Մասնագիտական կողմնորոշումը` գործազրկության դեմ պայքարի արդյունավետ գործիք
26.11.2015
13:30
Լոռու մարզում վերապատրաստվել է մասնագիտական կողմնորոշման հարցերով զբաղվող շուրջ 40 մասնագետ, իսկ մինչ 2016թ. փետրվար նրանց կմիանան մասնագետներ մարզի մյուս բոլոր համայնքներից:

«Մասնագիտական կողմնորոշման ծառայություններ մատուցելու առաջին օղակը հանրակրթությունն է: Յուրաքանչյուր դպրոցում պետք է ունենանք մեկ կամ երկու վերապատրաստված մասնագետ»,- ասաց Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը, որը կազմակերպվել էր Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հետ համատեղ:

Հաջորդ օղակն, ըստ Հայկուհի Գևորգյանի, հասարակական կազմակերպություններն են, որ պետք է ապահովեն իրազեկությունը: «Լոռու մարզում Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) ստեղծում է Smart կենտրոններ, որոնց միջոցով անգամ ամենահեռավոր համայնքների երիտասարդները կարող են ստանալ տեղեկություն»:

ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչություն մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Սասուն Համբարձումյանի համոզմամբ` երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցելը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է. «իրավագիտակցության մեկ հատված է»:

«Նախարարությունը Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ 3-4 տարվա համագործակցության արդյունքում ամբողջ Հայաստանի տարածքում 12 տարածաշրջանային պետական քոլեջներում ստեղծել է կողմնորոշման կենտրոններ, որոնց մասնագետները տալիս են խորհրդատվություն»,- նշեց Համբարձումյանը:

Մանրամասնելով Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի գործունեությունը` Հայկուհի Գևորգյանն ասաց. «Այսօր մենք կարևորում ենք աշակերտի անձի բացահայտումը, նրա գիտակցման, տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, որից հետո պետք է անցնել հարմարեցման փուլին: Այստեղ մեզ օգնում են մեր գործընկերները` World Vision Հայաստանը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը` կազմակերպելով այցեր ձեռնարկություններ և ուսումնական հաստատություններ»:

Սասուն Համբարձումյանն անդրադարձավ նաև արհեստագործական և միջին մասնագիտական համակարգին վերաբերող գրականության հասանելիությանը մարզերում:

«2009 թվականից յուրաքանչյուր տարի հրատարակվում է 10-12 ձեռնարկ, ուղեցույց: Վեց տարվա ընթացքում արդեն 72 հայալեզու գիրք, մեթոդական ուղեցույց, ուսումնասիրություն է պատրաստվել և մշակվել: Այդ բոլոր նյութերը հասանելի են vetarmenia.am և mkuzak.am կայքերում»:

Ամփոփելով քննարկումը` բանախոսները երիտասարդներին հորդորեցին համախմբվել և տեղեկացնել իրենց հասակակիցներին իրենց մարզի հնարավորությունների մասին` այդ կերպ պայքարելով տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների մեծ թվի ու ներքին միգրացիայի դեմ:

Մարզային քաղաքացիական երիտասարդական կենտրոնների հետ քննարկումների շարքի նպատակն է խթանել մարզերում բնակվող երիտասարդների համար կենսական հարցերի վերաբերյալ իրազեկությունը, աջակցել երիտասարդներին բարձրաձայնել առկա խնդիրների մասին և գտնել հնարավոր լուծումները՝ համագործակցելով պետական կառույցների հետ:

Փառանձեմ Ավագյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-թարգմանիչ

Հեղինակի հետ կապ հաստատելու համար գրե´ք parandzemavagyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Նոր քաղաքապետ, թե՞ նոր ավագանի
11.07.2018
11:00
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնելուց հետո ապագա քաղաքապետի ընտրության հետ կապված անորոշ իրավիճակ է ստեղծվել։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ