Ի՞նչ տրանսպորտացիոն դժվարություններ ունեն Լոռու մարզում դպրոցականներն ու ուսուցիչները
01.12.2015
12:00
Լոռու մարզում համայնքից համայնք դպրոցականների և ուսուցիչների տրանսպորտային տեղափոխման հարցը մեծ դժվարություններ են ստեղծում:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը այս խնդրին անդրադարձան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանը, «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանը և Լոռու մարզպետարանի աշխտակազմի կրթության, սպորտի և մշակույթի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Պապանյանը:

Օլեգ Դուրգարյանը ներկայացնում է Լոռու մարզի Թումանյանի տարծաշրջանում իրենց անցկացրած հետազոտության տվյալները, որի շրջանակներում ուսումնասիրվել է Թումանյանի շրջանում 13 հիմնական դպրոց, 6 միջնակարգ դպրոց և մեկ ավագ:

«Հիմնական թիրախ ենք ընտրել այն երեխաներին, որոնք հիմնական դպրոցը ավարտելուց հետո ստիպված են լինում հաճախել այլ համայնքներում գործող միջնակարգ կամ ավագ դպրոց: Եվ հիմնականում այդ համայնքների երեխաները այլ համայնքի՝ դպրոց գնալու համար ստիպված են լինում ոտքով կիլոմետրեր հաղթահարել»,-նշում է Դուրգարյանը:

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ Թումանյանի տարածաշրջանում ուսումնասիրված դպրոցների երեխաների 47,87 տոկոսը ունեն միջհամայնքային տրանսպորտի հնարավորություն, իսկ 52 տոկոսը ընդհանրապես որևէ միջհամայնքային տրանսպորտ չունեն:

«Այսինքն այդ երեխաները գնում են ոտքով, կամ էլ դպրոցը ավարտելուց հետո ուղղակի չեն շարունակում միջնակարգ դպրոցում իրենց կրթությունը,  նախընտրում են արտագաղթել գյուղից, կամ ժամանակավորապես հաստատվել այլ քաղաքում: Ծնողները տուն են վարձում, որպեսզի այնտեղ երեխաները ապրեն, ստանան միջին մասնագիտական կրթություն»,-ընգծեց Դուրգարյանը:

Բանախոսը հիշեցրեց նաև Հանրակրթական դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցման ծրագրի մասին, ըստ որի յուրաքանչյուր տարի մարզերին պետբյուջեից հատկացվում է որոշակի գումար, որպեսզի երեխաներին և այլ համայնքներում աշխատող մանկավարժներին տրվի փոխհատուցում, կամ կազմակերպվի նրանց տրանսպորտային փոխադրումը:

«Եվ  պարզվեց մարզերին տրամադրվող գումարների միջև բավականին շատ տաբերություն կա: Օրինակ՝ Սյունիքի մարզին 2015-ին տրվել է բյուջեից այդ ծրագրի համար հատկացված գումարի 46 տոկոսը, իսկ Լոռու մարզին 0.5 տոկոսը, որը կազմում է  278 հազար 100 դրամ: Իսկ դա չնչին գումար է, որպեսզի այդպիսի խնդիրներ լուծվեն մարզում:  Լոռու մարզում գյուղ կա, որի աշակերտները 10 կմ են ոտքով քայլում, որպեսզի հասնեն դպրոց: Կան համայնքներ, որոնք ընդհանրապես միջհամայնքային տրանսպորտի հնարավորություն չունեն»,-նշում է Դուրգարյանը:

Ըստ նրա ուսումնասիրության ՝  ամենանվազ գումարը հատկացվում է Լոռու մարզին,  Վայոց Ձորին հատկացվում է գումարի 24.9 տոկոսը, Շիրակի մարզին՝ 19,57-ը,     Տավուշի մարզին՝ 3. 39 տոկոսը, Արագածոտնի մարզին՝ 3,06 տոկոսը և Գեղարքունիքի մարզին 2,17 տոկոսը:

«Իմ ունեցած տվյալները, որոնք սկում են 2011-ից, ցույց են տալիս, որ այդ գումարները որևէ  փոփոխություն չեն կրել: Միայն վերջին մեկ տարում էլի աճել է Սյունիքի մարզի մասնաբաժինը, եթե 2014-ին 19 միլիոն էին ստանում, ապա 2015-ին արդեն 25,5 միլիոն  եղել»,-հավելում է Դուրգարյանը:

Նա մտահոգությունէ հայտնում, թե ինչ մեխանիզմներով են որոշում՝ որ մարզին ինչքան գումար հատկացնեն դպրոցականների և ուսուցիչների տրանսպորտացիոն խնդիրները լուծելու համար, և ինչու է տարբերությունը այդքան մեծ մարզերի միջև:

Աշխեն Բաբայանն ասում է, որ ինքը  4 տարի աշխատել է Սպիտակի հեռավոր գյուղում և անձամբ զգացել ու տեսել է թե ինչպես են ուսուցիչները Վանաձորից գնում Սպիտակի հեռավոր գյուղական համայնքներում դասավանդելու և նրանց տրանսպորտային փոխհատուցում չի տրամադրվում:

«Նրանց աշխատավարձերը շատ քիչ են և այդ տրանսպորտային ծախսերը շատ են կազմում նրանց համար: Կան ուսուցիչներ, որոնք օգտվում են այդ փոխհատուցումներից,  և կան ուսուցիչներ, որոնք չեն օգտվում: Այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է այդ ամենը կարգավորվում»,-նշում է Բաբայանը:

Նա հավելում է որ Սպիտակում դժվարություններ կան նաև աշակերտների համար. «Սպիտակի քաղաքում միջքաղաքային տրանսպորտը չի վերցնում աշակերտներին, քանի որ նրանք չեն վճարում: Խղճի վրա է դրված, կցանկանան կվերցնեն վարորդները, չէ, չեն վերցնի»:

Լոռու մարզպետարանի ներկայացուցիչ Աշոտ Պապանյանն ասում է, որ Լոռու մարզում կա 7 համայնք, որտեղ ընդհանրապես դպրոց չկա:

«Այդ համայնքներից  երեխաներին այլ համայնքի դպրոցներ տեղափոխելու համար 2006-ից մեր մարզին տրամադրվում է  278 հազար 100 դրամ և մինչ օրս այդ թիվը չի ավելացել: Մենք տրամադրում ենք այդ գումարը ընդամենը 4 դպրոցի, որոնք լուծում են կողքի համայնքներից և բնակավայրերից իրենց համայնքի դպրոց տեղափոխվող երեխաներ խնդիրը: Գումարը հատկացվում է  դպրոցներին և իրենք են լուծում  խնդիրը»,-ասում է Պապանյանը:

Նա նշում է, որ խնդիրը առկա է և դժվարությունները լինում են հատկապես ձմեռային եղանակին:

«Մեր վարչությունը երբեք  հայտ չի ներկայացրել տրամադրվող գումարի չափը բարձրացնելու համար, քանի որ երբեք խնդրի մասին չեն բարձրաձայնել համայնքներում, իսկ մեր եղած միջոցներով մենք փորձել ենք կարգավորել, եթե ինչ որ դժվարություն է առաջացել»,-հավելեց Պապանյանը:

Քննարկման վերջում նա հավալեց, որ առաջիկայում մարզպետարանում քննարկում կկազմակերպեն խնդիրը խորապես վերլուծելու և լուծման ուղղությամբ առաջարկներ անելու համար:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:    

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ