Հայաստանում կանանց և տղամարդկանց աշխատավարձի ճեղքվածքը կազմում է 35.9%
07.03.2016
11:00
Հայաստանում կանանց միջին ամսական աշխատավարձը տնտեսության բոլոր հատվածներում զիջում է տղամարդկանց միջինին: Ճեղքվածքը կազմում է 35.9 տոկոս: Այս մասին «Մեդիա կենտրոնում» փետրվարի 7-ին կանանց միջազգային օրվան ընդառաջ կազմակերպած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը՝ ներկայացնելով նույն կառույցի՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած նոր հետազոտության տվյալները:

Համեմատության համար Հայրապետյանը նշեց, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանի ցուցանիշը Վրաստանից (51.1%) և Ղազախստանից (38.1%) հետո երրորդն է: ԵՄ անդամ երկրների համադրված ճեղքվածքը 15.9 տոկոս է, իսկ աշխարհի միջինացված ցուցանիշը՝ 22.9 տոկոս: 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Հայաստանում իրականացրել է «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրություն» անվանումը կրող հետազոտություն: Այն իրականացել է 2015-16 թթ.-ին, անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմանդրամից ֆինանսավորվող «Գենդերային հավասարության անհամապատասխանությունների ախտորոշիչ ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում:

Հետազոտությունում նաև նախնական հաշվարկներ են ներկայցված ընտանեկան և կանանց նկատմամբ տնտեսական բռնության հետևանքով տնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ: «Նախնական հաշվարկներով, Հայաստանին ընտանեկան բռնության հասցրած տնտեսական կորուստը կազմում է 400.000-ից մինչև 1.1 միլիոն ԱՄՆ դոլար։ Կանանց նկատմամբ տնտեսական բռնության արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, տնտեսությունում չի գոյանում գրեթե 6.5 միլիոն դոլար», - ներկայացրեց հետազոտության տվյալները Գագրիկ Հայրապետյանը։

Կանանց նկատմամբ կիրառվող աշխատանքի սահմանափակումը, նրա խոսքով, նախնական հաշվարկներով, տարեկան ՀՆԱ-ի համեմատ 0.53-0.63 տոկոս կամ 50-60 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բեռ է գոյացնում:

Ասուլիսի մասնակից անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը, ով հետազոտության հեղինակն է, նշեց, որ կանանց աշխատավարձի ճեղքվածքը տարբերվում է ըստ տնտեսության ոլորտների: Գյուղատնտեսությունում կանանց միջին աշխատավարձը կազմում է տղամարդկանց աշխատավարձի 83.8 տոկոսը, կրթությունում՝ 81.3, առողջապահությունում և սոցիալական ծառայությունների ոլորտում՝ 75.1, հանրային կառավարման հատվածում՝ 67.9 և ֆինանսական ու ապահովագրական հատվածում՝ 54.9 տոկոսը:

«Կանայք հիմնականում զբաղված են ցածր վարձատրվող ոլորտներում: Գյուղա-տնտեսությունում վերջինները կազմել են 58.7 տոկոս, ծառայություններում՝ 50 տոկոս, հանրային կառավարումում՝ 60.5 տոկոս, կրթությունում՝ 77.3 տոկոս, առողջապահությունում՝ 84.2 և արվեստում՝ 65.4 տոկոս», - պարզաբանեց Մանասյանը:

Պետական և ոչ պետական բուհերում 28 մասնագիտությունների ցանկում միայն 7 մասնագիտություններում են կանայք կազմել 50 տոկոսից ավելին: Այդ ցանկում են հումանիտար ու սոցիալական գիտությունները, մանկավարժությունն ու արվեստը, տնտեսագիտությունն ու սպասարկման ոլորտի մասնագիտությունները: Մյուս մասնագիտություններում կանանց թիվը վերջին տարիներին, որպես կանոն, նվազել է:

«Հետաքրքիրն այն է, որ դպրոցական տարիքում աղջիկները ճշգրիտ գիտություններին վերաբերող առարկաներն անցնելիս՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, իրենց առաջադիմությամբ չեն զիջում տղաներին: Սակայն, երբ նրանք ավարտում են դպրոցը, խորհրդավոր կերպով ընտրում են հիմնականում հումանիտար, մանկավարժական մասնագիտություններ», - նկատեց փորձագետը:

Թեև կանայք Հայաստանում կրթությամբ չեն զիջում տղամարդկանց, այնուամենայնիվ, զբաղեցնում են պաշտոններ ստորին օղակներում։ 2001-ից մինչ 2011 թվականը մասնագիտական աշխատանքային հմտություններ պահանջող զբաղվածության մասնաբաժինը կանանց շրջանում կտրուկ նվազել է՝ 64.3 տոկոսից հասնելով 26.1 տոկոսի։

Հայաստանում պետական հատվածում գերակշռում են կանայք, սակայն մեծապես ստորին, որոշումների կայացմանը չառնչվող օղակներում: Որոշումների կայացման հետ չառնչվող ստորին օղակների պաշտոնների 68.6 տոկոսը կանայք են զբաղեցնում:

Բանախոսները, հենվելով ուսումնասիրության տվյալների վրա, կարծում են, որ կանանց և տղամարդկանց միջև խտրականության վերացումը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության զարգացման վրա:

Առկա են նաև օրենսդրության կիրառման խնդիրներ, մասնավորապես, համարժեք վարձատրության, աշխատանքային իրավունքի և աշխատանքի շուկայում հավասար պայմանների առկայության ապահովման առումով: «Աշխատանքի շուկայում խտրականության հիմքում կրթության համակարգային և անձի առաջադիմության խնդիրներ չկան: Այնուամենայնիվ, մասնագիտական կողմնորոշման պահին նկատելի է դառնում կանանց ներգրավվածության սահմանափակությունն ըստ առկա մասնագիտությունների», - ասաց Մանասյանը:

Ֆինանսական հասանելիության տեսանկյունից, ըստ Հայրապետյանի, Հայաստանում սահամանափակ են գործարար կանանց մատուցվող տեղեկատվական, աջակցության և վերապատրաստման ծառայությունները։ Չնայած օրենսդրական չեզոք ու հավասարությունը երաշխավորող նորմերին, կնոջ նկատմամբ խտրական դրևորումների կարծրատիպային հենքը բավականին սահմանափակող է:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ