Նոր սահմանադրություն. ինչպե՞ս պայքարել մենաշնորհների դեմ
16.12.2015
13:00
Թեև նոր Սահմանադրության վերաբերյալ հիմնական քննարկումները և վեճերը ծավալվում էին պետական կառավարման մոդելի փոփոխության խնդրի շուրջ, այնուամենայնիվ Մայր օրենքն, ըստ իշխանության ներկայացուցիչների, էական ազդեցություն է ունենալու նաև երկրի տնտեսական միջավայրի, ավելի կոնկրետ՝ վերջինիս մրցակցային բաղադրիչի վրա: Այս ոլորտում Սահմանադրության փոփոխված տարբերակով առաջարկվում է տնտեսական մրցակցության քաղաքականության փոփոխություն:

Այժմ պետությունն ազատ մարցակցության ապահովմանը զուգընթաց, պետք է պայքարի նաև տնտեսական մենաշնորհների դեմ, ինչն իշխանության ներկայցուցիչները համարում են դրական քայլ: Իշխանության մոտեցման հետ համամիտ չեն ընդդիմության ներկայցուցիչները և տնտեսագետները՝ նշելով, որ մենշնորհների դեմ արդյունավետ պայքարի համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, ոչ թե սահմանադրական փոփոխություններ: Որպես օրինակ նրանք նշում են իրավիճակը այնպիսի ապրանքային շուկաներում, ինպիսիք են շաքարավազը կամ բանանը, որտեղ տարիներ շարունակ մեկ տնտեսվարող սուբյեկտ է գերիշխում, քանի որ այն ունի «մեծ ֆինանսական ռեսուրսներ և օգտվում է իշխանական լծակներից»:

Մոնոպոլիզացիան Հայաստանի տնտեսության ամենաարդիական խնդիրներից է, քանի որ այն հարվածում է գործարար միջավայրի «ողնաշարին»՝ մրցակցությանը բաղադրիչին բոլոր բացասական հետևանքներով: Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում ունի ամենամոնոպոլիզացված տնտեսությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրանքային շուկայում շրջանառության մոտ 40% բաժին է ընկնում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբեյկտներին: Գերիշխող է համարվում այն սուբյեկը, որը տիրապետում է շուկայի 30%-ին:

Գործող Սահմանդրությունը երաշխավորում է տնտեսական մրցակցությունը և շատ հպանցիկ անդրադարձ է կատարում մենաշնորհների խնդրին: Մենաշնորհներին և տնտեսական մրցակցության խնդրին վերաբերող դրույթները զետեղված են գործող սահմանադրության 33.1 և 59 հոդվածներում: «Պետությունը երաշխավորում է տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցությունը», - ասված է 59 հոդվածում: «Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են: Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար», - ասված է  Սահմանադրության 33.1 հոդվածում:

Նոր Սահմնադրության մեջ, նշում է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, պատգամավոր Վարդան Այվազյանը, շեշտն ավելի շատ դրվում է «հակամենաշնորհային քաղաքականության վրա»: «Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են», - ասվում է նոր Սահմանադրության 59-րդ հոդվածում:

«Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 16-ին Վարդան Այվազյանի, տնտեսական մեկնաբաններ Բաբկեն Թունյանի ու Հայ Գևորգյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Նոր Սահմանադրություն. տնտեսական մրցակցության ոլորտում քաղաքականության փոփոխության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով:

Բոլոր բանախոսները ֆիքսեցին, որ Հայաստանում մենաշնորհներ առկա են, սակայն նրանց տարաձայնություններն ակներև դարձան, երբ անդրադարձան մենաշնորհների դեմ պայքարի իրատեսական մեխանիզմների մշակմանը:

«Մինչև այժմ օբյերկիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված Հայաստանում ձևավորվել են մենաշնորհներ: Պատճառները տարբեր են՝ տնտեսական բլոկադա, շուկայի փոքրություն, պետական աջակցություն, ֆինանսական լծակներ, դեմպինգ, գերիշխող դիրքի չարաշահում և այլն: Գործող Սահմանադրությամբ և օրենսդրությամբ հնարավոր չէ արդյունավետ պայքարել մենաշնորհների դեմ, քանի որ օրենսդությամբ դրանք հստակ արգելված չեն և դժվար է ապացուցել, թե երբ է տեղի ունենում գերիշխող դիրքի չարաշահում», - հայտարարեց Վարդան Այվազյանը:

Նրան հակադարձեցին Բաբկեն Թունյանն ու Հայկ Գևորգյանը՝ մատնանշելով կոնկրետ օրինակներ: «Օրինակ՝ Մոսկվայում բանանն արժի 420 դրամ, մեծածախ գինը՝ 300 դրամ: Մեզ մոտ արժի 800 դրամ, այսինքն՝ երկու անգամ թանկ: Մեծածախ գնով  Երևան հասցնելուց հետո առավելագույնը  պետք է վաճառվի 550 դրամով»,- մանրամասնեց Հայկ Գևորգյան: Նրա կարծիքով, պատճառն այն է, որ Հայաստանում բանանի ներկրող է հանդիսանում մեկ տնտեսվարող սուբյեկտ՝ «Քեթրին» ընկերությունը, որը ըստ մամուլի տվյալների փոխկապակցված է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի հետ: 

Համանման իրավիճակ է, ըստ Բաբնկեն Թունյանի, շաքարավազի շուկայում: «Այստեղ էլի մեկ ներկրող է: Բացի այդ օրենսդրություն և հարկային քաղաքականությունն այնպիսին է, որ ռաֆինացված շաքարի բյուրեղների ներկրումը և դրա հիման վրա շաքարի արտադրությունն ավելի ձեռնտու է, քան շաքարի ներկրումը: Այսինքն՝ անգամ, եթե ինչ-որ մեկը փորձի մտնել այդ ոլորտ և մրցակցային միջավայր ձևավորել, դա գործնականում հնարավոր չէ, քանի որ ռաֆինացված շաքարից շաքարավազ արտադրելու հնարավորություն ունի Հայաստանում միայն մեկ անձ՝ Սամվել Ալեքսանյանը», - նշեց բանախոսը:

Երկու բանախոսներն էլ հարց ուղղեցին պատգամավորին՝ նշելով. «Ինչո՞ւ բանանի և շաքարավազի շուկայում երկրորդ տնտեսվարող սուբյեկտ չի հայտնվում, սա չարաշահո՞ւմ չէ: Արդյոք, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չպե՞տք է լրջորեն զբաղվի այս խնդրով»:

«Հստակ պատճառը չեմ կարող ասել, բայց այտեղ դուք չեք կարող օրենսդրությունից ելնելով մատնանշել, որ կա օրենքի խախտում կամ չարաշահում, քանի որ այդ մարդիկ ներկրում են ապրանք և վճարում մաքսատուրքեր», - հավելեց Վարդան Այվազյանը: «Նոր սահմանադրությամբ մենք առաջարկում են, որպեսզի բացի սահմանաված պետական մենաշնորհներից, այլ մենաշնորհներ չլինեն», - հավելեց նա:

Հարցին, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում պայքարել շաքարավազի, բանանի և այլ ապրանքային շուկաներում առկա մենաշնորհների դեմ, Այվազյանն արձագանքեց. «Մոտեցումները կարող են տարբեր լինել, այն պետք է դեռ սահմանվի օրենքով: Բայց տարբերակներից մեկն է ամերիկյան մոդելը: ԱՄՆ-ում Մայքրոսոֆթ ընկերության մենաշնորհի խնդիրը լուծվեց՝ այն բաժանելով տարբեր ընկերությունների», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ