Սահմանադրական հանրաքվեն և հետընտրական զարգացումները՝ ըստ քաղտեխնոլոգների
10.12.2015
11:00
Երեկ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Սահմանադրական հանրաքվեն և հետընտրական զարգացումները՝ ըստ քաղտեխնոլոգների» թեմայով, որին մասնակցում էին քաղտեխնոլոգներ Արմեն Բադալյանն ու Վիգեն Հակոբյանը և քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

«Ընդդիմությունն ամեն ինչ  արել է շատ ճիշտ, ընդդիմությունը ոչ մի սխալ չի թույլ տվել, դրա համար էլ փայլուն հաջողություններ  է արձանագրել  թվերի տեսքով:  Չունենալով որեւէ ռեսուրս, այդ սուղ միջոցներով քարոզչություն անելով` ազգաբնակչության  մեծամասնությանը  ընդդիմությունը կարողացել է համոզել, որպեսզի գնան եւ ոչ ասեն: Չունենալով մեծ լծակներ` որոշ տեղերում կարողացել է պահել այդ «ոչ»-ը, որոշ տեղերում` չի կարողացել: Ոստի` սա ընդիմության պարտությունը չէ, սա իշխանությունների պարտությունն է, որովհետեւ իշխանություններն ունենալով  անսահմանափակ ռեսուրսներ`  եւ ֆինանսական, եւ ադմինիստրատիվ, եւ թաղային, այնուամենայնիվ, չկարողացան  այդ գործը գլուխ բերել առանց կեղծիքների: Այ սա իրենց պարտությունն է: Որովհետեւ եթե իրենք մի քիչ ավելի շնորհքով աշխատեին, պարզ ասած` խոսելու տեղ ունենային ժողովրդի առաջ, հանգիստ կապահովեին իրենց «այո»-ն առանց խախտումների: Գործնականում, իհարկե, նրանք այդ այո-ն արձանագրեցին, բայց սա իրենց շատ մեծ պարտությունն էր եւ նրանք շատ մեծ վարկանիշային անկում ունեցան»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:

«Այսօր հասարակությունն ունի այնքան ուժ, որ իշխանություններին ասի «ոչ», սակայն ցավոք, չունի այնքան ուժ` որ կարողանա այդ «ոչ»-ը պահել: Սա է այս հանրաքվեի հիմնական արդյունքը»,- կարծիք հայտնեց  քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` հավելելով, որ այդ ոչ-ը պահելու համար անհրաժեշտ է, որ լինի այնպիսի քաղաքական ուժ, որը կարողանա բոլոր ընտրատեղամասերում ունենալ համապատասխան ռեսուրս`  ձայները պահելու համար, եւ որ առավել կարեւոր է` ունենա արտաքին քաղաքական կենտրոնների աջակցությունը:

«Այդ ուժը պետք է ունենա Ռուսաստանի կամ Արեւմուտքի քաղաքական աջակցությունը, որն իշխանություններին կարգելի դիմել նման կեղտոտ տեխնոլոգիաների: Որովհետեւ մի բան պետք է փաստենք. այն տեղամասերում, որտեղ ընդդիմությունը կարողացել է քվեները պահել, այնտեղ «ոչ»-ը դե յուրե հաղթել է, իսկ այն տեղամասերում, որտեղ տարբեր օբյեկտիվ պատճառներով ընդդիմությանը չի հաջողվել այդ ձայները պահել, «ոչ»-ը փոխվել է «այո»-ի»,- նշեց Բադալյանը:

Իսկ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ նկատեց, որ որեւէ համապետական ընտրությունների, այդ թվում եւ` հանրաքվեի ժամանակ ընտրատեղամասում արտացոլվում է այն պատկերը, որն այդ պահին առկա է փողոցում, եւ այդ առումով ստացված արդյունքները  միանգամայն համահունչ են:

«Դե յուրե արձանագրված «այո»-ն այդ իմաստով միանգամայն արտացոլում է առկա իրավիճակը, քանի որ այս փուլում իշխանությունների վրա փողոցից, Ազատության հրապարակից  մեծ ճնշում չկար: Եվ գուցե սրա պատճառը նաեւ այն է, որ այս փուլում չկար ընդգծված, խարիզմատիկ լիդեր: Բոլոր մեր համապետական ընտրությունները ցույց են տվել, որ երբ չկա ընդգծված եւ ընդունված առաջնորդ, հաղթանակի շանսերը եղել են զրոյական: Եվ այս առումով առավել ցցուն երեւաց քաղաքական դաշտում սերնդափոխության անհրաժեշտությունը»,-ասաց Վիգեն Հակոբյանը:

Արձագանքելով հարցին, արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը կարող էր պատկերը փոխել` քաղտեխնոլոգը նկատեց, որ հաշվի առնելով ռեսուրսները` արդյունքը կլիներ նույն, թեեւ` պայքարի որակը այլ կլիներ: Վիգեն Հակոբյանը, ի տարբերություն Արմեն ԲԱղդասարյանի, ընդգծեց, որ գրանցված արդյունքի վրա  որոշակի ազդեցություն ունեցան նաեւ ընդդիմության տարբեր թեւերի կողմից հանրությանն ուղղված տրամագծորեն տարբեր կոչերը` կապված հանրաքվեին մասնակցելու եւ ոչ ասելու, եւ առհասարակ տեղամաս չգնալու եւ գործընթացը չլեգիտիմացնելու հետ:

 Իսկ ահա Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ  նման ազդեցություն չի եղել, քանի որ «ոչ»-ի դաշտի ուժերը այնքան ցածր վարկանիշ ունեն, որ նրանց արած որեւէ կոչ վճռորոշ նշանակություն չէր կարող ունենալ:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:     

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ