Եվրամիության դեսպանը ՀՀ իշխանություններին. «Կատարեք տնային աշխատանքը»
09.02.2016
11:00
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները արդյունավետ զարգանում են: Մոտ ապագայում Հայաստան կայցելի Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և կազդարարի ԵՄ պատրաստակամությունը՝ Երևանի հետ ձևավորելու արդյունավետ հարաբերություններ: Այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին, ում ասուլիսը «Մեդիա կենտրոնում» կազմակերպել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ:

Հայաստանը և Եվրոպական Միությունը 2015 թ.-ի դեկտեմբերի 7-ին վերսկսեցին երկկողմ հարաբերությունների նոր իրավական բազայի ձևավորման շուրջ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ Երևանն Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովից երկու ամիս առաջ հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման մասին: Արդյունքում, բանակցված և համաձայնեցված ԵՄ-Հայաստան Ասոցիացիայի մասին համաձայնագիրը, չստորագրվեց:

Որոշակի դադարից հետո կողմերը սկսեցին քննարկումներ հարաբերությունների նոր իրավական բազայի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու համար, որը պետք է հաշվի առներ նոր իրողությունները: Այն է՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և այդ անդամակցությունից բխող պարտավորությունները: Ըստ այդմ՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը, ինչպես հայտնում են Հայաստանի և Եվրամիության ներկայացուցիչները, պետք է հիմնված լինի նախկինում բանակցված Ասոցիացիայի համաձայնագրի վրա: Արդեն փետրվարի 15-ին Հայաստանի և Եվրամիության պատվիրակությունները կքննարկեն նոր ձևավորվելիք համաձայնագրի՝ Առևտրի և ներդրումների բաժինը:

Կան բարդ խնդիրներ և մարտահարավերներ

Թեպետ վերամեկնարկած բանակցություններում, ըստ դեսպանի, կան բարդ խնդիրներ և մարտահրավերներ, սակայն նա հույս ունի, որ քննարկումները հարթ ընթացք կունենան: «Հուսով եմ բանակցությունները կանցկացվեն հարթ և ճանապարհի վերջին կհասնենք փոխադարձ ընդունելի լուծման», - հայտարարեց Սվիտալսկին՝ հավելելով, որ Հայաստանի հետ նոր շրջանակային համաձայանգրի բանակցությունները պետք է դիտարկել ԵՄ Հարևանության քաղաքականության վերանայման համատեքստում:

Բանակցվող համաձայնագրում պետք է պարփակվի Հայաստան-ԵՄ համագործակցության ողջ քաղաքական օրակարգը տարաբնույթ ուղղություններով: Ըստ դեսպանի՝ այս գործընթացում Եվրամիությունը հետամուտ է այն ռազմավարական նպատակին, որ պետությունը կարող է այլ ինտեգրացիոն հարթակների՝ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի մաս կազմել, միևնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվրոպական Միության հետ: «Հուսով ենք, որ բանակցված (Ասոցիացիայի) համաձայանգրի քաղաքական մասը, որը վերաբերում է արժեքներին, արդարադատությանը, օրենքի գերակայությանը և անվտանգության ոլորտում համագործակցությանը կընդունվի առանց փոփոխության», - ասաց նա:

Ասոցիացիայի համաձայնագրի այլ դրույթներ, որոնք հատկապես վերաբերում են ազատ առևտրի հարցերին, պետք է փոխվեն, քանի որ Հայաստանն այլևս այլ մաքսային տարածքի և տնտեսական միության մաս է: «Նոր իրողությունների պայամաններում հնարավոր չէ շուկաները փոխադարձ բացել, սակայն մենք հուսով ենք, որոնք կդյուրացվի ԵՄ ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելը և կակտիվացնի առևտուրը», - պարզաբանեց դիվանագետը՝ հավելելով, որ նոր շրջանակային համաձայանգիրը «համագործակցության հատակն է, ոչ թե առաստաղը»:  

Այս համատեքստում նա հիշեցրեց, որ Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն դոնորն է, արտաքին առևտրի խոշորագույն գործընկերն ու ներդրողը: «Տարեկան մենք հիսուն միլիոն դոլար ենք ծախսում ի շահ ՀՀ քաղաքացիների», - ասաց նա:

«Որևէ ճեղքվածք չի առաջանա»

Թեպետ ավարտվել է Եվրոպայի հարևանության քաղաքականության գործողությունների 2014-2015 ծրագիրը և նոր վերանայված Հարևանության քաղաքականության գերակայությունները հստակեցվում են, սակայն դեսպանը վստահ է, որ Հայասատանի հետ հարաբերություններում «որևէ ճեղքվածք չի առաջանա»:  «Երբ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջ ընթանանք, մենք կկարողանանք մշակել հարաբերությունների հարուստ և կառուցողական օրակարգ», - ասաց նա՝ հավելելով, որ տարածաշրջանային պետությունների հետ Եվրամիության հարաբերություններում գերիշխելու է տարբերակված մոտեցման սկզբունքը: Հաշվի են առնվելու յուրաքանչյուր գործընկեր երկրի կարիքներն առանձին-առանձին:

Չանայած Արևելյան գործընկերության մասնակից պետությունների նկատմամբ Եվրամիության մոտեցման տարբերակման, որոշակի հարցերում անհրաժեշտ է ընդհանրական մոտեցում ցուցաբերել: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մեր հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա: Մենք շատ լրջորեն ենք վերաբերում այս հայտարարությանը», - ասաց դիվանագետը՝ այս համատեքստում խոսելով առկա խնդիրների մասին:

«Դուք ինձանից լավ գիտեք, թե որտեղ են խնդիրները Հայաստանում: Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակվեց Սահամանդրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը: Այո, ընտրական գործընթացներն Հայաստանում բարելավման կարիք ունեն: Զեկույցը դրա հերթական ապացույցն է: Լրջորեն վերաբերվեք դրան և տնային աշխատանքը կատարեք: Հայաստանի ժողովուրդը և Հայաստան պետությունը կշահեն, եթե այդ քննադատական մեկնաբանություններն ի կատար ածվեն: Այստեղ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ աջակցությունը: Եվրոպական միությունը չի փոձում ինչ-որ բան թելադրել Հայաստանին», - նշեց դեսպանը:

Թույլ կետերը

Ընտրական գործընթացնրի բարելավման խնդիրը Պյոտոր Սվիտալսկին կարևորում է հատկապես առաջիկա 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում, քանի որ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի:

«Դա առաջին համապետական ընտրություններն են, որը կանցկացվի նոր Սահամանդարության պայամաններում: Որոշ առումով սա նախադեպ է ստեղծելու, և մենք հուսով ենք, որ այն լավ նախադեպ կլինի: Այստեղ կարևոր է երկու հանգամանք՝ ՀՀ քաղաքացիների վստահությունն ընտրական համակարգի, դեմոկրատական ինստիտուտների լեգիտիմության նկատմամբ և Հայաստանի միջազգային հեղինակությունը: Եթե ընտրություններն անցկացվում են այնպես, որ կասկածներ են ծագում, ապա ոչ քաղաքացիներն են կարողանում սեփական պետական ինստիտուտներին և ընտրական գործընթացներին վստահել, ոչ էլ այն կնպաստի երկրի միջազգային հեղինակությանը, որպեսզի ներդրումներ բերվեն Հայաստան, և առևտուրն ակտիվանա: Ուստի ուշադիր դիտարկեք ԺՀՄԻԳ-ի զեկույցը, քանի որ այնտեղ նշված են թույլ կետերը», - ասաց դեսպանը:

Իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկումներում դեսպանը պարզել է, որ խնդիրների ախտորոշման հարցում առկա է ընդհանուր մոտեցում:

«Ընտրական գործընթացի առաջին թույլ կետերը, որոնք նշվում են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում, ընտրողների ռեգիստրն է, քվեարկության գործընթացը, քվեների հաշվարկը և արդյունքների ամփոփումը: ԺՀՄԻԳ-ի թիմը տեսավ, թե որոշ քվեներ ինչպես զրոյացվեցին սովորական կարգին հակառակ: Մի բան սխալ է, որ եթե անգամ դիտորդների ներկայությունը չի կանխում վատ պրակտիկան», - ասաց նա:

Խնդրի լուծումը դեսպանը տեսնում է համատեղ աշխատանքի մեջ: «Ուստի մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, կառավարությանը և ընդդիմությանը ներգրավվելու երկխոսութայն մեջ՝ ընդունելու նոր ընտրական օրենսգիրք ներառական գործընթացով: Եվ լրջորեն անդրադառնալ նշված թույլ կետերին: Առանց դրանք հաղթահարելու միշտ կլինի կասկածի մթնոլորտ, վստահության պակաս, հակասականություն, և ՀՀ միջազգային հեղինակությունը դրանից միշտ կտուժի: Իսկ ես կարծում եմ, որ հայերը պետք է կարևորեն իրենց երկրի միջազգային հեղինակությունը», - եզրափակեց դեսպան Պյոտոր Սվիտալսկին:   

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:





Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ