«Աշխատատեղերի բացակայությու՞ն, թե՞ ոչ մրցունակ աշխատող». քննարկում Արմավիրում
26.01.2016
12:00
Մեդիա կենտրոն, հունվարի 26, 2016: Այսօր Արմավիրի մարզում «Մեդիա կենտրոնը» և Արմավիրի Զարգացման կենտրոնը համատեղ անցկացրեցին քննարկում «Աշխատանքային զբաղվածության խնդիրները և միգրացիան Արմավիրի մարզում» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանը, Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի անդամ Ռազմիկ Սարգսյանը, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը,
Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Վարդան Ալեքսանյանը և Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար Վարազդատ Ասատրյանը:

Երիտասարդական կենտրոնի անդամները մտահոգություն հայտնեցին, որ Արմավիրի մարզում գործազրկության  բարձր մակարդակը գալիս է ոչ ճիշտ մասնագիտություն ընտրելուց:

«Քանի որ նախապես պետք է ուսումնասիրություն անցկացնես, որպեզի հասկանաս, թե որ մասնագիտությունն է այսօր արդիական և որով կարող ես դու ապահովել քեզ աշխատանք: Այսօր շատ երիտասարդներ սովորում են մեկ այլ մասնագիտություն, բայց աշխատում են մեկ այլ մասնագիտությամբ: Դա գալիս է նրանից, որ ճիշտ մասնագիտություն չեն ընտրում: Արմավիրում գործազրկությունը բարձր մակարդակում է գտնվում, քանի որ այստեղ աշխատատեղերը ավելի քիչ են»,-ասում է Սուսաննա Մատինյանը:

Նա նշում է, որ 25 տարի առաջ Արմավիրի մարզում աշխատատեղերն ավելի շատ էին, քանի որ այն արտադրական կենտրոն էր, իսկ այսօր արտադրական կենտրոնները փակվել են:

«Այսինքն մենք ունենք շատ լուրջ աշխատատեղերի խնդիր, չենք կարողանում մասնագիտությանը համապատասխան աշխատանք ձեռք բերել: Շատերը չեն ուզում սպասարկման ոլորտի աշխատանք անել, քանի որ ասում են. «5 տարի սովորել են և չենք ուզում հիմա գնալ վաճառողուհի աշխատել»: Այստեղ սկսում է ներքին միգրացիան և երիտասարդները ձգտում են գնալ Երևան, այնտեղ աշխատանք գտնել, քանի որ այնտեղ աշխատավարձերն էլ ավելի բարձր են»,-ընդգծում է Մատինյանը:

Ռազմիկ Սարգսյանն ասում է, որ երիտասարդության շրջանում ձգտում են մեկնել արտագնա աշխատանքի Ռուսաստան՝ իրենց հետ տանելով իրենց հարազատներին:

«Երիտասարդությունը այստեղ աշխատանք ունի այն ժամանակ, երբ բացվում է գյուղատնտեսական սեզոնը, հետո երբ փակվում է, աշխատանք չկա: Փորձում են պակասը լրացնել՝ արտագնա աշխատանքի մեկնելով»,-ասում է Սարգսյանը:

Ռուբեն Եգանյանն ասում է, որ եթե խորհրդային տարիներին միգրացիան բարգավաճման ռազմավարություն էր, ապա այսօր այն գոյատևման ռազմավարությունէ:

«Այն միակ, ռացիոնալ ճանապարհն է, որով մարդիկ կարողանում են իրենց ընտանիքների գոյատևումը ապահովել: Եթե այն ժամանակ 40-50 հազար էր արտագնա միգրանտների թիվը, այսօր միայն սեզոնային միգրանտների թիվը կազմում է 80-100 հազար: Դրա մոտավորապես 85 տոսկոսը տղամադրիկ են, մնացածը կանայք: Ընդ որում գերակշիռ մասը կազմում եմ աշխատանքային տարիքի տղամարդիկ, մեծ թիվ են կազմում նաև երիտասարդները: Հիմնական միգրացիոն գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ մեկնում է մեր միգրանտերի 95 տոկոսից ավելին»,-նշում է Եգանյանը:

Ժողովրդագիրը ընդգծում է, որ ուկրաինական ճգնաժամը և նավթի գների կտրուկ անկումը, որն իր ազդեցությունն ունեցավ Ռուսաստանի տնտեսության վրա, պետք է որ իր հետևանքն ունենար հայ միգրանտների վրա:

«Այս պայմաններում կարելի է սպասել, որ միգրանտների թիվը կփոքրանա, բայց տեղի է ունեցել հակառակը: Եթե 2013-ի չափագրմամբ միգրացիոն գործընթացներում ներառված էին տնային տնտեսությունների 25 տոկոսը, ապա այսօր 2015-ի հետազոտությամբ ներառված է արդեն ամեն երրորդ տնտեսություն»,-հավելեց Եգանյանը:

Նա ներկայացրեց նաև 2013-ին իր անցկացրած հարցման արդյունքները, ըստ որի միգրանտները պատասխանել էին, որ եթե Հայաստանում ամսեկան ստանան 360 հազար դրամ, ապա չեն արտագաղթի:

«Իսկ 2015-ի հարցումների ժամանակ այդ նիշը իջել էր: Միգրանտները պատասխանել էին, որ չեն արտագաղթի եթե ամսեկան ստանան 260 հազար դրամ»,-նշեց Եգանյանը:

Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար Վարազդատ Ասատրյանն էլ ասաց, որ  Արմավիրի տարածաշրջանում 2015-ին աշխատանք փնտրողների թիվը ի տարբերություն 2014-ի ավելացել է 726-ով, իսկ գործազուրկներինը՝ 535-ով:

«Հիմնավորումն այն է, որ նախկին Զբաղվածության մասին օրենքով ոչ բոլորն էին կոչվում գործազրուրկներ, գյուղացիները չէին համարվում գործազուրկ ու չէին գալիս հաշվառվելու, սակայն 2014-ից սկսած, երբ Զբաղվածության կենտրոնի գործառույթները փոխվեցին, մենք սկսեցինք իրականացնել 10-ից ավելի ակտիվ զբաղվածության ծրագրեր: Մեր նպատակն է օգնել աշխատանք փնտրողներին գտնել աշխատանք, իսկ գործատուներին աջակցել նրանց աշխատավարձի փոխհատուցման գծով»,-ասաց Ասատրյանը: 

Նա հավելեց, որ աշխատաշուկան հիմնականում պահանջում է սպասարկման ոլորտի աշխատողներ՝ վաճառողներ, խոհարարներ,  հացթուխներ, օպերատորներ, մատուցողներ և բանվորներ:

«2015-ին աշխատանքի է տեղավորվել 194 անձ, չնայած որ մեզ մոտ հաշվառված է 2800 աշխատանք փնտրող անձ: Խնդիրը այն է, որ չկան թափուր աշխատատեղեր, երբեմն հաշվառված անձիք իրենց ուժերով են գտնում աշխատանք, կամ համարվում են արդեն ոչ մրցակից աշխատող»,-նշեց Ասատրյանը:

Վարդան Ալեքսանյանն էլ նշում է, որ մարզը գյուղատնտեսական է և գրեթե մեծ մասն ունի աշխատանք, զբաղվում է հողագործությամբ: Հարցը աշխատանքի արդյունավետության մեջ է:

«Շատ կարևոր է, որ իրականացվեն վերամշակվող ձեռնարկություններ: Երբ կարկտից, ցրտահարությունից բերքը չի տուժում, մենք ունենում ենք գյուղատնտեսական մթերքների լճացման, սպառման խնդիր: Դրա լավագույն տարբերակը վերամշակումն է: Սպառման հետ կապված վերամշակողներն ասում են, որ չեն կարողանում իրացնել, և սա մեր պետության խնդիրն է»,-հավելեց Ալեքսանյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ