Սահմանադրական փոփոխություններ. բանավիճում են Վահան Բաբայանն ու Արշակ Մուսախանյանը
30.11.2015
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ բանավեճ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի և «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ, ՀԱԿ անդամ Արշակ Մուսախանյանի միջև սահմանադրական փոփոխությունների նախագծի և սպասվող հանրաքվեի շուրջ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն` առանձնացնելով այն հիմնական երեք փաստարկները, որոնց պատճառով քաղաքացին դեկտեմբերի 6-ին պետք է «այո» ասի սահմանադրական փոփոխություններին` նշեց. «Իշխանության գերկենտրոնացածության վերացումը եւ իշխանական երեք թեւերի միջեւ հակակշիռների մեծացումը,  ազատ անկախ դատական համակագի ձեւավորումը և երրորդ՝ ընդդիմությանը տրվող վերահսկողական լծակների մեծացումը»:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` առնվազն այդ երեք դրական փոփոխությունները այսուհետ ամրագրված են լինելու սահմանադրորեն:

«Ահա այս երեք կետերը աչքի առաջ ունենալով` դժվար է պատկերացնել, թե մարդիկ ինչպիսի մոտեցումներ պետք է ունենան, որպեսզի ոչ ասեն սահմանադրական փոփոխություններին: Եթե մարդիկ գոհ են այն  վիճակից, որն այսօր կա, նրանք կասեն ոչ: Իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են փոփոխություններ` կասեն այո»,- նշեց պատգամավորը:

Արշակ Մուսախանյանը, աբսուրդային որակեց Վահան Բաբայանի այն պնդումը, թե այս սահմանադրությամբ ընդդիմության դերի մեծացում է նախատեսված, եւ որ իշխանությունները սկսել են մտածել ընդդիմության  մասին:

«Եթե պարոն Բաբայանին հետաքրքրում է ընդդիմության ուժեղությունը, ապա նախ` ընդդիմությունը միշտ էլ Հայաստանում ուժեղ է եղել, ընդդիմության խնդիրը միշտ եղել է այն, որ  երկրում չեն կազմակեպվել ազատ, արդար ընտրություններ»,-նշեց Մուսախանյանը:

Վերջինս Բաբայանին հռետորական հարց ուղղեց. «Իսկ ի՞նչ վատ ընդդիմություն էր ընդամենը ութ ամիս առաջ գոյություն ունեցող ընդդիմադիր Եռյակը, որին մաս էր կազմում նաեւ ԲՀԿ-ն եւ պարոն Բաբայանը: Եվ այն, ինչ կատարվեց Եռյակի եւ ԲՀԿ-ի հետ, դա Սահմանադրության հետ կապված հարց չէր, այլ հակառակը` Սահմանադրության նորմերի խախտում էր: Այնպես որ` եկեք  չասենք, որ ընդդիմությանն այս սահմանադրությամբ նոր հնարավորություններ են տրվելու: Դա հնարավոր չէ, քանի որ նոր սահմանադրությամբ  վերանալու են հակակշիռները եւ ստեղծվելու է  միակուսակցկան մոնոպոլիա»,- նշեց  բանախոսը` ընդգծելով,-«Իսկ երբ մենք կունենանք  մեկ կուսակցության մենաշնորհ, որեւէ այլ իրավունքի մասին` կլինի դա քաղաքական, քաղաքացիական, սոցիալական,  խոսելը շատ դժվար կինի»:

Ի պատասխան Վահան Բաբայանի ներկայացրած երեք փաստարկների` Արշակ Մուսախանյանը նշեց, որ ինքը «ոչ»-ի համար բավարար է համարում մեկ փաստարկը, այն է` այս նախագիծը իշխանությունների վերարտադրության մեխանիզմ է, ուստի միայն այս սահմանադրական  փոփոխությունները ձախողելով հնարավոր է իշխանափոխություն իրականացնել:

«Հայաստանում երբեք ուժեղ ընդդիմություն չի եղել»,- հակադարձեց Վահան Բաբայանը` նշելով, որ ընդդիմությունը ուժեղ է լինում այն ժամանակ, երբ ունենում է օրենքով սահմանված լիազորություններ: Նա ի պատասխան  հռետորական հարց ուղղեց Մուսախանյանին. «Եթե սահմանադրությունը չփոխվի, դուք հավատու՞մ եք, որ կարողանալու եք իշխանափոխություն անել: Դուք հավատու՞մ եք, որ դեկտեմբերի 7-ին կարողանալու եք ինչ-որ հաղթանակ արձանագրել: Ի՞նչ է, հանրապետական կուսակցությունն է հեռանալու դրա պատճառով, թե՞ Սերժ Սարգսյանը»:

Արշակ Մուսախանյանը Վահան Բաբայանից նախ ճշտեց` արդյոք  ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն է համարում, ապա դրական պատասխան ստանալուց հետո  հիշեցրեց, որ ընդամենը ութ ամիս առաջ ԲՀԿ-ն նույն սահմանադրական փոփոխությունների հետ կապված տրամագծորեն հակառակ դիրքորոշում էր հայտնում. «Ի տարբերություն ձեզ, ինձ համար քաղաքականությունը ոչ թե կյանք է, այլ սկզբունքներ: Եթե Դուք հայտարարւմ եք, որ Հայաստանում երբեք չի եղել  ուժեղ ընդդիմություն, ապա  այդպիսով նաեւ ինքներդ ձեզ եք համարում թույլ»:

Մուսախանյանը նաեւ ներկայացրեց, թե ինչու են համարում, որ սահմանադրական փոփոխությունների չեղարկման դեպքում  կարող են իշխանափոխություն անել. «Երկու տարուց Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Հայաստանում քաղաքական պայքարը մեծապես կախված է անհատներից: Իշխանական ամբողջ բուրգը գտնվում է Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո, եւ նրա հեռանալուց հետո  իշխանական բուրգում կսկսվեն ճաքեր, եւ իշխանությունն իր ներսից կփորձի գտնել նոր լիդերներ, ինչը լավագույն հնարավորությունն է ընդդիմության  համար` աշխատել իշխանական տարբեր թեւերի միջեւ առկա հակասությունների վրա, զուգահեռ մոբիլիզացնել ընդդիմադիր դաշտը եւ 2018թ.-ին գնալ հզոր շարժման` ապահովելով հաղթանակ»:

Մուսախանյանի համոզմամբ` թեեւ առաջարկվող նախագծի 89-րդ հովածով կարգավորումը թողնվեց ընտրական օրենսգրքին, սակայն դա ոչինչ չի փոխում, քանի որ ՀՀԿ-ն ընտրական օրենսգրքում կանի այնպիսի փոփոխություններ, որոնք բխում են բացառապես սեփական վերարտադրությունը ապահովելու ցանկությունից:

«Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ մեր բոլոր խմբակցություններն էլ կարող են մասնակցել, քննարկել եւ անել իրենց առաջարկությունները: Ինչ վերաբերում է Հանրապետականի մեծամասնությանը, ապա որեւէ մեկը չի կարող դա խլել ՀՀԿ-ից: Բայց առաջարկություններ ներկայացնելու եւ քննադատելու իրավունքից որեւէ մեկը ընդդիմությանը չի զրկել»,- հակադարձեց Բաբայանը` որպես օրինակ բերելով սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագիծը, որում բազմաթիվ փոփոխություններ հենց ԲՀԿ-ի առաջարկությունների  հիման վրա են արվել:

Անդրադառնալով  դեկտեմբերի 1-ին կայանալիք հանրահավաքին` ԲՀԿ ներկայացուցիչը  նշեց, որ աշխարհում եւ տարածաշրջանում ընթացող վտանգավոր զարգացումների ֆոնին սխալ է անհնազանդության մասին անպատասխանատու կոչեր անելը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը, որը տապալված քաղաքական գործիչ է, որը այսօր նույնիսկ խոսելու իրավունք չունի,  վեր է կացել, հետ է եկել, ինչ-որ բաներ է նորից խոսում: Մենք  վաղուց արդեն պետք  մերժենք այդ մարդկանց եւ իմ ընդդիմախոսի / Արշակ Մուսախանյանի/ նման նոր մարդիկ պետք է լինեն հրապարակում,  որոնց ասելիքը լսելի կլինի: Այլ ոչ թե մարդիկ, ովքեր պարբերաբար ժողովրդին տարել են հանրահավաքների, հետո գնացել են աղոթելու, կամ Լաչինի հայտնի դեպքերից հետո հիմա էլ նորից ինչեր են ուզում անել, կամ Հմայակ Հովհաննիսյանի նման մոռացված վերլուծաբաններ… նման իրավիճակում այդպիսի ավանտյուրայի գնալու դեպքում հետեւանքները կարող են վատ լինել: Ես կոչ եմ անում, որ հնուց եկած այդ գործիչները Ազատության հրապարակը ազատեն եւ տան երիտասարդ գործիչներին»,- հայտարարեց Վահան Բաբայանը:

«Սա ոստիկանապետի ելույթ է: Ընդդիմադիր գործիչը որեւէ դեպքում չի կարող քննադատել պայքարի դուրս եկած ընդդիմությանը»,-արձագանքեց Մուսախանյանը:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:     

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ