոմետրեր՝ կրթություն ստանալու համար: Լոռու, ինչպես և Հայաստանի այլ մարզերում կան համայնքներ, որտեղ դպրոցներ չկա, իսկ շատ այլ համայնքներում գործում են միայն հիմնական դպրոցներ:

«Շատ երեխաներ օրական մոտ 15-20 կիլոմետր և ավելին ճանապարհ են կտրում անցնում ոտքով, որպեսզի հասնեն դպրոց և այնտեղից՝ տուն: Լավագույն դեպքում ճանապարհին պատահած Աստծո կամոք տրված տրանսպորտային միջոցով են տեղափոխվում», - հայտարարեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանը Վանաձորի «ՀԿ կենտրոնի» գրասենյակում մարտի 4-ին «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Լոռու մարզում դպրոցականների և ուսուցիչների տրանսպորտային տեղափոխման խնդիրները» թեմայով քննարկմանը:

Ամիսներ առաջ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզում բազմաթիվ երեխաներ, որոնք բնակվում են մի համայնքում, խնդիր ունեն տեղաշարժվելու այլ համայնք՝ կրթություն ստանալու համար: «Մենք ուսումնասիրեցինք նաև, թե որն է պետական քաղաքականությունը: Կա ինչ-որ քաղաքականություն, բայց դա չափից շատ անտարբեր է Լոռու մարզի նկատմամբ: Կան ծրագրեր, որոնք որոշակիորեն կարգավորում են աշակերտների եւ ուսուցիչների տրանսպորտային դժվարությունները, փոխատուցում են տրամադրում»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ կարիքների ապահովման համար գումարները մարզերի միջև համաչափ չեն բաշխվում:

«Աշակերտների եւ ուսուցիչների տրանսպորտացիոն փոխատուցում» պետական ծրագրով ծրագիրը 2015 թվականի տվյալներով, 25 մլն. դրամը տրվել է Սյունիքի մարզին, իսկ 278 հազար դրամ՝ Լոռու մարզին:

Ըստ Լոռու մարզպետարանի ուսումանսիրությունների, որը քննարկմանը ներկայացրեց Աշոտ Պապանյանը, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզում կա 669 երթևեկող աշակերտ, որից 460-ը ընդգրկված են 1-9-րդ դասարաններում, 209 աշակերտ էլ սովորում է 10-12-րդ դասարաններում: Երթևեկող ուսուցիչների թիվն էլ կազմում է 629: Նրա խոսքով, Լոռու մարզին տրվող 278.100 դրամ գումարը բաշխվում է մարզի 4 համայնքներին, որոնք լուծում են աշակերտների տեղափոխման հարցը, սակայն ֆինանսների պակասը փորձ է կատարվում լրացնել համայնքների ֆոնդերի և դպրոցների բյուջեների հաշվին: «Տարեկան կտրվածքով հատկացվող գումարը քիչ է, բայց խնդիրը լուծելու համար աւակցում են համայնքները, և դպրոցները, որոնք իրենց կանոնադրությամբ իրավունք ունեն իրենց բյուջեներից գումարներ հատկացնել այդ խնդրի լուծման համար», - ասաց նա՝ հավելելով, որ մարզում դեռ չի գրանցվել դեպք, որ տրանսպորտային խնդիրների պատճառով «պարտուսից դուրս մնացած երեխա լինի»:

Տրանսպորտացիայի դժվարությունները խնդիր են ստեղծում նաև աշակերտների կրթության իրավունքի իրացման տեսանկյունից: «Հաճախ տրանսպորտային խնդիրներից ելնելով, այսօր հիմնական դպրոցն ավարելուց հետո աշակերտներն ավագ դպրոցներում կրթությունը չեն շարունակում», - նկատեց քննարկմանը մասնակից «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբան Արեւահատ Պետրոսյանը:

Սպիտակ համայնքում, շարունակեց բանախոսը, կա միայն մեկ ավագ դպրոց, որտեղ գյուղական համայնքներից միայն մեկ աշակերտ է սովորում: «Պատճառը բոլորիս համար էլ պարզ է: Տրանսպորտի պատճառով չեն գալիս ավագ դպրոց եւ չեն կարողանում ազատ կերպով իրականացնել իրենց կրթության իրավունքը», - ասաց նա:

Բացի աշակերտներից բավականին սուր է նաև տրանսպորտից օգտվող ուսուցիչների խնդիրը, նշեց «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ նախագահ Աշխեն Բաբայանը:

«Մեր հետեզոտություններից պարզ դարձավ, որ կան ուսուցիչներ, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն պետության կողմից տրվող տրանսպորտային գումարների մասին: Թեպետ շատ ուսուցիչներ այլ համայնքներից են տեղափոխվում դասավանդելու համար, սակայն նրանք տեղյակ չեն իրեց իրավունքներին, նրանց այդ մասին չեն տեղակեցանում դպրոցներում: Ուսուցիչների աշխատավարձերն էլ շատ ցածր են եւ նրանք չեն կարող ամեն անգամ այդ գումարը տան տրանսպորտին, որպեսզի գնան աշխատանքի: Ուսուցիչներ կան, ովքեր հրաժարվել են աշխատանքից», - տեղեկացրեց նա՝ հավելելով, որ իրենց կազմակերպությունը տպագրել է տեղեկատվական բուկլետներ՝ «Ուսուցի՛չ, տեր կանգնիր քո իրավունքներին» կարգախոսով եւ տարածել տարբեր համայնքներում:

Քննարկմանը մասնակից ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վարչական վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունում խնդրին տեղյակ են և այն պահում են ուշադրության կենտրոնում: «Կարծում ենք՝ հնարավորություն կա մյուս տարվա բյուջեի կազմման ժամանակ համապատասխան ֆինանսական հայտ ներկայացնելիս որոշակի վերանայում կատարել: Կատարված ուսումնասիրություններն ավելի հիմնավոր կդարձնեն մարզպետարանների հայտը՝ ուղղված ֆինանսների նախարարությանը: Սակայն համապատասխան ֆինանսավորում կտրվի նախարարության կողմից, թե ոչ, դա այլ հարց է», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ