Հայաստանում քաղցկեղի տարածման ցուցանիշն աճում է տարեկան 3-4 տոկոսով
29.01.2016
12:00
Հայաստանում քաղցկեղից մահացության և հիվանդացության ցուցանիշը բարձր է. ըստ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների՝ 2010-ի համեմատ քաղցկեղով հիվանդների թիվն աճել է 9-10 տոկոսով:

«Երևի տարեկան 3-4 տոկոսով ավելանում է: Մենք 2010-ին ունեցել ենք 7593 առաջնակի հիվանդ քաղցկեղով, իսկ 2014-ին ունենք  8365: Պատճառները շատ տարբեր են, բայց առաձնացնում են սնունդը, կոնցեռոգեն ճառագայթումը, ծխախոտը: Սա բացահայտում է դեպքերի  40-60 տոկոսը, մնացածի դեպքում պատճառները մնում են անհայտ»,-ասում է Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը:

Ուռուցքաբանի խոսքով՝  Հայաստանում տղամարդկանց մոտ թոքի և ստամոքսաղիքային քաղցկեղն է առավել շատ տարածված, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղը:

Հայաստանյան պաշտոնական վիճակագրության և Հայաստանում քաղցկեղի տարածվածության խնդրի վերաբերյալ իրենց պարզաբանումներն ու գնահատականները առողջապահության ոլորտի պատասխանատուներն ու ուռուցքաբանները հնչեցրին հունվարի 29-ին «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:

«Հայաստանում 2014-ին 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է քաղցկեղից 188 մահացության դեպք»,-ասում է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Այս տվյալները հակասում են այս տարվա հունվարի 14-ին WorldLifeExpectancy.com կայքում հրապարակված հետազոտությանը, որի համաձայն Հայաստանը աշխարհի 172 երկրների շարքում զբաղեցնում է առաջին հորիզոնականը քաղցկեղային հիվանդություններից մահացության թվով:

Բազարչյանն ասում է, որ  WorldLifeExpectancy.com կայքում հրապարակված հետազոտությունը չի ներկայացնում թե մասնավորապես որ աղբյուրների հիման վրա է կազմվել հետազոտությունը եւ ինչ մեթոդաբանություն է կիրառվել, որի արդյունքում ստացել են հրապարակված ցուցանիշները, այդ իսկ պատճառով վստահություն չի ներշնչում:

Նշենք, որ ըստ վերը նշված կայքի հրապարակման, Հայաստանում 2014-ին 100 հազար բնակչի հաշվով եղել է քաղցկեղից մահացության 229 դեպք:

Worldlifeexpectancy կայքի հիմնադիր և Global Life Partners կազմակերպության գործադիր տնօրեն Թոմ Լեդակը գրավոր պատասխանել էր ՀԼԱ եւ IWPR-ի հարցմանը՝ նշելով որ քարտեզի և վերլուծության համար հիմք են հանդիսացել ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2014-ի  տվյալները և երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները, սակայն կայքի ներկայացուցիրչը այդ տվյալների վերաբերյալ հղումներ չէր ուղարկել եւ մեթոդաբանության վերաբերյալ հարցին չէր անդրադարձել:

«Մենք թարմացրել ենք մեր տվյալները մեկ տարի առաջ: Մեզ համար հույժ կարևոր են մեր ստացած հաշվարկներն ու ստացած արդյունքները, ինչպես նաև համաշխարհային առողջապահությունը և մենք պատրաստ ենք ընդունել և ուղղել մեր սխալները: Չեմ կարծում, որ կգտնեք ԱՀԿ տվյալներին ավելի ուշադիր և խիստ հետևող կազմակերպություն»,-իր պատասխանում նշել է Թոմ Լեդակը:

Բազարչյանը հակադարձում է Լեդակի ներկայացրած պարզաբանումներին և ընդգծում, որ ԱՀԿ-ի վիճակագրական տվյալները ուսումնասիրելիս, տեսանելի է, որ կան երկրներ, օրինակ՝ Հունգարիան, որտեղ քաղցկեղից մահացության ցուցանիշն  ավելի բարձր է, քան Հայաստանում:

«Կան երկրներ, որոնք մեր երկրից միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներ են, և մեզնից մի փոքր ավելի բարձր ցուցանիշներ ունեն կամ հավասար են մեզ: Ընդհանրապես ուրբանիզացված երկրներին բնորոշ է քաղցկեղից մահացությունների բարձր ցուցանիշը»,-ընդգծում է Բազարչյանը:

Հայաստանում առկա պաշտոնական թվերի համաձայն, 2014-ին 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է 277 նոր դեպք:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ասում է, որ վերջին տարիներին դիմելիությունը հետազոտման համար ավելացել է, և եթե նախկինում կրծքագեղձի քաղցկեղ  արձանագրում էին յուրաքանչյուր 13-րդ կնոջ  մոտ, ապա այսօր այդ թիվը դարձել է 34:

«Որքան վաղ մարդիկ դիմեն հետազոտվելու, այնքան ավելի շուտ կհայտնաբերվի այս հիվանդությունը եւ բուժումն էլ կլինի էլ ավելի արդյունավետ»,-հորդորում է Հակոբյանը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, ուռուցքաբան, վիրաբույժ Արթուր Ավետիսյանը  նշում է, որ մահացությունը նվազում է հիմնականում զարգացած երկրներում, որտեղ հաջող է կատարվում հենց կանխարգելումը:

«Այսօր բուժման մոտեցումները մեզ մոտ համապատասխանում են միջազգային չափանիշներին: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ունենք նաև ժամանակակից ճառագայթային թերապիայի ապարատներ: Բայց ուրիշ հարց է դեղորայքի գների հասանելիությունը: Վերջերս մենք ստացել ենք բավականին թանկարժեք դեղորայք, որը բացարձակ անվճար տրամադրվում է հիվանդներին, բայց դրան զուգահեռ ամեն շաբաթ մենք հանդիպում ենք հիվանդի, ով ուշացած փուլում է հասնում մեզ սնխչիների և հեքիմների պատճառով»,-նշում է Ավետիսյանը:

«Բայց կան երկրներ օրինակ՝ Մոլդովան, որտեղ քաղցկեղից մահացությունը ավելի ցածր է, բայց 0-65 տարեկանների շրջանում ավելի բարձր է: Մեզ մոտ թե հիվադացության, թե մահացության ցուցանիշը ցածր չէ: Եվ կանխարգելիչ աշխատանքը պետք է ուղղված լինի հենց վաղաժամ մահացությանը՝ 0-65 տարեկան մահացությանը»,-ընդգծեց Բազարչյանը:

Անդրադառնալով քաղցկեղից մահացության ցուցանիշների նվազմանը և վիճակի բարելավմանը՝ մասնագետները միաձայն նշեցին, որ կարևոր է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը: Մյուս կողմից կոչ արեցին վստահել բժիշկներին և Հայաստանում առկա տեխնոլոգիաներին ու տարին մեկ անգամ գնալ պրոֆիլակտիկ հետազոտման:

«Առողջապահության նախարարության կողմից մշակվել են ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի համար քաղաքական փաստաթղթեր, որի մեջ ներառված է նաև քաղցկեղների դեմ պայքարի խնդիրը: Գործում են առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի ծրագրեր, որոնք կանխարգելման և վաղ հայտնաբերման դեր ունեն: Կանխարգելելով պետք է փորձել նվազեցնել քաղցկեղից առաջացած վաղաժամ մահերը և ազդել մահացության ցուցանիշի վրա, ինչին հասել են այսօր ԱՄՆ-ն, Նորվեգիան անգլոսաքսոնական երկրները»,-եզրափակեց Բազարչյանը:

Քննարկման վերջում մասնագետները ընգծեցին, որ պետական մակարդակով իրականացվող ծրագրերը սկզիբն են կանխարգելիչ գործողությունների և պետք է շարունակել՝ այդ ուղղությամբ ավելի ընգրկուն աշխատանքներ տանելու համար:

Քննարկումը կազմակերպել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: