Պատգամավորներ. Խորհրդարանը վերածվել է կառավարության կցորդի
03.03.2016
13:00
Ազգային ժողովը հերթական և արտահերթ նիստերին ընդունված օրենքների հարաբերակցությամբ գերազանցել է նախկինում գրանցած բոլոր ցուցանիշները՝ արտահերթ 4 նիստերի և 1 նստաշրջանի ընթացքում ընդունելով 4 անգամ ավելի շատ օրենք, քան ողջ հերթական նստաշրջանի ժամանակ: 112 օրենսդրական փոփոխությունից 90-ն ընդունվել է արտահերթ նիստերում ու նստաշրջանում: Ընդունված օրենքներից միայն 8-ի (7%) հեղինակն են ԱԺ պատգամավորները:

«Մեդիա կենտրոնում» մարտի 3-ին խորհրադրանում ներկայացված ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների մասնկացությամբ «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամփոփեց է 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի  գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:

Ըստ դիտակման արդյունքների, հինգերորդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի ընթացքում գումարվել է 5 քառօրյա և 4 արտահերթ նիստ: Նստաշրջանի ավարտից հետո հրավիրվել  է ևս 1 արտահերթ նստաշրջան: 5 արտահերթերից 4-ի նախաձեռնությունը եղել է կառավարությանը: Ընդունվել է 116 օրենք (47 օրենսդրական նախաձեռնություն),  որոնցից 4-ը  «մայր» օրենքներ են, 112-ը՝ փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում:

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշեց, որ նստաշրջանի ընթացքում վավերացված 18 համաձայնագրերից 14-ը ևս ընդունվել են արտահերթերի ընթացքում: «Դրանց գերակշիռ մասը վարկային համաձայնագրեր են, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է կես մլրդ դոլարի սահմանը», - փաստեց նա՝ հավելեով, որ նստաշրջանի ընթացքում քննարկված որևէ նախագիծ քվեարկությամբ չի մերժվել:

Արտահերթ ռեժիմով միջազգային վարկային պայմանագրերի ընդունումն  ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն որակեց, որպես «շատ բացասական պրակտիկա»: «Թեպետ այդ վարկային համաձայնագերերի մեծ մասը կնքվել էին տարիներ առաջ, բայց կառավարությունն այն ներկայացնում է արտահերթ ռեժիմով, և պատգամավորները անգամ չեն հասցանում դրանց ծանոթանալ: Խոսքը կես միլիարդ դոլար վարկի մասին է, որը պետք է հետագայում մեր սերունդները վճարեն», - ասաց նա:

Անցած նստաշրջանում ընդդիմադիր խմբակցությունների և անկախ պատգամավորների հեղինակած 5 նախագծի ընդգրկումը 8-րդ նստաշրջանի օրակարգ հետաձգվել է մինչև 1 տարով, 1-ինը՝ քվեարկությամբ մերժվել:

8-րդ նստաշրջանի ընթացքում քաղաքական փոքրամասնությունը չի նախաձեռնել որևէ արտահերթ նիստ կամ նստաշրջան, իսկ արտահերթ համարված հարցի քննարկում նախաձեռնելու՝ ԱԺ կանոնակարգով սահմանված իրավունքից  օգտվել է ընդամենը 1 անգամ: Նախաձեռնությունը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանինն էր:

«5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանում խորհրդարանական մեծամասնությունը` Հանրապետական խմբակցությունը, գրանցել է «դեմ» քվեարկությունների աննախադեպ ցածր ցուցանիշ: Խմբակցության 70 պատգամավորները միասին քվեարկել են 6580 անգամ, բացի 2 «դեմ»-ից և 1 «ձեռնպահ»-ից՝ մնացած բոլորը «կողմ» քվեարկություններ են: Սուքիաս Ավետիսյանն ու Առաքել Մովսիսյանը դեմ են քվեարկել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում  ՕԵԿ պատգամավորների առաջարկած փոփոխություններին, ձեռնպահ քվեարկած միակ պատգամավորը Վարդան Այվազյանն է», - ասաց նա:

Աննախադեպ ցածր է մնում օրինաստեղծ աշխատանքում խորհրդարանի նախաձեռնողականության մակարդակը: Այն նախորդ նստաշրջանի համեմատ նվազել է:  ԱԺ 8-րդ նստաշրջանի ընթացքում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունը 7/93 է , նախորդում՝  10/90:

Քննարկմանը ներկա Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, ընդունելով հանդերձ ԱԺ օրինաստեղծ գործունեության ցածր մակարդակի փաստը, հավելեց, թե գրեթե բոլոր երկրներում օրենքների մշակման հարցում կառավարություններն ավելի ակտիվ են: «Թեպետ ընդունում եմ, որ մեր խորհրդարանի դեպքում պատգամավորների օրինաստեղծ գործունեության մակարդակը ցածր է», - հավելեց նա:

Հայաստանում պառլամենտարիզի վիճակը սուր քննարդատության ենթարկեց ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Ազգային ժողովը խորհրդային միակուսակցական պառլամենտից էլ վատ վիճակում է: Այնտեղ կային Սախարով և նման մարդիկ, ովքեր Գարբաչովին նեղ դրության մեջ էին դնում իրենց հարցերով: Իսկ հիմա ունենք մի իրավիճակ, երբ կառավարությունն ինչ օրինագիծ ուղարկի խորհրդարան, այն ոչ մի դիմադրության չի արժանանում: Իշխող ՀՀԿ խմբակցության 70 պատգամավորները միասին քվեարկել են 6580 անգամ, որից 6577՝ կողմ: Մենք ոչ թե խորհրդարանի, այլ կառավարության կցորդի հետ գործ ունենք», - հավելեց նա:

«Խորհրդարանական մեծամասնությունը կառավարության հենարանն է ԱԺ-ում, այն չի կարող դեմ դուրս գալ իր կողմից ձևավորած կառավարությանը: Մենք ունեցել ենք դեպք, երբ մի գիշերում գրեթե պատգամավորների մեծ մասը դուրս եկան խմբակցությունից: Դա եք ուզո՞ւմ, որ լինի», - հակադարձեց ՀԱԿ ներկայացուցչին Սամվել Նիկոյանը:   

Ըստ հարցերի և ելույթների վիճակագրության` դիտարկված ժամանակահատվածում ամենաբարձր ցուցանիշն արձանագրել են ՕԵԿ (192 հարց ու ելույթ) և Հանրապետական (171 հարց ու ելույթ) խմբակցությունները,  ամենացածրը ՀՅԴ  արդյունքն է (26 հարց ու ելույթ): Նախորդ նստաշրջանի համեմատ նվազել է ամբողջ խորհրդարանի ակտիվությունը. 8-րդ նստաշրջանի ընթացքում օրենսդրական քննարկումների ժամանակ, ընդհանուր առմամբ, հնչել է 694 հարց ու ելույթ՝ նախորդի  877-ի փոխարեն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հարց բարձրացրեց առ այն, որ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի հետազոտությունում այսուհետ լինեն ոչ միայն քանակական տվյալներ, այլ նաև որակական վերլուծություններ: «Պատգամավորները կարող են ակտիվ լինել, խոսել, և դա դիտարկվի, որպես ակտիվություն, սակայն որքանո՞վ են նրանք ըստ էության խոսում», - ասաց նա՝ հավելելով, որ շատ պատգամավորներ սեփական օրենսդրական նախաձեռնությունները չեն կարողանում ԱԺ մեծ օրակարգում ներառել, կամ դնել քննարկման, քանի որ չեն տիրապետում ԱԺ կանոնակարգ օրենքի նրբություններին:

Ըստ զեկույցի տվյալների նախորդ նստաշրջանում չի փոփոխվել «լուռ» պատգամավորների թիվը. օրինագծերի քննարկմանը չի մասնակցել 131 պատգամավորից 67-ը՝ նախորդ նստաշրջանի 74-ի համեմատ: ՀՀԿ-ում 70 պատգամավորից հարց չի տվել ու ելույթ չի ունեցել 51-ը, ԲՀԿ-ում՝  33-ից 23-ը: 

8-րդ նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորը դարձյալ  Գագիկ Ծառուկյանն է: Նա չի մասնակցել որևէ նիստի: Ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորները 14-ն են՝  ՀՀԿ-ից: Ամենաշատը դեմ է քվեարկել ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը, ձեռնպահ՝ Արծվիկ Մինասյանը: Հարցերի և ելույթների քանակով ամենաակտիվը ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը շարունակում է գլխավորել 5-րդ գումարման Ազգային ժողովի 8 նստաշրջանների արդյունքով ամենաակտիվ պատգամավորների տասնյակը:  

8-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած  քվեարկությունների կեսից ավելիից բացակայել է 5 պատգամավոր`  Գագիկ Ծառուկյանը (ԲՀԿ), Հայկ Խաչատրյանը (ԲՀԿ), Վարդան Օսկանյանը (ԲՀԿ), Կարո Կարապետյանը (ԲՀԿ), Աշոտ Աղաբաբյանը (ՀՀԿ): Գրանցված բացակայությունների կեսից ավելին ԱԺ նախագահի կողմից հարգելի է ճանաչվել:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ